Միայնակ քարոզիչը

Չնայած դեռևս փետրվարի 17-ից ԿԸՀ-ն հայտարարել էր, որ մեկնարկում է Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը, սակայն այսօր մեկնարկեց «Այո»-ի քարոզչության ակտիվ փուլը։ Ինչպես և կանխատեսելի էր, քարոզարշավի մեկնարկը տրվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ (օրեր առաջ այդ մասին անձամբ հայտարարել էր ինքը՝ Փաշինյանը)։ Դեռևս հանրաքվեի մասին խոսակցությունների սկզբից խոսվում էր, որ Փաշինյանը ոչ ոքի չի վստահի նման պատասխանատու գործը, մանավանդ, երբ հանրաքվեի թեման սեփական վարկանիշի և ողջ թիմի վստահության մասին է։

Շատ է խոսվել այն մասին, որ հանրաքվեն վերածվելու է թշնամանքի, ատելության քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետևանք չի մնալու. այն կարող է երկար և ավերիչ ազդեցություն ունենալ։ Այսօր ականատես ենք լինում, թե ինչ բացահայտ քաղաքական տեքստեր է հնչեցնում Փաշինյանը՝ «ժողովրդին կեղեքել են 20 տարի», «ՍԴ-ն այս կազմով անելիք չունի», «ՍԴ այս կազմը նախկին ռեժիմի վերջին հենարանն է», «Ոչ-ի քարոզչության թիկունքում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը», և այլն. ատելություն ու ժողովրդին գրգռելու հերթական գործընթաց։ Փաշինյանն արդեն իսկ հասկանում է, որ պետք է իր քաղաքական թիմին ամբողջությամբ մոբիլիզացնել և տեղում հանրության հետ բացատրական աշխատանք տանել, սա ավելի շատ Նիկոլի վստահության հանրաքվեն է, և պատահական չէ, որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի բոցաշունչ ճառեր է հնչեցնում՝ փորձելով մտնել երկու տարի առաջվա «կամուֆլյաժով Նիկոլի» կերպարի մեջ։

Տեղի ունեցող զարգացումներից այնպիսի տպավորություն ենք ստանում, որ ՀՀ-ում իշխող ուժի մեջ աշխատող այլ պաշտոնյաներ, կառույցներ գոյություն չունեն ու որևէ խնդրի շուրջ առաջընթաց է արձանագրվում միայն այն բանից հետո, երբ դրան միջամտում է վարչապետը: Նույնը տեսնում ենք քաղաքական պատասխանատվության դեպքում։ Ըստ էության պետք է արձանագրենք, որ անցած երկու տարիներին իշխանության վարկանիշը բնական անկում է արձանագրել, մյուս կողմից՝ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ մի թիմ, ու առաջիկա քարոզարշավի ժամանակ նրա թիկունքն այնքան էլ ամուր չէ, այլ խոսքով՝ վարչապետը հույսը պետք է դնի բացառապես իր վրա։

Կարող ենք վստահաբար ամրագրել, որ Փաշինյանն ու թիմակիցներն ամեն ինչ անելու են, որ քարոզարշավի ընթացքում շատ ակտիվ լինեն, հանրաքվեի կարևորության մասին խոսեն անընդհատ, երկխոսեն հասարակության հետ, ներկայացնեն դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը երկրի, վաղվա օրվա, ապագայի օրակարգի համար։

Իշխանություններն իրենց սպասարկող կեղծ լուրերով արդեն այնպիսի թեզեր են շրջանառում, ըստ որի՝ «ով Սահմանադրական հանրաքվեին «ոչ» կասի, կհամարվի ազգի դավաճան». սա հերթական անգամ հանրության վրա հոգեբանորեն ճնշում գործադրելու մեթոդ է։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում անընդհատ հրապարակավ հայտարարում էր, թե  ընտրությունները կեղծվել են, բաժանվել է ընտրակաշառք, և այլն, հիմա ինքն ընտրել է ժողովրդին ընկճելու և արհեստական կաղապարելու մեթոդը․ քաղաքացին բարոյահոգեբանական կաղապարի մեջ է դրվում, և կոնկրետ հրամայվում  է«Այո» քվեարկել։

Քարոզարշավի բաղադրիչների հարցում ևս իշխանությունները դիմել են փոքրիկ խորամանկության․ ինչպես հայտնի է՝ «Այո»-ի քարոզչական բուկլետը հատուկ ստեղծվել է ՀՀ անձնագրի տեսքով, ինչն առաջին հայացքից իրոք կրեատիվ տարբերակ է, միաժամանակ՝ տպավորիչ․ այս կերպ իմիտացիա է ստեղծվում, որ հանրաքվեին «Այո» ասելով՝ մարդը ստանում է «նոր անձնագիր», և ըստ այդմ՝ դառնում «նոր Հայաստանի» քաղաքացի։ Սա բավական տպավորիչ է, սակայն կա բուկլետի հետ կապված ևս մի գաղտնի քայլ, որը ցանկացած մարդ կկիրառի ենթագիտակցորեն․ որպես կանոն, ցանկացած ընտրության ժամանակ բուկլետներ և քարոզչական այլ պարագաներ են բաժանվում, և, համաձայնեք, որ բուկլետների հիմնական մասը շատ արագ նետվում են աղբամանները, իսկ իշխանությունները մտածել են այնպես, որ «անձնագիր-բուկլետի» դեպքում այն աղբաման նետելը մի տեսակ վիրավորական կլինի հենց պետության սիմվոլի նկատմամբ, և սա ստիպում է մարդանց դա պահել իրենց մոտ։ Սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս ականատես եղանք աղբամանը նետված բուկլետների հերթական չափաքանակին։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս