Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խուճապային գնումներ չանել. պահեստներում ապրանքների պակաս չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում ստեղծված գնումների ընդհանուր վիճակին։ «Երեկ այս մասին Ազգային ժողովում շատ քննարկումներ եղան, խոսվում էր այն մասին, որ սպիրտի գինը անտրամաբանական աճ է արձանագրել։ Ուզում եմ ասել, որ սպիրտի գնաճը կապված է Հարկային օրենսդրության փոփոխության հետ։ Նվազագույն գին հասկացություն կա, և այն փոխվել է, գնի թանկացումը կապված է բացառապես սրա հետ։ Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը։ Ինչ վերաբերում է նպարեղենի թանկացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ թանկացումը կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ խուճապային և ճգնաժամային գնումներ են իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին նման գնումներ չիրականացնել, քանի որ խանութները պահեստներում որևէ ապրանքի պակաս չունեն։

«Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցում առևտուրն աճել է միջինում 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը, ընդհակառակը՝ նվազել է։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ կոչ անել, որ չմոռանաք միջին և փոքր բիզնեսի մասին։ Հասկանում եմ, որ մեծ սուպերմարկետներից առևտուր անելը հարմար է, բայց փոքր ու միջին կրպակներում բազմաթիվ ապրանքներ են կուտակվել, որոնք սպառելու խնդիր ունեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ֆինանսական շուկայի վիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շուկան կայուն է, և երկրի ֆինանսական համակարգն ուժեղ ու կայուն է, մասնավորապես՝ նախորդ տարվա ցուցանիշներից հետո, երբ պահուստները հասցվել են բարձր ռեկորդային մակարդակի։ Կենտրոնական բանկն էլ, նրա խոսքով՝ մեծ արտարժույթ է գնել և պահեստավորել, ուստի այստեղ խնդիրներ չեն լինելու։ Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, վարչապետը նշեց, որ այստեղ Կառավարությունը չի ցանկանում շտապողական քաղաքականություն վարել, քանի որ անձամբ դեմ է տնտեսական նպաստին։

«Մենք ոչ թե տնտեսությանը պետք է սոցիալական նպաստ տանք, որը նրան կթուլացնի, այլ ամեն կոպեկի, լումայի հիմքում դնենք զարգացման ծրագիր։ Մենք պետք է համոզվենք, որ այդ աջակցությունների հիմքում ընկերությունները, բիզնեսը դառնալու են ավելի ուժեղ և հետագայում ավելի ինքնավստահ են գործելու։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ 2018-2019 թվականի արդյունքներով՝ Հայաստանը կուտակել է մեծ պոտենցիալ, այսպես ասած, տնտեսական ռեստարտ իրականացնելու և տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու համար։ Այս պոտենցիալը կօգնի, որպեսզի այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գանք։ Միակ նրբությունն այն է, որ մենք այստեղ պետք է կայացնենք ինֆորմացված, քննարկված և ռազմավարական խորություն ունեցող որոշումներ։ Այս կապակցությամբ օրը մի քանի քննարկումներ ենք ունենում, այսօր էլ մեծ քննարկում կլինի»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը։

Նա ուրախությամբ արձանագրեց, որ, չնայած բոլորն անհանգստացած են,  հանրապետությունում իրավիճակը հանդարտ է:  Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է, սակայն պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերը։

«Կոչ եմ անում պահպանել այս հանդարտությունը, բոլոր ուղղություններով մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, մենք պետք է պայմանավորվենք, որ այս իրավիճակը բոլորիս համար զրոյական կետ է, որից պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն։ Համոզված եմ՝ այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած և ուժեղ։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, չեմ համբուրում բոլորիդ, ձեռքով չեմ բարևում՝ կորոնավիրուսի տարածման համար։ Կորոնավիրուսը մեզ չի վախեցնի, և կորոնավիրուսով մեզ չեն վախեցնի, մեզ ոչ մեկն ու ոչինչ չի վախեցնի»,-  եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս