Համաշխարհային տնտեսության ռիսկերն ահագնանում են, իսկ ՀՀ կառավարությունը բուկլետ է բաժանում
Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները։ Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ նավթի գները։ Գահավիժում է ռուսական ռուբլին՝ աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին։
Շաբաթը մեկնարկեց նավթի շուկայի փլուզմամբ։ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի բորսայում սակարկությունների ընթացքում ընկավ 42,6 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 31,74 դոլարի: WtI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկավ 48,9 տոկոսով՝ տատանվելով 27-28 դոլարի շրջակայքում։
Գնանշումները փլուզվեցին այն տեղեկությունների ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ ՕՊԷՔ+-ի մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանումը նվազեցնելու շուրջ։ Դա խուճապ է առաջացրել շուկայում, ինչի հետևանքով, որոշ գնահատումներով, առաջիկայում նավթի գները կարող են իջնել բարելի դիմաց ընդհուպ մինչև 15-20 դոլարի։
Նավթի շուկայի փլուզումը հանգեցրեց ռուսական ռուբլու հերթական գահավիժման։ Չնայած այն ավելի վաղ էր սկսել արժեզրկվել, այնուհանդերձ վերջին իրադարձությունների ֆոնին արագորեն կորցրեց քաշը։
Ռուբլու գինը կտրուկ ընկավ նաև Հայաստանի ֆինանսական շուկայում։ Այժմ այն տատանվում է 6,6-6,9 դրամի սահմաններում։ Մինչդեռ անցած շաբաթվա վերջին գերազանցում էր նույնիսկ 7,2 դրամը։ Չհաշված, որ տարեսկզբին շատ ավելի բարձր էր և հասնում էր մինչև անգամ 7,9-8 դրամի։ Դժվար չէ նկատել այն հսկայական տարբերությունը, որն արձանագրել է ռուբլու փոխարժեքը տարեսկզբից մինչև այժմ։
Այն, որ ռուսական արժույթի արժեզրկումից Հայաստանի տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ կորուստներ են ունենում, նորություն չէ։ Նախկինում նման իրավիճակների բազմիցս հանդիպել ենք։ Այսօր էլ բան չի փոխվել։ «Հեղափոխությունից» հետո էլ մեր շատ ու շատ հայրենակիցներ իրենց ապրուստը վաստակում են Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի միջոցով։ Նրանց և նրանց ընտանիքների եկամուտները ձևավորվում են հիմնականում ռուսական ռուբլով։ Ռուբլու արժեզրկման հետևանքով նրանք գումարներ են կորցնելու և ոչ պակաս փոքր գումարներ։ Սա նաև սոցիալական լարվածության ռիսկեր է պարունակում։
Բայց խնդիրը միայն դա չէ։ Նավթի գների փլուզումը կարող է հերթական ծանր հարվածը լինել Ռուսաստանի տնտեսության համար։ Եթե այս իրավիճակը երկար պահպանվի՝ դրա հետևանքները զգալու են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև տնտեսությունը։ Լինելով մեր երկրի հիմնական առևտրատնտեսական գործընկերը՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացումն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա։ Դա սովորաբար արտահայտվում է մի քանի ուղղություններով։
Նվազելու են ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները։ Որքան էլ Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի տրանսֆերտային շուկայում վերջին տարիներին կրճատվել է, այնուհանդերձ այն այսօր էլ շարունակում է ամենամեծ տեսակարար կշիռը կազմել։ Տարեկան այդ երկրից Հայաստան է գալիս ավելի քան 1 մլրդ դոլարին համարժեք գումար։ Նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը և մեր հայրենակիցների եկամուտների նվազումը հանգեցնելու է տրանսֆերտների կրճատման։
Տնտեսության մեջ դա արտահայտվելու է, առաջին հերթին՝ արտահանման կրճատման տեսքով։ Մեր արտահանման գրեթե 27-28 տոկոսը մտնում է ռուսական շուկա։ Ռուբլու արժեզրկումը նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակությունը։ Կրճատվելու է նաև ռուսական շուկայի սպառողական պահանջարկը։
Ներդրումների մասին չենք խոսում, որովհետև Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումներն իշխանափոխությունից հետո առանց այն էլ երևելի ակտիվություն չէին ցուցաբերում։ Չնայած, եթե այս իրավիճակը երկար պահպանվի, ապա գուցե և դրանք էլ դադարեն։
Դժվար է ասել, թե համաշխարհային շուկաներում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ որքանո՞վ են կապված Հայաստանի արժութային շուկայի դրսևորումները, բայց այստեղ ևս սկսել են նկատվել որոշակի անհանգստություններ։ Մասնավորապես, սկսել են թանկանալ դոլարը և եվրոն։ Բարձրացել է՝ ինչպես գնման, այնպես էլ՝ վաճառքի գինը։ Մեծացել է նաև գնման և վաճառքի գնի տարբերությունը, ինչը տեղի է ունենում հիմնականում շուկայի մասնակիցների անհանգստությունների և սպասումների ժամանակ։
Իհարկե, համաշխարհային շուկաներից Հայաստանի տնտեսության ռիսկերը ոչ միայն անուղղակի են, այլև ուղղակի։ Վերջիններս կապված են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի գների հետ, որոնք այս տարի հասցրել են բավականաչափ նվազել։ Պղինձը հունվարից մինչև այժմ էժանացել է տոննայի հաշվով շուրջ 800-900 դոլարով։ Գոնե լավ է, որ, բացառությամբ Թեղուտի, հանքարդյունաբերության ոլորտի հայկական մյուս ընկերությունների համար այսօր գործող գները դեռևս տանելի են։ Բայց դրանց նվազման հետևանքով այդ ընկերությունները բավական լուրջ կորուստներ են ունենում։ Ու այդ կորուստները փոխհատուցելու համար երբեմն գնում են ընդերքի արդյունահանման ծավալների ավելացման։
Նշենք, որ այս տարվա հունվարին ընդերքի ոլորտում արձանագրվել է ռեկորդային բարձր աճ։ Այն հասել է գրեթե 39 տոկոսի։
Համաշխարհային տնտեսության մեջ ու միջազգային շուկաներում տեղի ունեցող այսպիսի անհանգստությունների պայմաններում՝ փոխարենը մտածելու, թե ինչ կարելի է անել այդ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով երկիրը դուրս բերելու համար, մեր կառավարությունն արձակուրդ է գնում, որպեսզի զբաղվի «Այո»-ի քարոզարշավով։
Երևի պետք է գոհ լինենք, որ համաշխարհային այս անհանգստությունների պայմաններում գոնե Կենտրոնական բանկը մի կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։
«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն՝ ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարել է Կենտրոնական բանկը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ