«Չավուշօղլու-համանախագահներ հանդիպումը կանխարգելիչ բնույթ ուներ. Էրդողանի Բաքու այցից հետո կարող է ստանանք 2016-ի ապրիլի 2-4». Թևան Պողոսյան
Մոտ մեկ շաբաթ առաջ սիրիական լարվածության ֆոնին Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Լրագրողների հետ հանդիպմանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Չավուշօղլու-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպումը որակեց կանխարգելիչ:
«Երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, և Էրդողանն այցելում է Բաքու ու այնտեղ ինչ-ինչ հայտարարություններ անում, դրանից հետո մենք կարող է այստեղ ստանանք 2016-ի ապրիլի 2-4: Այն ժամանակ մեղադրում էինք համանախագահներին, հիմա կա պլանային գաղափար, բայց կա նաև գաղափար, որ գնում և հանդիպում են, քանի որ մեկ անգամ չէ, որ հանդիպել են Թուրքիայի հետ և այդ հարցերը քննարկել: Տարածաշրջանի զարգացումներից և անվտանգությունից ելնելով՝ չեմ զարմանա, որ նույն համանախագահներին է պետք եղել այդ օրը գնալ այնտեղ, հանդիպել և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի վրա մատ թափ տալ՝ չմտածես հանկարծ, ո՛չ այնտեղ ես անելու, ո՛չ այնտեղ: Որևէ մեկի համար սրացման նոր օջախ պետք չի, ուստի այդ հանդիպումը, կարելի է ասել՝ կանխարգելիչ էր: Ես հասկանում եմ, որ քաղաքական իմաստով կարելի է այսպես կամ այնպես մեկնաբանել, բայց իմ պատկերացմամբ, ավելի շատ այս մի դաշտի մեջ է»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը 168.am-ի հետ զրույցում հարցին՝ հայկական կողմը տեղյա՞կ է եղել Չավուշօղլու-համանախագահներ այցի մասին, նշել էր.
«Կողմերը, ընդհանուր առմամբ, տեղեկացված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային պլանի մասին, որը ներառում է նաև նրանց շփումները տարբեր ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային կառույցների հետ»: