Բաժիններ՝

Սպիրտի գինը բարձրացել է նաև Կառավարության որդեգրած եկամտային հարկի համահարթեցման սխալ քաղաքականության հետևանքով. Տնտեսագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ սպիրտի գնի բարձրացմանը, որը 400 դրամից դարձել է 3800 դրամ. «Ուզում եմ ասել, որ սպիրտի գնաճը կապված է Հարկային օրենսդրության փոփոխության հետ։ Նվազագույն գին հասկացություն կա, և այն փոխվել է, գնի թանկացումը կապված է բացառապես սրա հետ։ Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով պարենային ապրանքների ընդհանուր գնաճին, մասնավորապես՝ սպիրտի գնի բարձրացմանը, նշեց, որ սպիրտի գինը բարձրացել է նաև այն պատճառով, որ Կառավարությունը որդեգրել է եկամտային հարկի համահարթեցման սխալ քաղաքականություն, որով որոշեցին նվազեցնել բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկը և դրա փոխարեն ավելացնել սպիրտի, ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը։

«Այս իրավիճակում մարդիկ լուրջ խնդիրներ են ունենում, նրանք առաջնորդվում են այն կանխավարկածով, որ սպիրտն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, և մարդիկ, օրինակ, կարող են և չգնել, բայց կան արտակարգ իրավիճակներ, երբ և՛ հարուստը, և՛ աղքատը այդ սպիրտը գնում են։ Հիմա մենք կանգնած ենք հստակ փաստի առջև՝ հարուստներն այս իրավիճակում շահեցին, քանի որ նրանց եկամտային հարկը նվազել է, և դրա հաշվին խնայողություններ ունեցան, պետությունը նրանց հարկերը զիջեց, իսկ ցածր աշխատավարձ ստացողները ոչինչ չշահեցին, ավելին՝ ստիպված են սպիրտն ավելի թանկ գնով ձեռք բերել»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը ցույց տվեց իշխանությունների ներդրած մոդելի ամբողջական ձախողված վիճակը։

Սուրեն Պարսյանը նաև ընդգծեց, որ կան պարենային ապրանքներ, որոնց ինքնաբավությունը շատ ցածր է, այսինքն՝ Հայաստանը ներկրող երկիր է, իսկ ներկրման պաշարներն անսահմանափակ չեն, ուստի դրանց գների բարձրացումը տրամաբանական է։

«Երբ վարչապետն ասում է, որ մենք մեկ ամսվա պաշարներ ունենք, պետք է փաստենք, որ հիմա, երբ մարդիկ առևտուր են անում 10-15 օրվա, երբեմն էլ մեկ ամսվա համար են անում, ինչը կտրուկ ավելացնում է պահանջարկը, իսկ դրան համապատասխան՝ առաջարկը չի ավելանում, մենք չենք կարողանում դրան համապատասխան ներմուծում անել։ Տրամաբանական է, որ դրանց գները կբարձրանան, մասնավորապես՝ գները կբարձրանան մարզերում, որտեղ ոչ միայն պաշարների նվազ քանակ կա, այլև լոգիստիկայի հարց կա՝ Երևանից հասցնելու և տեղաբաշխելու առումով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս