ԿԲ նախագահ կդառնա Բաբկեն Արարքցյանի փեսան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին: Մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ հանրային տարբեր շրջանակներում շրջանառվում էին ԿԲ ապագա նախագահի մի քանի թեկնածուների անուններ։

Նրանցից առաջինը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, ով մինչեւ փոխվարչապետ նշանակվելը Ռոբերտ Քոչարյանին պատկանող Արդշինբանկի կառավարիչն էր, եւ ասում են՝ երազում է հետ գնալ բանկային համակարգ, առավել եւս՝ Կենտրոնական բանկի նախագահի եկամտաբեր ու ազդեցիկ պաշտոնին։

Մյուսը ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանն է՝ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան, որի մասին դեռ մեկ տարի առաջ էինք գրել, երբ ընտրվել էր ԿԲ խորհրդի անդամ։ Ինքը՝ Ջավադյանը, նույնպես հույս ուներ, որ կդառնա Փաշինյանի սրտի ԿԲ նախագահը, քանի որ նոր իշխանությունների բազում ձախողումների ֆոնին ԿԲ գործունեությունը եւ մասնավորապես արժույթի շուկայում ցնցումների բացակայությունը համարվում են Արթուր Ջավադյանի աշխատանքի լավագույն ցուցանիշը։

Իշխանականները հպարտանում են եւ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե իրենք կառավարել չեն կարողանում, հակադրվում են․ «Բա դոլարի կուրսը»՝ դրամավարկային քաղաքականությունը։ Ջավադյանը հույս ուներ, որ օրենքը շրջանցելու ձեւը կգտնեն, որ իր պաշտոնավարումը երկարաձգեն՝ ի բարօրություն ե՛ւ իրենց, ե՛ւ ԿԲ նախագահի։

Բանն այն է, որ չնայած ԿԲ գործող նախագահի երկրորդ ժամկետն է լրանում, եւ Ջավադյանը պաշտոնավարում է 2008-ից, իսկ Սահմանադրությամբ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԲ նախագահ, սակայն 2015-ին նոր Սահմանադրություն է ընդունվել, եւ ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ու Ջավադյանի ժամկետը պետք է հաշվարկել 2015-ից։

Սակայն ԿԲ դեռեւս գործող նախագահի հույսերը չեն արդարացել: Երեկ տեղեկացանք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողով է ներկայացրել Արարքցյանի փեսայի՝ Մարտին Գալստյանի թեկնածությունը: Առաջիկա նիստերից մեկում հարցը կքննարկվի, ապա կներկայացվի լիագումար նիստերին:

Չի բացառվում գալիք լիագումար նիստերի օրակարգ՝ հենց մարտի 23-ին, չնայած մեր աղբյուրները բացառեցին՝ ասելով, որ դեռ ժամանակ ունեն: ԿԲ նախագահի ընտրության ընթացակարգը հետեւյալն է․ Կենտրոնական բանկի նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի (ֆինանսավարկային եւ բյուջետային) առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով:

Իսկ ԿԲ-ի մասին ՀՀ օրենքով ԿԲ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Տեսանյութեր

Լրահոս