Բաժիններ՝

«Որքան հնարավոր է՝ փորձում ենք, չգիտեմ, թե ինչ արդյունք կունենա»․ Դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները՝ հեռավար ուսուցման մասին

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ դասախոսություններ են հեռարձակվելու հեռավար ուսուցմանը նպաստելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որը, ի դեպ, նախարարի խոսքով, դիտողներից ինտերնետ տրաֆիկ չի տանելու։

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք փորձում են աշխատել սոցիալական ցանցերի՝ Facebook-ի, Viber-ի միջոցով։

«Այս պահին նստած եմ համակարգչի դիմաց, հանձնարարություններ եմ տալիս աշակերտներին, կատարում են, ուղարկում, ստուգում ենք։ Այսինքն՝ վերցնենք Հայոց լեզուն․ տեսական նյութն ուղարկում եմ երեխաներին՝ սովորում են, հետո վարժությունների համարներն ենք նշում, գրում, նկարում և ուղարկում են։ Որքան հնարավոր է՝ փորձում ենք, չգիտեմ, թե ինչ արդյունք կունենա, բայց գոնե պարապուրդի չեն մատնվի»,- նշեց Ասպրամ Հովսեփյանը։

Նրա փոխանցմամբ՝ իր դասղեկական դասարանում 22 աշակերտից ընդամենը մեկը չի մասնակցում դասերին, քանի որ հաշմանդամություն ունի։ Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն էլ կոչով դիմում է ուսուցիչներին, դասղեկներին, ծնողներին և աշակերտներին՝ հորդորելով ստեղծված իրավիճակից հաղթանակած ու պարզերես դուրս գալ։ Իսկ այն ուսուցիչները, ովքեր տանը չունեն համակարգիչներ՝ տնօրենի խոսքով՝ դպրոցը կտրամադրի։

Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան հ. 82 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանն էլ հայտնեց, որ բոլորն էլ ունեն համակարգիչներ, կապ կա աշակերտների և ծնողների հետ։

«Դասերն անցկացվում են տարբեր մեթոդներով, ստեղծվել են դասարանական հարթակներ՝ մի շարք ծրագրերով, երեխաները ստանում են առաջադրանքներ։ Ուղարկվում են նաև տեսանյութեր՝ տարբեր առարկաների ծրագրային նյութերի վերաբերյալ։ Ընթերցանության համար կազմվել է գրականության ցանկ՝ ամեն տարիքային խմբին համապատասխան գործերով։ Տեղեկացրել ենք նաև, որ Հանրայինի եթերում ամեն առավոտ 8:30-9:30 և 11:30-12:40 ժամերին լինելու են դասեր՝ նախատեսված ամեն դասարանների համար։ Ինչպես նաև հետևելու են «Խնկո Ապոր» գրադարանի ամենօրյա հեքիաթի ընթերցանությանը՝ ժամը 21:00-ին։ Տարածել ենք նաև օնլայն ընթերցանության կայքէջերը, որտեղ կարելի է և՛ կարդալ, և՛ «լսել» գրքերը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս ընթացքում դասապրոցեսն ընդհատվել է, սակայն աշակերտներն ու ուսանողները կկարողանան բացը լրացնել հեռավար ուսուցմամբ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ ամեն օր Հանրային հեռուստաալիքի եթերի տարբեր ժամերի՝ 08:30-09:30 և 11:30-12:40, կլինեն տարբեր դասեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս