«Քանի դեռ ես զբաղվում եմ այդ գործով, չեմ կարող հրապարակային դիրքորոշում հայտնել, որը կտարբերվի իմ վստահորդի դիրքորոշումից». Գևորգ Գյոզալյանը` Արսեն Թորոսյանի հայտարարությունների մասին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Արսեն Թորոսյանը, պարզվում է, համաձայն չէ վճռի հետ:

Ֆեյսբուքի իր էջում նա ուղիղ եթերով հայտարարեց, որ հանրությունը շարունակում է չվստահել Հայաստանի դատական համակարգին:

Ըստ վճռի՝ պատասխանողներ Արսեն Թորոսյանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով պետք է ներողություն խնդրեն Արա Մինասյանից՝ տեսանյութը վերնագրելով՝ «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:

Նաև որոշվել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել պահպանել տեսանյութերը Ֆեյսբուք սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում: Դատարանը պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերի համար:

Դատարանը նաև որոշել է Արսեն Թորոսյանից և Առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի՝ բռնագանձել 12 000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին, նշվում է վճռում:

Նշենք, որ դատարանն իր վճռում ներառել է նաև Արսեն Թորոսյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած այն արտահայտությունները, որոնց համար Արա Մինասյանը դատի էր տվել  Թորոսյանին:

Դրանք են՝ «Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «…Չի դադարում էդ թալանը և, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից, և տարիներ շարունա՞կ», «Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից:

Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ», «Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից», և այլն: Ըստ դատարանի վճռի՝ Արսեն Թորոսյանը պետք է հայտարարի, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, որոնք հերքում է:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Ես ուզում եմ հայտարարել, որ դատարանի այդ վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ այդ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ: Ավելին, նորից կասեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների: Կարծում եմ, որ այս չակերտավոր հաղթանակը շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը, և ես խնդրում եմ նրան վերադառնալ Հայաստան ու պատասխանել քննչական մարմինների հարցերին: Թե չէ ստացվում է, որ ես պետք է հերքեմ, որ չարաշահումներ չեն եղել այդ ԲԿ-ում, իսկ այդ անձը թաքնվում է քննչական մարմիներից, որպեսզի չպատասխանի այդ չակերտավոր չեղած գործերի վերաբերյալ հարցերին»:

Այս եթերից հետո բուռն քննարկումներ եղան, որոնց առանցքը մեկն էր` բարձրաստիճան պաշտոնյան` նախարարը հայտարարում է, որ չի վստահում դատարաններին ու չի կատարելու դատարանի` ՀՀ անունից կայացված, օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Զարմանալի է, որ այս հայտարարությունը պատկան մարմինների կողմից որևէ ուշադրության չարժանացավ, ու չզարմանաք, որ մի օր որևէ դատապարտյալ հայտարարի, թե ինքն էլ չի ընդունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, քանի որ չի վստահում դատարաններին: Ի՞նչ կկատարվի տվյալ անձի հետ: Իհարկե, նա անհապաղ կենթարկվի քրեական պատասխանատվության դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու համար, ինչն այժմ, իհարկե, չի սպառնում նախարար Արսեն Թորոսյանին:

Գիտակցո՞ւմ են արդյոք իշխանություններն այդ հայտարարության վտանգավորության աստիճանը, թերևս՝ ոչ, այլապես արդեն առարկայական կլինեին դրա հետևանքները:

168.am-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Գևորգ Գյոզալյանին խնդրեց մեկնաբանել իր վստահորդի հայտարարությունները:

Փաստաբանն ասաց, որ ինքը նման իրավունք չունի, քանի որ նախ՝ խոսքը կոնկրետ իր վստահորդի մասին է, և քանի դեռ ինքը զբաղվում է այդ գործով, չի կարող հրապարակային դիրքորոշում հայտնել, որը կտարբերվի իր վստահորդի դիրքորոշումից:

«Այս գործով իմ կարծիքը ԶԼՄ-ի  կամ ընթերցողի համար հեղինակավոր չի լինի, քանի որ ես անմիջական զբաղվում եմ այդ գործով և սուբյեկտիվ եմ: Ընդ որում, ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ սկսած երրորդ դատից հետո` ես ի լուր հանրության բարձրաձայնել եմ, որ այս դատը քննվում է մաքսիմալ սուբյեկտիվ շահի վրա, և այս գործով դատավորները չեն եղել անաչառ, այնպես, ինչպես պահանջում է հենց իրենց առաքելությունը»,- ասաց Գևորգ Գյոզալյանը:

Մեր ճշտող հարցին, թե նկատի ունի, որ Առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչը,  Վճռաբեկը, որ անգամ վարույթ չի ընդունել բերված բողոքը, երեքն էլ սուբյեկտի՞վ են եղել, Գևորգ Գյոզալյանը պատասխանեց` այո:

Տեսանյութեր

Լրահոս