«Կորոնավիրուսով վարակվածների ավելացման դեպքում հանրաքվեն կարող է համաճարակի պատճառ դառնալ». Գագիկ Մակարյան
Վերջին տվյալների համաձայն, արդեն կորոնավիրուս կա աշխարհի 116 երկրում, վարակվածների թիվը շարունակում է մեծանալ: Աշխարհը կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու աշխատանքներին զուգահեռ՝ քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները: Տնտեսագետ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը կորոնավիրուսի տնտեսական մի քանի հետևանքներ է առանձնացնում:
Առաջին ազդեցությունը, որ նշում է տնտեսագետը, Հայաստանի արտաքին առևտրի 2 հիմնական գործընկեր երկրներում վիրուսի տարածվածությունն է: Խոսքը վերաբերում է Իրանին և Չինաստանին, որոնք, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, Հայաստանի արտաքին առևտրի ծավալների մեջ կազմում են մոտավորապես 9 %, և նրանց բաժին է ընկնում ավելի քան 560-580 մլն դոլարի տարեկան շրջանառություն:
«Հետևաբար՝ 2 երկրների կորոնավիրուսով վարակվածությունը կարող է ստեղծել մատակարարման խզումներ, և այդ երևույթներն աստիճանաբար կարծես թե նկատելի են այն առումով, որ գործող պայմանագրերը կարող են դադարեցվել, կա՛մ նոր պայմանագրեր չեն կնքվի, կա՛մ մատակարարումներ ուղղակի տեղի չեն ունենա, գործուղումներ չեն լինի՝ նոր պայմանագրեր կնքելու, նոր բիզնես համագործակցություն զարգացնելու համար: Եվ դա կարող է էականորեն, հատկապես՝ մատակարարման մասով, ՀՀ տնտեսությանը խոչընդոտել»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Կորոնավիրուսի տնտեսական հաջորդ հետևանքը, որը տնտեսագետ նշում է, Իրանի և Չինաստանի՝ էժան մատակարարող երկրներ լինելու հանգամանքն է: Այդ երկրներից ներմուծվում են էժան սարքավորումներ, տեխնոլոգիաներ, էլեկտրոնային սարքեր, հեռախոսներ, հագուստ, պլաստիկ հումք, լվացման միջոցներ, սննդի տեսակներ, անձեռոցիկներ, կենցաղային առարկաներ:
«Քանի որ Հայաստանն ունի աղքատության և գործազրկության խնդիրներ, որոնք շարունակում են մնալ, և հետևաբար՝ շատ միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ իրենց առևտուրը, իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են նաև այդ երկրներից բերված ապրանքները վերավաճառելով, ապա տնտեսական առումով դա կարող է ունենալ էական ազդեցություն՝ թե՛ քաղաքացիների գրպանի համար, և թե՛ միկրո և փոքր բիզնեսի տեսանկյունից»,- նշեց տնտեսագետը:
Տնտեսության վրա կորոնավիրուսի հաջորդ հետևանքը, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ տուրիզմի նվազումն է: Նրա բնորոշմամբ՝ ինչպես Իրանից ու Չինաստանից, այնպես էլ աշխարհի այլ երկրներից տուրիզմի նվազումն անմիջապես կանդրադառնա միկրո և փոքր բիզնեսի, առավել ևս՝ ծառայությունների ոլորտի վրա:
«Եթե մեր ՀՆԱ-ի մեջ ծառայությունների ոլորտն ունի էական դերակատարություն՝40% և ավելի, ապա, կարծում եմ, որ այս տարի մենք նաև այստեղ նվազումներ կունենանք»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը պետք է կորոնավիրուսի կանխարգելիչ քայլեր կատարեր, որը, տնտեսագետի խոսքով, դեռ հստակ նկատելի չէ:
Գագիկ Մակարյանը կանխարգելիչ քայլերի մի քանի առաջարկ ունի: Նրա խոսքով՝ կառավարությունը կարող էր, օրինակ, ՊԵԿ մաքսային բաժնից տեղեկանալ, թե մատակարարումներն Իրանից և Չինաստանից հատկապես որ տարածաշրջանից են կատարվում, ճշտել, թե արդյոք այդ տարածաշրջանները կորոնավիրուսի համար կրիտիկական զոնանե՞ր են, թե՞ ոչ, այդկերպ որոշակի կարգավորում իրականացնել:
Հաջորդ առաջարկը վերաբերում է դեսպանություններին և Էկոնոմիկայի նախարարությանը: Տնտեսագետի խոսքով՝ այս կառույցները կարող են հանդիպումներ կազմակերպել բիզնեսի ներկայացուցիչների կամ բիզնեսի շահերը պաշտպանող ասոցիացիաների, միությունների հետ՝ հասկանալու համար, թե որ երկրները կարող են ալտերնատիվ լինել ներմուծման համար:
Տնտեսագետի հաշվարկներով՝ կորոնավիրուսի բուժման արդյունքները նկատելի կլինեն աշնանը:
Այդուհանդերձ, տնտեսագետը վստահ է, որ կառավարությունը պետք է փորձի իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն: Գագիկ Մակարյանի խոսքով՝ պետությունը նախ կարող է խթանել սեփական ազդեցությունը, ինչպես նաև, ըստ նրա՝ եթե Հայաստանը կարողանա կորոնավիրուսի կանխարգելման ճկուն կանխարգելիչ գործառույթներ իրականացնել նոր քանակների տարածման գործում, ապա Հայաստանը կարող է տուրիզմի համար դառնալ հետաքրքիր գոտի:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ ՀՀ քաղաքացիներն ամեն տարի Վրաստանում ծախսում են մոտ 250 մլն դոլար, ու հիմա, նրա ենթադրությամբ, քաղաքացիները չեն մեկնի Վրաստան, հետևաբար՝ այդ գումարների մի մասը կծախսվեն ՀՀ-ում:
Տնտեսագետի բնորոշմամբ՝ մեծ է նաև աշխատանքային միգրացիայի խնդիրը: Այս ամիսներին սովորաբար հայերը մեկնում են արտերկիր՝ աշխատելու: Արդյունքում՝ աշխատանքային միգրանտները չեն մեկնի, ու դրսից եկող տրանսֆերները կարող են նվազել:
Ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի վրա անպայման կլինի՝ վստահեցնում է տնտեսագետը:
«Կարծում եմ՝ տնտեսական աճն անպայման կնվազի: Բայց կարող է նաև նույն թիվը լինել: Այստեղ խաբուսիկ պահ կա, որովհետև տնտեսական աճի ցուցանիշը փոքր է ներկայացված, ինքը տեղ ուներ ավելի լինելու»,- ասաց Մակարյանը:
Տնտեսագետը կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանալու է, քանի որ հանգստի, աշխատանքի կամ ուսման պատճառով Հայաստանից դուրս գտնվող հայերը, ի վերջո, վերադառնալու են, և բացի այդ, ինչպես Մակարյանն է նշում, հայերս կենցաղում մաքրասեր չենք:
Տնտեսագետի մյուս անհանգստությունը վերաբերում է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին: Գագիկ Մակարյանի խոսքով՝ զանգվածային հավաքները ռիսկային են, հետևաբար՝ հանրաքվեի հարցում պետք է կրկին հաշվարկներ անել:
«Կարծում եմ, որ հանրաքվեի հարցում պետք է կրկին շատ բծախնդիր հաշվարկներ կատարել, որովհետև կորոնավիրուսի քանակի ավելացման դեպքում ինքը կարող է համաճարակի պատճառ դառնալ, որովհետև այդ օրը, եթե մենք հաշվենք 2.6 միլիոն պոտենցիալ ընտրողը, մոտ 2500 ընտրատեղամասը, ամեն մեկում օրը միջին հաշվով 1000 մարդ պետք է մտնի, դուրս գա, եթե նույնիսկ 1 մլն մարդ էլ գնա, մի քանի հարյուր մարդու մտնել-դուրս գալը, այդքան բաների ձեռք տալը, շփվելը, տրանսպորտը, հանդիպելը, բարևելը, գործիքներին ձեռք տալը ռիսկային է»,- ասաց Գագիկ Մակարյանը: