
«Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի Բրյուսելյան զբոսանքի վերջին հանգրվանը հանդիպումն էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը հատկանշական երանգներ է ի ցույց դնում։
Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որոնցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակցությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» ոլորտներով։
Եվրոպական կողմը, իր հերթին նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի մասին հիշատակում հայկական տարբերակում չկա։
Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման խնդրի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է։
Մի խոսքով, վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր»: