Ինչ խնդիր լուծեց Չավուշօղլուն՝ Պուտին-էրդողան բանակցություններից առաջ հանդիպելով ԵԱՀԿ ՄԽ-ին

Ռուս-սիրիական ճնշումները Թուրքիայի նկատմամբ սիրիական Իդլիբի շուրջ մղեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահը մարտի 5-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում են ռուսական առաջատար լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Էրդողանը Մոսկվայում կլինի մարտի 5-ին, որտեղ նախատեսված են բանակցություններ մեր նախագահի հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Մինչ այդ, ուրբաթ օրը երկու առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին իրավիճակը Իդլիբում։ Էրդողանը հայտնել էր, թե զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին խնդրել է լքել Սիրիայի տարածքը։ «Ես բացահայտորեն հարցրեցի Պուտինին. «Ի՞նչ ես անում Իդլիբում։ Եթե ցանկանում եք ստեղծել ռազմաբազա, ապա ստեղծեք, բայց մի կողմ քաշվեք Թուրքիայի ճանապարհից»»,- Anadolu-ի հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը։ Սակայն ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը սա մեկնաբանելիս հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին։ «Ռուսաստանը միակ երկիրն է, որ զինված ուժեր ունի Սիրիայում՝ Սիրիայի օրինական ղեկավարության խնդրանքով։ Բոլոր այլ երկրների ռազմական ուժերը գտնվում են Սիրիայում՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- նշել է ՌԴ նախագահի խոսնակը։ Այնուամենայնիվ, Պուտին-Էրդողան հանդիպման պայմանավորվածությունը վերլուծաբաններին հույս է ներշնչում, որ իրավիճակը կհանդարտվի, քանի որ, չնայած Իդլիբի շուրջ իրավիճակի սրմանը, պաշտոնական Մոսկվան և Անկարան խուսափում են ուղիղ բախումներ հրահրող հայտարարություններից։ Սակայն երկու կողմում հայտնված երկրները՝ Թուրքիան և Սիրիան, Ռուսաստանի աջակցությամբ, փորձում են վերահսկողություն հաստատել սիրիական զինված ընդդիմության ձեռքում մնացած վերջին տարածքում՝ Իդլիբում։

Սիրիական թատերաբեմում Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունների ֆոնին ուշագրավ էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ։ Որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակի վրա»,- հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Չավուշօղլուն։ Նրա թվիթերյան գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով․ «Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: Ըստ էության արձագանքելով այն մտահոգություններին, որ Թուրքիան Ադրբեջանի աջակցությամբ փորձում է որոշակի դերակատարություն ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։

Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը մեկնաբանեց, թե ինչով կարող են սիրիական Իդլիբի շուրջ ռուս-թուրքական բանակցությունները կապ ունենալ Չավուշօղլու-Մինսկի խումբ հանդիպման, հետևաբար՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Հալբախի խոսքով՝ հանդիպման ժամանակացույցը կարող է տպավորություն ստեղծել, թե կա որևէ կապ ռուս-թուրքական զարգացումների հետ։ Սակայն, նրա համոզմամբ, որևէ ուղիղ կապ չի կարող լինել։

Ըստ նրա՝ Թուրքիան ԵԱՀԿ անդամ երկիր է և անհրաժեշտության, առաջարկի դեպքում կարող է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես ԵԱՀԿ անդամ յուրաքանչյուր երկիր։ Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի ոչ բոլոր քայլերն են ստանում աջակցություն նրա գործընկերների կողմից, Թուրքիան աջակիցների դեֆիցիտ ունի, որն էլ ավելի է սերտացնում համագործակցությունն Ադրբեջանի հետ, որի նախագահի հետ Թուրքիայի ղեկավարը հանդիպել էր օրերս։ Այս պայմաններում, ըստ նրա, Թուրքիան նաև պետք է ակտիվություն դրսևորի գործընկերների խնդիրներում, եթե ակնկալում է սեփական ծրագրերին աջակցություն նրանց կողմից։ Հենց այս կոնտեքստում է վերլուծաբանը բացատրում Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հենց այն փուլում, երբ չունի աջակցություն Արևմուտքի, Ռուսաստանի կողմից իր սիրիական ծրագրերին։

«Բոլորին է հայտնի, որ կարգավորման ձևաչափը որոշում են հակամարտող կողմերը, իսկ Հայաստանը դեմ է Թուրքիայի մասնակցությանը բանակցային գործընթացին, ավելին, կարծում եմ՝ նման հարց չի քննարկվում։ Թուրքիան Ադրբեջանի հետ գործընկերության շրջանակում աջակցություն է հայտնում Ադրբեջանին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, և այս հանդիպումն այդ աջակցության առավել բարձր մակարդակի արտահայտում էր Թուրքիայի համար աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, ինչպես նաև՝ Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ»,- ասաց Հալբախը։
Տեսականորեն, ըստ նրա, չի կարելի բացառել, որ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, ներկայիս իրավիճակը։ Սակայն, նրա վստահեցմամբ, ոչ ավելին։

Իսկ ռուս ռազմական և քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն այն կարծիքին է, որ հայոց պատմությունը ցույց է տալիս, որ հայկական հարցերը կարող են դառնալ «տորգի» առարկա ռուս-թուրքական հարաբերություններում։ Սակայն, նրա խոսքով, ներկայումս նման սցենարի հավանականություն չկա։ Ֆելգենգաուերի կարծիքով, Մոսկվայում քննարկվելու են կոնկրետ հարցեր, կոնկրետ պայմանավորվածություններ և դրանց հետագա ընթացքը մի իրավիճակում, երբ կողմերը տրամադրված են մարտական, և իրավիճակը մոտ է պայթյունին։ Նրա գնահատմամբ՝ կա կոնկրետ խնդիր, և Էրդողանը մեկնում է Մոսկվա՝ ելքեր գտնելու և Ռուսաստանին համոզելու հրաժարվել Սիրիայի իշխանություններին աջակցությունից։ Ռուս քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան հայտնվել է բարդ քաղաքական իրավիճակում։

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, այն համակարգում է Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կողմից, և կարծում եմ՝ բացի հայկական կողմից, միջնորդները ևս չեն ցանկանում հավելյալ միջնորդ՝ Թուրքիայի տեսքով, որը խնդիրներ է հարուցում ամենուր։ Բայց թեման կարող է արծարծվել տարբեր հարթակներում, շահագրգիռ կողմերի ղեկավարների միջև։ Սիրիական ներկայիս զարգացումների համատեքստում որոշակի զիջումների պետք է գնա Թուրքիան, փորձելով պահել իր դեմքը, նույնը պետք է փորձի անել նաև Ռուսաստանը՝ իր երկու գործընկերների՝ Սիրիայի և Թուրքիայի միջև, թե ինչպիսի տեսք կունենա այդ գործարքը, պարզ կդառնա առաջիկայում»,- նշեց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս