Ինչպե՞ս Ադոլֆ Հիտլերի «կամքին հակառակ»՝ Շմիդտի 1 դիտակը հայտնվեց Հայաստանում
Նախորդ դարի հայ մեծերը կամաց-կամաց հեռանում են այս աշխարհից։ Մնում է իրենց կատարած աշխատանքը, պատգամը, ժպիտը, հուշերն ու բացառիկ տեսանյութերը։ Նախորդ դարաշրջանը հայ մշակույթի ու պատմության ամենաարգասաբեր շրջանն էր։ Կողք կողքի ապրում, վիճում ու ստեղծագործում էին հանճարեղ մարդիկ։ Նրանցից մի քանիսը կարողացան իրենց խոր ծերությունն անցկացնել 21-րդ դարում և դրա հետ մեկտեղ՝ տեսան նաև դարաշրջանի խեղճությունն ու հոգու սովը։ Դարաշրջանի տիտաններից էր նաև Վիկտոր Համբարձումյանը։
Մարդ, ով ծառայեց իր հայրենիքին գիտության ասպարեզում, քաղաքական ու հասարակական։ Համբարձումյանի նվիրման լուռ վկաներն են մի քանի խոսուն լուսանկարները և Թումանյանի հանճարեղ ձևակերպմամբ հաստատված «անմահ գործը»։ Համբարձումյանի կենսագրության մեջ անհամար են հայրենասիրական գործերը, սակայն այդ գործերի ցանկում կա ևս մեկ բացառիկ իրականություն, առանց որի բարդ է պատկերացնել մեր աստղադիտարանի պատմությունը։
Նախորդ դարի ձեռքբերումներից էր Բյուրականի աստղադիտարանի կառուցումը։ 1946 թվականին Վիկտոր Համբարձումյանի ջանքերով հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը։ Այն համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Աստղադիտարանը հայտնի է ամբողջ աշխարհում։ Քչերին է հայտնի, որ աստղադիտարանում գտնվող Շմիդտի 1 մետրանոց դիտակը ժամանակին Ադոլֆ Հիտլերը որոշել էր նվիրել Բենիտո Մուսոլինիին։ Պատմությունն ու ժամանակը չիրականացրին Ադոլֆ Հիտլերի ցանկությունը, և դիտակը հայտնվեց Հայաստանում։ Հետաքրքիր է դիտակի Հայաստանում հայտնվելու ոդիսականը։
Դեռ 1930-ականներից Ադոլֆ Հիտլերն աստղադիտակների պատրաստման ձեռնարկ էր սկսել, ինչով զբաղվում էր Ենա քաղաքում գտնվող «Carl Zeiss» հայտնի գործարանը:
Բյուրականի աստղադիտարանում այժմ գտնվում է Շմիդտի 1 մետրանոց դիտակը, որը կառուցվում էր Մոնտե Պորայում (Իտալիա), այդ ժամանակ նոր կառուցվող աստղադիտարանի համար։
Ինչպես նշեցինք՝ Հիտլերը որոշել էր դիտակը նվիրել Բենիտո Մուսոլինիին։ Բայց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակից հետո այս դիտակը, որի կառուցումն անավարտ էր մնացել, բազմաթիվ այլ գույքի հետ՝ տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։ Մի քանի դիտակների միջից Վիկտոր Համբարձումյանն ինքն է ընտրել հենց այս դիտակը։ Իսկ աստղագետ Բենիամին Մարգարյանը փորձարկել, աշխատեցրել է այն։
Բյուրականի աստղադիտարանի դիտակը տեղադրվել է 1960 թվականին։ Դիտակը Հայաստան է տեղափոխվել հատուկ մեքենայի միջոցով, քանի որ ինքնաթիռով տեղափոխման ժամանակ հնարավոր ցնցումները կարող էին վնասել այն։ Այդ հատուկ մեքենայի արագությունը 10 կմժ է։ Բենիամին Մարգարյանն այս դիտակով իրականացրել է բյուրականյան առաջին որոնողական լայնածավալ աշխատանքը, որի ժամանակ ամբողջ երկնքում որոնվում են որոշակի հետաքրքրության տիեզերական մարմիններ։ Արդյունքում՝ հայտնաբերել է հատուկ դասի թույլ գալակտիկաներ, որոնք ստացել են նրա անունը՝ Մարգարյանի գալակտիկաներ։ Դիտակի տեղադրումից և գործունեությունից որոշ ժամանակ հետո անգամ մի շարք իտալացիներ անկեղծացել են ու նշել, որ դիտակն իրենց մոտ այդքան էլ լավ չէր աշխատի, քանի որ Հայաստանում պայմաններն այլ են, այստեղ բարձրադիր տարածք է և ավելի պարզ երկինք։
Փաստացի դիտակը մնաց Հայաստանում ու հիմք դրեց մի շարք գիտական հայտնագործությունների։ Եվ եթե չլիներ Վիկտոր Համբարձումյանի և այդ շրջանի հայ գիտական կամքը, հիմա դժվար թե խոսեինք այս թեմայի մասին։ Արդյունքում՝ ժամանակակից հայ իրականության մեջ Բյուրականն իր աստղադիտարանով անտեսված է հայ ժամանակակից վերնախավի կողմից։ Համբարձումյանի գիտական հայտնագործություններն այժմ հետաքրքրում են միայն փոքր խմբի։ Իսկ ժամանակին հայ հասարակության մեծամասնությունն անհամբեր սպասում էր, թե Բյուրականից գիտական ի՞նչ նոր հայտնագործության մասին լուր պիտի կարդան։ Դա նախորդ դարում էր, որտեղ կար Համբարձումյան, իսկ այժմ անգամ դպրոցներ չունենք։ Այդ իսկ պատճառով գրանցում ենք հետընթաց մեր ազգային ու գիտական արժեքներից։ Եվ հպարտանում ենք միայն անցյալի տիտանների կատարած աշխատանքով։
Զ․ Շուշեցի
Հ․Գ․ Հոդվածն ավարտելիս միայն տեղեկացանք, որ մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Հոդվածի սկզբում գրված մեր խոսքերը (վերջին շրջանում հայ մեծերի մահվան մասին) առավել իրական դարձան։ Հանգչիր խաղաղությամբ, մեծ հայ ու մեծ մտավորական։ Մեծ լոռեցին արդեն իսկ ոսկե տառերով գրել է, որ ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ։