ԱՄՆ-ը Արցախին այլևս չի օգնի. Երևանից հնչող որոշ հայտարարություններ անպատասխան չմնացին. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ը Արցախին այլևս օգնություն չի տրամադրի. նախագահ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել վերացնել Արցախին տրվող 1.5 միլիոն դոլարի աջակցության ծրագիրը:

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող այս ուղիղ օգնության նպատակն էր՝ աջակցել  Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ը նման որոշում փորձում էր կայացնել շատ ավելի վաղ, և ընթացող բոլոր զարգացումները տանում էին հենց դրան:

Ըստ Սարգսյանի՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար տրվող գումարների ծավալի կրճատման մասին խոսակցություններն ավելի վաղ էին սկսվել, ու հիմա ծրագրի դադարեցումն ինչ-որ առումով պատասխան է՝ Հայաստանի իշխանության որոշ քայլերի և որոշ քաղաքական որոշումների:

«Խոսքը գնում է Սիրիայում մեր ներգրավվածության, Երևանից հնչող որոշ հայտարարությունների մասին, որոնք ամերիկյան իշխանությունների սրտով չեն  եղել: Բոլորս հիշում ենք վարչապետ  Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններ, որոնք  նա արեց դեռ մեկ տարի առաջ, և դրանք չօգնեցին մեր լոբբիստներին, որպեսզի նրանք կարողանան ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող օգնության համար առավել ակտիվ աշխատել»,- ասաց  Սարգսյանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից կայացված այս որոշմանը նպաստեց  նաև  ամերիկյան ընդհանուր արտաքին օգնությունների կրճատմանը միտված քաղաքականությունն ու ադրբեջանցիների լոբբիստական ակտիվ աշխատանքն Անվտանգության խորհրդում:

Սուրեն Սարգսյանն առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունները.

«Վարչապետը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներին երբեք որևէ իշխանություն այնքան չի քննադատել, որքան ինքը: Հայտարարեց նաև, որ Նահանգները զրոյական աջակցություն է ցուցաբերել հետհեղափոխական Հայաստանին: Այս հայտարարություններն ԱՄՆ-ում ֆիքսվում են, և, եթե ոչ անմիջապես, ապա որոշակի ժամանակ անց ունենում են արձագանքներ: Ես չեմ պնդում, որ օգնության կասեցման պատճառը հենց այս հայտարարություններն են, բայց որ դրանք եղել են մեր աշխատանքներում խոչընդոտող գործոններ, դա այդպես է»:

Ս. Սարգսյանի խոսքով՝ եթե եղել է մեկը, որը «կռիվ է տվել» ԱՄՆ-ի կողմից այս որոշման չկայացման համար, ապա եղել են Հայ Դատի գրասենյակն ու ԼՂՀ ներկայացուցչությունը Վաշինգտոնում:

Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ քանի որ ԱՄՆ-ը ՀՀ-ից զատ միակ պետությունն էր, որն օգնություն էր ցույց տալիս Արցախին, ուստի այդ ծրագիրն ուներ նաև աշխարհաքաղաքական նշանակություն:

«Ես չեմ կիսում այն հիմնավորումը, թե ականազերծման աշխատանքներին տրվող ֆինանսավորումը դադարեցվում է, որովհետև ականներն այլևս հանված են: Այդ դեպքում կֆինանսավորեին այլ ծրագիր, եթե ունենային ցանկություն: Օրինակ՝  ժամանակին ֆինանսավորեցին Ստեփանակերտը խմելու ջրով ապահովելու ծրագիրը, հետևաբար՝ հիմա էլ կարող էին գումարն այլ մարդասիրական ծրագրերի ուղղել, ինչը, սակայն, չարեցին»,- ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը՝ նշելով, որ, ի տարբերություն Արցախի, ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացվող ծրագրերի ֆինանսավորման հարցում, այդ թվում և՝ անվտանգության ոլորտում, որևէ փոփոխություն չի արել:

Սարգսյանը նաև ընդգծեց, որ Արցախին հատկացվող աջակցության դադարեցումը դարձավ նախադեպ, և, երբ նման ծրագրերը վերանում են, հետո շատ դժվար է լինում դրանք վերականգնելը:

«Կարծում եմ՝ այն վերականգնել հնարավոր կլինի ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարության  դեպքում՝ այն ժամանակ, երբ նոր վարչակազմի առաջնահերթություններն  այլ կլինեն»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս