Բաժիններ՝

ՀՀ նախագահն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են կորոնավիրուսի տարածման առկա վիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար, որի մասին նշվել էր Մյունխենի հանդիպման ընթացքում:

ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և էլ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքները համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, ինչը հատկապես էական է Հայաստանի պարագայում: Այս համատեքստում ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում:

Հանրապետության նախագահը նշել է, որ համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով և տեղեկացրել, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն ինչպես կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններն, այնպես էլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը: Նախագահը կարևորել է նաև արդեն իսկ Հայաստանում գտնվող՝ ԱՀԿ մասնագետների խորհրդատվական գործունեությունը՝ նշելով դրա շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացումն ամբողջ աշխարհում։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դրա համար պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը խոսել են նաև նորարարության և ուսուցման միջոցով հիվանդության հաղթահարմանը, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի մշակմանն ու բուժմանն ուղղված հետազոտությունների մասին:

ԱՀԿ գլխավոր տնօրենը սիրով ընդունել է Հանրապետության նախագահի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը:

Հանրապետության նախագահը ԱՀԿ գլխավոր տնօրենին առաջարկել է Հայաստանում այս տարվա հունիսի 6-8-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակներում նրա մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ նվիրված նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նորարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը պայմանավորվել են պարբերաբար տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։

Հեռախոսազրույցին նախորդել էր Հանրապետության նախագահի զրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հեռախոսազրույցից հետո նախագահը տեղեկատվություն է տրամադրել նախարարին ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Գլխավոր տնօրենի կողմից ներկայացված առաջարկությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս