«էսօր վազում եք եվրոպաներ, ում կոշիկը տեսնում՝ լիզում եք, էդպես մինչև կյանքներիդ վերջ լիզելու եք». Նիկոլ Փաշինյան
«Վերջին 3 օրերի ընթացքում ոմանց երազանքները փշուր-փշուր եղան, քանդվեցին, որովհետև նրանց թվում էր, որ հեղափոխությունից անցել է երկու տարի, և ժողովուրդը հիասթափվել է, բայց չէ՞ որ ժողովուրդը չի՛ կարող հիասթափվել մի պարզ պատճառով, որովհետև հետղափոխության արդյունքում մենք չենք եկել իշխանության, հեղափոխության արդյունքում դուք եք եկել իշխանության»,- այս մասին այսօր Վայքում ընթացող «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ընդամենը վարձու աշխատողներ ենք, որոնք ընտրված են ձեր կողմից՝ ինչ-որ աշխատանք կատարելու համար։ Կա՞ տեսական հնարավորություն, որ մենք այդ աշխատանքը վատ կկատարենք, իհարկե կա։ Երբ վատ կկատարենք, և դուք կհամարեք, որ մենք մեր աշխատանքը լավացնելու բոլոր հնարավորությունները սպառել ենք, մեզ կազատեք աշխատանքից և ձեզ համար կընտրեք ավելի արդյունավետ կառավարություն։ Սա է ամբողջ իմաստը էս քաղաքական գործընթացի, ուստի հիմա սրանից ինչպե՞ս կարող է հիասթափվել ժողովուրդը, ինչպե՞ս կարող է տանտերն ասի՝ չէ՛, ես չեմ ուզում տանտեր լինեմ, ուզում եմ լինել տնվոր, ինչպես հեղափոխությունից առաջ։ Չէ՛, չի կարող նման բան լինել։ Այո՛, կառավարությունից կարող են հիասթափվել, և այդ ժամանակ ընտրելու են նոր կառավարություն, բայց ես բացառում եմ, որ էս ժողովուրդը համաձայնվի, որ իրեն թալանածները երբևէ գան իշխանության»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց վարչապետ Փաշինյանը՝ հարց ուղղելով քաղաքացիներին։
«Դուք նման բանի կհամաձայնե՞ք, ժողովուրդ ջան։ Եվ Սահմանադրական դատարանը սրա հետ ունի ուղիղ կապ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավորները բոլորը պետք է հրաժարականներ տային հեղափոխությունից հետո և քսան քանի տարի նախորդ կոռումպացված իշխանության պատվերները կատարած մարմինը պետք է հասկանար, որ հեղափոխությունը նաև իրենց պատճառով և իրենց դեմ է։
«Այն անարդարության աղաղակող մթնոլորտը, որը հաստատվել էր, դրա մեծագույն մեղավորը նաև Սահմանադրական դատարանն է, որովհետև դուք քվեարկել եք մի բանի օգտին, բայց ներկայացրել են այլ բան։ Քաղաքացին իրեն անպաշտպան է զգացել, և դրա մեծագույն հովանավորը այդ Սահմանադրական դատարանն է։ Այդ դատարանը չի նկատել ընտրակեղծիքները, կաշառքները, ահաբեկումները, մարդկանց ահաբեկելը, դրանով ձայներ հավաքելը, ուստի այդ ՍԴ-ն տեղ չունի այն Հայաստանում, որը ազատ է։ Դուք պետք է գնաք ապրիլի 5-ին և դա հաստատեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորները մինչև հիմա հրաժարական չեն ներկայացրել, որովհետև նրանց նախկին շեֆերը կոչ են արել՝ չգնալ և սպասել։
«Ասել են՝ էս ա, աշնանը մի բան լինելու է, ասել են՝ էս ա ցրտերը կընկնեն, ձմեռը մի բան կլինի, չի եղել, ասել են՝ սպասեք, էս ա գարունը կգա, է սա մի բան կլինի, պատերազմ կլինի։ Ասում եմ՝ 2-3 տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են պատերազմով վախեցնում։ Ասում են՝ Փաշինյանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում ու էս ա պատերազմ կլինի, բա եթե դուք ճիշտ քաղաքականություն էիք վարում, էնպես անեիք, 2016 թվականի պատերազմը չլիներ, եթե էդպես հմուտ դիվանագետներ էիք։ Ձեր դիվանագիտությունն ի՞նչ ա եղել՝ ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, բոլորի կոշիկները լիզել եք, այ անինքնասերներ։ Ողբերգությունն այն է, որ դուք լիզել եք մեր անունից։ Բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը, դուք լիզել եք ու լիզելու եք։ Այսօր էլ եք վազում եվրոպաներում, մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք, լիզում եք, այ էդպես էլ մինչև կյանքներիդ վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողներ»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում