ՀՀ տնտեսական քաղաքականությունն անորոշ է ՓՄՁ-ների համար. Տիգրան Ջրբաշյան

«Ամերիա» ՓԲԸ-ն 2019 թվականին հետազոտություն է կատարել  փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի վերաբերյալ՝ ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները գնահատելու համար: Առաջին հետազոտությունը ընկերությունը կատարել էր 2013 թվականին: «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ հիմա փորձում են հասկանալ, թե այս ընթացքում ինչ է փոխվել, ինչ նոր զարգացումներ կան ու ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել:

«Դրա հետ կապված կարևոր է, որ կիրառված հարցման մեթոդաբանությունը թույլ է տալիս համեմատական վերլուծություն անել և գնահատել ազդեցությունը և այսօրվա իրավիճակը ՓՄՁ ոլորտի: Ընդհանրապես պետք է ասել, որ ՓՄՁ ոլորտը մեր երկրում ամենախոշորն է: Ցավոք սրտի, լավ չենք պատկերացնում՝ ինչ է այն իրենից ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Առաջին խնդիրը, որ Ջրբաշյանը մատնանշեց, կապված է ՓՄՁ-ի սահմանման հետ: Ըստ նրա՝ պետական և մասնավոր հատվածը տարբեր կերպ են սահմանում ՓՄՁ-ն, ինչն էլ խնդիր է առաջացնում:

«Չնայած օրենքով սահմանված ունենք չափանիշերը, սակայն տարբեր պետական մարմիններ տարբեր ձևակերպումներ ունեն, ինչի արդյունքում բավական դժվար է պետական քաղաքականության իրականացումն այս ոլորտում, որովհետև ՊԵԿ-ը մի ձևակերպում ունի և հարկահավաքման ժամանակ ՓՄՁ-ն մի ձև է հասկանում, բանկային ոլորտն ընդհանրապես բավական խնդրահարույց է ձևակերպման մասով, որովհետև փաստորեն տարբեր բանկեր տարբեր ձևով են ձևակերպում ՓՄՁ-ն: Հետևապես այստեղ խնդիր կա նաև հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում այդ ոլորտը, ինչ սպասումներ ունի, ինչպիսի ներդրումներ է իրականացնում և ինչպիսի ակնկալիք ունի առաջիկա տարիներին»,- նշեց Տ. Ջրբաշյանը:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենի խոսքով՝ հետազոտության ընթացքում նաև փորձել են հասկանալ այն խնդիրները, որոնց բախվում է ՓՄՁ-ն: Ըստ նրա՝ տարիներով, անգամ տասնամյակներով ձևավորված որոշակի ստերեոտիպեր կան ՓՄՁ-ների ոլորտի խնդիրների մասին: Հետազոտությամբ «Ամերիա» ՓԲԸ-ն փորձել է օժանդակել նաև այն բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են ՓՄՁ ոլորտով՝ բանկերին, ապահովագրական ընկերություններին, միջազգային ֆինանսական կառույցներին, պետական քաղաքականություն իրականացնող մարմիններին:

Հիմնական խնդիրներին անդրադառնալով՝ Ջրբաշյանը նախ մատնանշեց 2019 թվականին ունեցած ՓՄՁ-ների իրարամերժ սպասումները:

«Մասնավորապես, ներմուծող ընկերությունները բավական հոռետես են իրենց ապագայի նկատմամբ՝ ի համեմատ, օրինակ, արտահանող ընկերությունների: Ցավոք, նվազել են ընդհանուր ՓՄՁ-ների կողմից կատարվող, այսպես կոչված, ինովացիոն ներդրումները, կապիտալ ներդրումները: Ավելի շատ այսօր գնում են ներդրումները դեպի պահեստի ավելացմանը: ՓՄՁ-ներն այսօր պատրաստ չեն նոր ներդրումների, որը, կարծում եմ, ամենամտահոգիչն է ապագայի համար, և նաև խնդիր կա դա փոփոխելու առաջիկայում պետական քաղաքականության միջոցով, որովհետև, կարծում ենք, որ այդ ներդրումները պետք է բերեն արտադրողականության աճի և ավելի լավ վերաբերմունքի դեպի ապագան»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենի դիտարկմամբ՝ բանկերի հետ հարաբերությունների բարելավում է տեղի ունեցել, ու դա արդյունքն է այն քաղաքականության, որ բանկերն են որդեգրել, այն է՝ շատ մեծ ուշադրություն  դարձնել ՓՄՁ ոլորտին՝ այն դարձնելով զարգացման համար թիրախային ոլորտ:

Ջրբաշյանի բնորոշմամբ՝ լավ նշան է այն, որ ՓՄՁ-ները մեծ պահանջարկ ունեն պրոֆեսիոնալ ծառայությունների հանդեպ, շատ ավելի հետաքրքրված են հաշվապահական ծառայություններով, կառավարչական խորհրդատվությամբ, բիզնես պլանների մշակմամբ, մարքետինգային վերլուծություններով: Սակայն այստեղ Ջրբաշյանը ևս խնդիր է տեսնում: Նրա խոսքով՝ ՓՄՁ-ները միատարր չեն, հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ամեն խումբ պահանջում է իրեն հատուկ վերաբերմունք:

ՓՄՁ-ների 2020 թվականի սպասումների մասին խոսելով՝ Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ ընդհանուր առմամբ սպասումները դրական են, բայց շատ զգուշավոր, ու ընկերությունների հիմնական ներդրումներն այսօր հոսում են դեպի պահեստի, այսպես կոչված, working capital-ի ձևավորման, այլ ոչ թե՝ դեպի զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումներ:

Դա, ըստ Ջրբաշյանի՝ պայմանավորված է  Հայաստանի տնտեսության մեջ առկա անորոշություններով, որը որոշ առումով զսպում է ավելի ակտիվ աշխատելու հնարավորությունը:

«Հետո, երբ հարցումն իրականացվում էր, բոլորը մեծ ակնկալիքներ ունեին հարկային փոփոխություններից, որոնք եկան, և հաշվի առնելով, որ այդ ՓՄՁ-ների մեջ մեծամասնությունը  գերփոքր ընկերություններն են, որոնք նոր հարկային փոփոխություններով ստացան բավականին մեծ արտոնություններ, իրենք ոնց որ հետաձգում էին իրենց ակտիվ ներդրումները՝ այդ արտոնություններից հետո իրականացնելու տեսակետից: Իհարկե, այլ բան է փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում, որոնք շատ ավելի զգայուն են անորոշությունների հետևանքով ձևավորված իրավիճակին»,- նշեց Տիգրան Ջրբաշյանը:

Ջրբաշյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է որոշակիություն տնտեսական քաղաքականության մեջ, որպեսզի ՓՄՁ-ները  հասկանան, թե ինչպիսին է տնտեսական հեռանկարը, ռազմավարական ծրագրերը, և անհրաժեշտ է  իրականացնել թիրախավորված պետական քաղաքականություն:

«ՀՀ տնտեսական քաղաքականությունն այն որոշակիությունը չի ձևավորել դեռ, նաև տնտեսության համար, որովհետև ցանկացած ձեռնարկատիրություն ինքը ենթադրում է ռիսկ, և մարդիկ պատրաստ չեն այսօր այդ ռիսկը վերցնել կամ այն չափով վերցնել: Եվ դրա համար ավելի շատ գործող ձեռնարկություններն իրենց հիմնական ներդրումներն իրականացնում են ապրանքային պաշարների ձևավորման տեսակետից, այլ ոչ թե ընդլայնման, նոր տեխնոլոգիաների, ինովացիաների վրա: Սա է վկայում այսօրվա վիճակագրությունը, այն, ինչ մենք կարողացել ենք ստանալ»,- նշեց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը:

Արված հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ՀՆԱ-ի մեջ ՓՄՁ-ների  ծավալն աճել է: 2013 թվականի համեմատ՝ 4.000-ով ավելացել է ՓՄՁ-ների քանակը: Բայց Ջրբաշյանի դիտարկմամբ՝ դա չի նշանակում, որ 4.000 նոր ՓՄՁ-ներ են ստեղծվել:

«Ընդհանուր քանակը 4.000-ով ավելացել է այն սահմանման ներքո, որը պետությունն օգտագործում է՝ որպես հիմնական»,- ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս