Մատենադարանի արհեստակցական միությունն արձանագրել է խախտումներ ու դիմել Գլխավոր դատախազություն
Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը և Ալլա Խառատյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ակադեմիական առկա իրավիճակը ներկայացնելու նպատակով:
Գայանե Այվազյանի փոխանցմամբ՝ ուղիղ մեկ տարի առաջ Մատենադարանի աշխատակիցները ձևավորել էին աշխատողների արհեստակցական միություն՝ համակարգային մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով, բայց գործունեության ընթացքում բախվել են մի շարք այլ խնդիրների:
«Արհմիությունը ձևավորել էինք համակարգային մի շարք խնդիրների լուծում տալու նպատակով, բայց այդ ամբողջ ընթացքը, որին բախվել ենք թավշյա հեղափոխությունից հետո, բավականին արտառոց է եղել մեզ համար: Սսպասելիքները մի քիչ փոփոխության ենթարկվեցին: Ցավոք, չենք կարող ասել, որ մեր գործունեությունն անխափան ընթացավ: Թեև բաց և համագործակցային էինք տրամադրված, բայց գործատուն և նրա շրջապատն արհմիության վերաբերյալ ունեին իրենց պատկերացումները, դրանք գլխավորապես դեղին արհմիության մասին պատկերացումներ էին, այսինքն՝ արհմիություն, որը գործատուն է ձևավորում, և ներսում չեն ողջունվում իրենց կողմից բարձրաձայնվող խնդիրները: Այս մեկ տարվա ընթացքում մենք բարձրաձայնել էինք գիտաշխատողների աշխատանքային պայմանագրերի վերանայման հարցը և պահանջում էինք, որ նրանց չտրամադրված երկարամյա արձակուրդը վերականգնեն: Պարզ դարձավ, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելը չի ողջունվում»,- ասաց Գայանե Այվազյանը:
Մատենադարանի աշխատակցուհին նշեց նաև, որ իրենց գործունեության ընթացքում բացահայտել են մի շարք երևույթներ:
«Շատ լավ գիտեինք, որ Մատենադարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ դեռևս 2017թ. ձևավորվել է ոչ մասնակցային, ոչ թափանցիկ սկզբունքով, և աշխատակիցները խորհրդի կազմում ընդգրկված անդամների մասին տեղեկություն ստացել են, երբ այն արդեն հաստատվել էր: Ահազանգեցինք հոգաբարձուների խորհրդի նոր նախագահին՝ Լևոն Աբրահամյանին, նա պարզաբանեց, որ կազմի վերաբերյալ մեխանիզմներ ըստ էության չեն եղել, և անդամները որոշվել են տնօրինության նիստում:
Հեղափոխությունից հետո ունեինք մեծ սպասելիքներ, որ կորդեգրենք հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու, կառավարման նոր մշակույթ»,- ասաց Գայանե Այվազյանը՝ հավելելով, որ բացահայտել են մի շարք իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել Մատենադարանի կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Ըստ նրա՝ խախտումով է կատարվել նաև կանոնադրության փոփոխությունը:
Ալլա Խառատյանի խոսքով էլ՝ իրենց միավորման նպատակը եղել է աշխատողների, հատկապես՝ գիտաշխատողների, աշխատանքային պայմանների բարելավումը, որի հիմքում երկար տարիներ կուտակված դժգոհություններն էին: Հասկացել են, որ կարող են ստեղծել մեկ անկախ կառույց, որը վարչական չէ, ու փորձելու են առկա խնդիրներին լուծումներ գտնել:
Մատենադարանի աշխատակիցները լրագրողներին տեղեկացրեցին նաև, որ կանոնադրական փոփոխություն անելու համար առնվազն 13 ստորագրություն էր անհրաժեշտ, սակայն 10 հոգի է ստորագրել արձանագրությունը: Այսինքն, քվորում չի ապահովվել:
«Այս բոլոր տեղեկություններն ունենալով՝ մեր քաղաքացիական պարտքը համարեցինք իրազեկել իրավապահներին: Դիմեցինք Գլխավոր դատախազություն: Ըստ էության, հիմա այդ գործը կոծկելու փորձ է արվում, բացատրությունն այն է, որ հանցակազմ չկա: Կենտրոն ոստիկանությունից ստացել ենք քրեական գործի հարուցումը մերժող նամակ, հիմքերը չափազանց անբավարար են»,- ասաց Գայանե Այվազյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ մերժումը բողոքարկել են, քանի որ բոլոր հիմքերը կան: Ալլա Խառատյանն ասաց, որ բողոքարկելու են այնքան ժամանակ, մինչև պատշաճ քննություն կատարվի:
Հավելեց նաև, որ դիմել են ԿԳՄՍ նախարարություն, սակայն միշտ ստացել են նույնաբովանդակ պատասխաններ, այն է՝ տնօրինությունն ասում է, որ անհիմն է:
Անդրադառնալով չտրամադրված երկարամյա արձակուրդներին՝ Գայանե Այվազյանն ասաց.
«2015թ. եղել է կառավարության որոշում, որ գիտաշխատողներն ունեին ամենամյա 20-ի փոխարեն՝ 35 արձակուրդային օր:
Բայց մեր ինստիտուտում այդ արձակուրդները 2015 թվականից ի վեր մեզ չեն տրամադրվել, և միայն արհմիության պահանջով դրանք վերականգնվեցին, և մարդիկ օգտվեցին իրենց արձակուրդի իրավունքից»:
Մատենադարանի աշխատակիցների խոսքով՝ խնդիր է նաև պարգևավճարների հարցը. չգիտեն՝ ո՞վ ստացավ և ինչի՞ համար: