Ֆիլմեր, որոնք կարող եք դիտել այս օրերին. խորհուրդ են տալիս արվեստագետները
Արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներն առաջարկում են տանն անցկացվող օրերը հարստացնել տարբեր ժամանակներում նկարահանված հետաքրքիր կինոնկարներ դիտելով, որոնք կարող են դրական լիցքեր, ժպիտներ և մարդկային այլ հույզեր պարգևել: «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը կինոարվեստի երկրպագուներին խորհուրդ տվեց դիտել Չարլի Չապլինի «Նոր ժամանակներ», Արտավազդ Փելեշյանի «Բնիկներ», Ակիրա Կուրոսավայի «Մադադայո», Ֆեդերիկո Ֆելինիի «Նվագախմբի փորձը» և իր «28:94. տեղական ժամանակ» ֆիլմերը:
Խոսելով իր ժապավենի մասին՝ Սաֆարյանն ասաց, որ, ավաղ, Հայաստանում այն քչերն են դիտել, այնինչ կինոնկարը մեր ժողովրդի տոկունության մասին է, ժողովուրդ, որն ամենադժվար պահերին անգամ չի կորցնում բարոյական դեմքն ու դիմագիծը: «Ֆիլմի հերոսները կարողանում են հաղթահարել և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական դժվարությունները, և՛ իրենց առջև ծառացած խնդիրները։ Խուճապի չեն մատնվում ու պատվով են դուրս գալիս ստեղծված իրավիճակից: Այն ժամանակի փաստագրություն է, և ես չեմ ամաչում դասական կինոնկարների կողքին նաև իմ ֆիլմի անունը տալ»,-նշեց ռեժիսորը:
Ըստ նրա՝ թվարկված մյուս ֆիլմերն իրենց նշանակությամբ, գաղափարով հրաշալի են, նաև հորդորում են չմոռանալ ծիծաղել:
Երգիչ, երգահան Արամ MP3-ն ցանկալի, անգամ պարտադիր է համարում պոզիտիվ, ընտանեկան և համախմբող ֆիլմեր դիտելը: Նա ընտրությունը թողնում է արվեստասերներին՝ նշելով, որ դրական լիցքեր կարող են ստանալ՝ գրանցվելով Netflix-ում և վայելելով ընկերության առաջարկած հետաքրքիր շոու-ծրագրերը:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Գրիգոր Հակոբյանը կարծում է, որ լավ ֆիլմերը շատ են, և բավականին բարդ է դրանցից առանձնացնել միայն մի քանիսը, բայց իրեն հատկապես տպավորել է 1992 թվականին նկարահանված «Արջամկան օրը» կինոնկարը: Այն օդերևութաբան Ֆիլ Քոննորսի մասին է, որն Արջամկան օրվա ամենամյա տոնակատարությանը հայտնվում է ժամանակի հանգույցում: Վերաիմաստավորելով իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ՝ հերոսը կարողանում է գրավել սիրելի կնոջ ուշադրությունն ու դուրս գալ այդ հանգույցից:
Հակոբյանը խորհուրդ է տալիս դիտել նաև «Թրումենի շոուն», «Կին-ձա-ձա», «Դերսու Ուզալա» և «Դոգվիլ» ֆիլմերը, որոնք նույնպես չեն հիասթափեցնի արվեստասերներին:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասան Գրիգոր Խաչատրյանին հիացրել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար 2020»-ին ներկայացված մի քանի ֆիլմեր՝ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» և հարավկորեական «Մակաբույծը»:
«Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ Ամերիկյան կինոակադեմիան կրկին արժանի ֆիլմերին է մրցանակներ հանձնում: Այնուամենայնիվ, այս երեք ժապավենից պետք է առանձնացնել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը: Սիրում եմ, երբ կինոն հանելուկային հատվածներ է ունենում, սիրում եմ, որ ֆիլմ են նկարահանում նաև այն մարդկանց համար, որոնք գիտեն, թե ինչ է կինոն: Կան ֆասթֆուդային կինոնկարներ, որոնք միայն այն են, ինչ երևում է պատկերում. ոչ մի իմաստային կամ խորքային ծանրություն չունեն, իսկ «Մի անգամ Հոլիվուդում»-ը հանդիստեսից պատրաստվածություն է պահանջում: Այն նայելուց առաջ պետք է ծանոթանալ 60-ականների ամերիկյան կինոարտադրության պատմությանը, հետո միայն պարզ կդառնա ռեժիսորի մտահղացումը, նրա՝ թեմայի ընթերցումը»,-նշեց Խաչատրյանն ու հավելեց, որ ֆիլմը գրավիչ է նաև նրանով, որ անդրադառնում է դերասանի, ռեժիսորի մասնագիտություններին և ևս մեկ անգամ ընդգծում դրանց կարևորությունն ու լրջությունը:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, դերասան Հրաչյա Հակոբյանն առաջարկում է դիտել «Մեծ հույսեր», «Անպարկեշտ առաջարկություն», «Ինտերստելլար», «Հյուրանոց Մումբայ» և «Մակաբույծ» կինոնկարները: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի է արժանացել չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»: Կինոնկարում ծույլ մարդկանց ընտանիքը չի ցանկանում չարչարվել և ապրում է՝ շանտաժի ենթարկելով հարուստներին: Մի օր հետաքրքրություն դրսևորելով հերթական հարուստ մարդու հանդեպ՝ ընտանիքի անդամներն անելանելի իրավիճակում են հայտնվում:
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվում կամ չեղարկվում են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ:
Անժելա Համբարձումյան