«Եթե Հանրային հեռուստաընկերությունն իրապես հղում է կատարել այդ աղբյուրին, ինչո՞ւ այդ աղբյուրը չպետք է բացահայտեին ու այդ փաստաթուղթը չտային». Արամ Օրբելյանի շահերի պաշտպան
Այսօր հայտնի դարձավ, որ փաստաբան Արամ Օրբելյանը դիմել է դատարան՝ իր հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածման հետևանքով հասցված վնասի հատուցման հայցով:
Ըստ հայցի՝ 2020 թ. հունվարի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ ներառված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» խորագրով ռեպորտաժում Արամ Օրբելյանի վերաբերյալ իբրև փաստ ներկայացված ենթադրությունը, որ Արամ Օրբելյանը սահմանված կարգի խախտմամբ 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար մուտք է գործել ՀՀ ՍԴ վարչական շենք, չի համապատասխանում իրականությանը:
Թողարկման մեկնաբանը ռեպորտաժը ներկայացնելիս նախ հարց է հնչեցնում՝ «Իրավունք ունի՞, թե՞ ոչ հանրային հնչեղությամբ գործով անցնող ամբաստանյալի պաշտպանը ելումուտ անել Սահմանադրական դատարան», ապա որպես հաստատված և ապացուցված փաստ՝ պատասխանում՝ «Խոսքը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի մասին է: Նա 2019 թվականին պարբերաբար այցելել է Սահմանադրական դատարան կարգի խախտմամբ: «Լուրերը» ճշտել է, թե ինչ հետևանք են ունեցել նրա այցելությունները»:
Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ՀՀ ՍԴ վարչական շենք մուտք չի գործել, առավել ևս, ընդհանրապես որևէ պետական կամ մասնավոր տարածք մուտք գործելիս չի խախտել որևէ կիրառելի պահանջ:
Հայցվոր Արամ Օրբելյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել պատասխանողներ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակայնորեն հերքել նույն լրատվական միջոցով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ հօգուտ Հայցվոր՝ Արամ Օրբելյանի՝ բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, և պատասխանող՝ Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության հօգուտ Հայցվոր՝ Արամ Օրբելյանի՝ բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Նշված թողարկման հեռարձակումից հետո Արամ Օրբելյանի կողմից հարցումներ են ուղարկվել և ՀՀ ԱԱ Ծառայություն և Հանրային հեռուստաընկերություն, նշված պնդումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները ստանալու համար, որպեսզի հնարավոր լինի իրավական պաշտպանություն հայցել ինֆորմացիայի առաջնային աղբյուրի դեմ, սակայն երկու պատասխանողներն էլ չեն տվել որևէ պարունակական պատասխան, ինչը հիմք է հանդիսանում ենթադրելու, որ որևէ առաջնային աղբյուր էլ գոյություն չունի:
168.am-ի հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանի՝ armtimes.com-ի հետ զրույցի ժամանակ արված այն արձագանքին, թե «Մենք հղում ենք արել մեր աղբյուրի` ԱԱԾ-ի վրա: Մենք անանուն ու անհասցե աղբյուրներով չենք գրել: Ողջ մամուլը լցված է անանուն աղբյուրներով: Եթե Օրբելյանը խնդիր ունի, թող գնա ԱԱԾ-ի հետ պարզի», Արամ Օրբելյանի շահերի պաշտպան Նարինե Բեգլարյանն ասաց, որ ինքը խնդրին նայում է այն տեսանկյունից, որ տեսանկյունից որ հայցադիմումը ներկայացվել է:
«Հանրայինը պատրաստել և ներկայացրել է նյութ, և տեսանյութը գնացել է եթեր, որում իրենք ասում են, որ, այո, ԱԱԾ-ից ինչ-որ տեղեկատվություն են ստացել, և ցուցադրել են փաստաթուղթ: Մենք խնդրել ենք նույն լրատվամիջոցին, որ իրենք մեզ փոխանցեն այն փաստաթղթերը, որ իրենք ստացել են ԱԱԾ-ից, որտեղ իմ վստահորդի՝ Արամ Օրբելյանի վերաբերյալ տեղեկություններ են զետեղված»,- ասաց Նարինե Բեգլարյանը՝ տարակուսելով, թե եթե իրապես հղում են կատարել այդ աղբյուրին, ինչո՞ւ այդ աղբյուրը չպետք է բացահայտեին ու այդ փաստաթուղթը չտային:
Վերջինը նշեց, որ առ այսօր իրենք ոչ մի պատասխան չեն ստացել, ասաց, որ Արամ Օրբելյանի նամակը ստացել են և սովորական, և էլեկտրոնային փոստով, սակայն նյութերը տրամադրելու վերաբերյալ մինչ այժմ որևէ պատասխան իրենք չեն ստացել:
«ԱԱԾ-ից ինչ-որ պատասխան ստացել ենք, որի մեջ ասված էր, որ իրենք Արամ Օրբելյանի գործողություններին որևէ գնահատական չեն տվել, նա որևէ կարգավիճակ չունի, ու նյութերի տրամադրումը մերժել էին»,- ասաց Արամ Օրբելյանի շահերի պաշտպանը:
Նարինե Բեգլարյանի խոսքով՝ այլ սկզբնաղբյուրների մասով իրենք տեղեկատվություն չունեն, և խնդիրն այստեղ այդ նյութի էությունն է, և իրենք գտնում են, որ տեղեկատվությունը ռեպորտաժի մեջ ոչ բարեխիղճ է ներկայացված, ոչ հավասարակշռված, և հայցադիմումի հիմքերում հենց սրանք են դրվել:
«Մենք կարծում ենք, որ տեղեկատվությունը պետք է ներկայացված լիներ բարեխիղճ ու հավասարակշռված, բայց այն շեշտադրումը, որով նյութը պատրաստվել է, թիրախավորված է, և հանրությանը հասանելի դարձնելիս՝ խախտվել է օբյեկտիվությունը նաև, և տեսանյութը դիտելիս այն տպավորությունն է ստեղծվում, որ Արամ Օրբելյանն ինչ-որ օրինազանց է, այնինչ դա այդպես չէ»,- ասաց Նարինե Բեգլարյանը՝ շեշտելով, որ Արամ Օրբելյանը նշված ժամանակահատվածում ընդհանրապես պարբերաբար ՍԴ շենք չի այցելել, որևէ կարգ չի խախտել, և առհասարակ, որքան որ իրենք տեղեկացված են, քննության առարկան եղել է ոչ թե Արամ Օրբելյանի, այլ ոստիկանների գործողությունները, իսկ այդ նյութից տպավորություն է ստեղծվում, թե իրավախախտը Արամ Օրբելյանն է:
Նարինե Բեգլարյանին խնդրեցինք մեկնաբանել նաև ռեպորտաժի հեղինակ Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ասում էր. «Հերթական անհասկանալի նախադեպը որոշ անձանց համար, իսկ ինձ համար՝ Հանրայինին ճնշելու նոր մարտավարություն, որը որդեգրել է նաև Քոչարյանի պաշտպանական թիմը: Խնդիրը հետևյալն է՝ ես ԱԱԾ եմ ուղարկել պաշտոնական հարցում, ստացել պատասխան, ռեպորտաժ պատրաստել, ընդ որում՝ տեսանյութում ներկայացրել եմ նաև պարոն Օրբելյանի հերքումը: Այս ռեպորտաժի հրապարակումից հետո փաստաբանը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը… Ասել կուզեն՝ մեզ մի անդրադարձեք ոչ մի դեպքում, հակառակ պարագայում՝ ձեր նկատմամբ ճնշում կգործադրենք՝ դատարանով քարշ տալով»:
Ըստ փաստաբանի՝ իրենք գտնում են, որ լինի Հանրայինը թե որևէ այլ լրատվամիջոց, այն պետք է պահպանի էթիկայի կանոնները, որոնք թելադրված են թե իրենց կանոնակարգերով, և թե իրենց մասնագիտական գործունեության մի մասն են կազմում: Եվ նման ռեպորտաժների պատրաստումը, ով էլ որ լինի հեղինակը, և ում նկատմամբ էլ որ դա արվի, պետք է լինի դատարանների քննարկման առարկա: Նա նշում է, որ Հանրայինը լայն ծածկույթ ու լուրջ ազդեցություն ունեցող լրատվամիջոց է, և նրա կատարած գործողություններին գնահատական տալն անհրաժեշտություն է:
«Ուշագրավ է, որ թեպետ ես անընդհատ Արամ Օրբելյանի մասին խոսելիս շեշտադրումը կատարում եմ նրա փաստաբանական գործունեության վրա, սակայն, չգիտես ինչու, բոլորն իմ խոսքը փոխելով՝ անհրաժեշտ են համարում գրել, որ Արամ Օրբելյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է: Նրան նույնացնում են Երկրորդ նախագահի հետ, այնինչ Արամ Օրբելյանը փաստաբան է և իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը»,- ասաց Նարինե Բեգլարյանը՝ իր հերթին հավելելով, որ հաշվի առնելով, թե ինչ գործերում է որպես փաստաբան ներգրավված Արամ Օրբելյանը, ինքը չի կարող այս ամենը չհամարել թիրախավորված ու փաստերի այլ տիպի, հասցեական ներկայացում: