Ինչո՞ւ է հունգարական Wizz Air լոուքոսթերը գերադասում դատարկ թռիչքներ իրականացնել
Մարտի 20-ին Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն հպարտությամբ ազդարարեց, որ հերթական լոուքոսթ ավիաընկերությունը կատարեց իր առաջին թռիչքները: Խոսքը Երևան-Վիեննա և Վիեննա-Երևան չվերթերի մասին է:
«Ս.թ. մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,- գրված էր Քաղավիացիայի պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, ոչ մի բացատրություն չտրվեց առ այն, որ այդ պահի դրությամբ արդեն կորոնավիրուսային ակտիվ գոտի հայտարարված ու անգամ պարետ Տիգրան Ավինյանի կողմից ռիսկային համարվող 16 երկրների մեջ ներառված Ավստրիա թռիչքներ իրականացնելը որքա՞ն էր նպատակահարմար: Չխոսվեց նաև այն մասին, թե ի՞նչ արեցին ժամանած 14 քաղաքացիների հետ մեր իշխանությունները, բայց այժմ ուշադրություն դարձնենք իրենց իսկ հաղորդագրության մեջ նշված թվային ցուցանիշներին:
Ինչպես տեսնում ենք, հունգարական Wizz Air լոուքոսթը գերադասում է թռիչքներն իրականացնել դատարկ օդանավերով՝ այսպես ասած՝ «գցելով» իր ուղևորներին, որովհետև շատ նախապես տոմսեր գնած ուղևորներ պարզապես ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով` հրաժարվել են այդ ուղևորություններից:
Ի՞նչ է ստացվում: Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման դեմ, երկրները փակում են սահմանները, ավիաընկերությունները դադարեցնում են չվերթերը, փոխհատուցում են քաղաքացիներին նախապես ձեռք բերված ավիատոմսերի համար։ Սակայն սա վերաբերում է բացառապես սրտացավ և իրենց ուղևորների անվտանգության մասին անհանգստացող ավիաընկերություններին։ Իսկ օրինակ, Wizz Air բյուջետային ավիաընկերությունը, որը մարտի 20-ին մեկնարկեց Վիեննա-Երևան չվերթերը, նախընտրում է 200 տեղանոց օդանավով դատարկ թռիչքներ իրականացնել, միայն թե քաղաքացիներին չփոխհատուցի նախապես ձեռք բերած տոմսերի համար։
Բանն այն է, որ տոմսն ավիաընկերության և ուղևորի միջև ուղևորային փոխադրման ծառայությունների իրավունք շնորհող օդային փոխադրման պայմանագիր է, որով և սահմանված են այն կետերը, թե ո՞ր դեպքում է ավիաընկերությունը պարտավորվում փոխհատուցել գնված ավիատոմսերի համար։ Իսկ այս դեպքում, քանի որ ավիաընկերությունը փաստացի չի դադարեցնում չվերթերը, հետևաբար՝ չի էլ պարտավորվում փոխհատուցում իրականացնել: Փոխարենը՝ նախընտրում է թռիչքներն իրականացնել առանց ուղևորների, առանց առանձնապես ավիավառելիքի ծախսի, ունենալ գերշահույթ, իսկ ուղևորներին և, հատկապես, ՀՀ քաղաքացիներին, ովքեր ամիսներ առաջ ձեռք բերված տոմսերով ստեղծված իրավիճակում չեն կարող ճամփորդել, չվերադարձնել տոմսերի գումարները։
Իրե՞ն ինչ, միևնույն է, ինքը գումար չի կորցնում: