Բաժիններ՝

2019-ին հայերի վերաբերյալ ԵՄ երկրներից ստացված ռեադմիսիոն հայցերի մեծամասնությունը Գերմանիայից է

168.am-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից հայտնեցին, որ 2019 թվականին ստացվել է ռեադմիսիոն 921 հայց՝ 1746 անձի վերաբերյալ, դրական պատասխան է տրվել 86.20 տոկոսի մասով, 241-ի վերաբերյալ՝բացասական: Ընդ որում, ստացված 921 հայցից 870-ը ԵՄ երկրներից է, 51-ը՝ ՌԴ-ից:

Մեզ տրամադրված աղյուսակից պարզ է դառնում, որ ԵՄ երկրներից ստացված հայցերի մեծամասնությունը կամ կեսից ավելին Գերմանիայից է՝ 587 հայց՝ 1182 անձի վերաբերյալ:

Քանի որ Միգրացիոն ծառայությունը տվյալներն ամփոփում է եռամսյակը մեկ, ուստի 2020-ի տվյալներն այս մասով դեռ չենք կարող հրապարակել:

Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, ԵՄ-ում ապաստան հայցող հայերի թվին, ապա այս տվյալներն էլ փոխանցում է Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Եվրոստատ), իսկ դրանք նախորդ տարվա՝ 2019-ի կտրվածքով կամփոփվեն ամռանը՝ հուլիսին:

Հավելենք, որ 2018-ին ԵՄ-ում հայտնաբերվել է շուրջ 600.000 անօրինական միգրանտ, որոնցից ՀՀ քաղաքացիների թիվը եղել է մոտ 2300, այսինքն՝ 0.4 տոկոսը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն ասաց, որ հարկադիր վերադարձի մասով իրենք վիճակագրություն չունեն, երբևէ չեն ունեցել, և իրենք ռեադմիսիոն հայցերի թվերն են հաշվում, որը փաստացի վերադարձի հետ չի կարելի կապել, որովհետև ռեադմիսիոն հայցն այն մարդկանց մասին է ուղարկվում, որոնց քաղաքացիությունը հաստատելու կարիք կա:

«Օրինակ, եթե կեղծ փաստաթղթերով է ապաստան հայցել, իր վերաբերյալ հայց ստանում ենք: Բայց շատ են լինում դեպքերը, երբ անձի քաղաքացիությունը հստակ է, մեր կողմից հաստատման կարիք չկա, և եթե անօրինական է, ԵՄ իշխանությունները հարկադիր վերադարձի են ենթարկում, սակայն մենք այդ մասին չենք իմանում, եթե անձը չի դիմում՝ օգտվելու վերաինտեգրման ծրագրից: Միայն այդ վերաինտեգրման շահառուների քանակն ենք որևէ ձևով փորձում արձանագրել և հաշվել: Անցյալ տարի վերաինտեգրման տարբեր ծրագրերի է դիմել 2359 հոգի, սրա մեջ հաշվված են նաև կամավոր վերադարձողները»,- հայտնեց Դավթյանը:

2019-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Միգրացիոն ծառայությունում ձևավորվել է վերադարձի և վերաինտեգրման բաժին, որը պետք է այս ոլորտում քաղաքականության մշակման գործառույթներ ունենա: Ավելին, մշակել են հրատապ օժանդակության ծրագիր, որի շրջանակում, օրինակ, հարկադիր վերադարձածի 6 ամսվա բնակվարձն են փոխհատուցելու:

«Այդ ծրագիրը կառավարությունում է, մեր իրավաբանները կառավարության իրավաբանների հետ այն վերջնականացնում են: Այսինքն՝ վաղուց ներկայացվել է, բայց դեռ չի հաստատվել: Վերջին շտկումներն անելուց հետո, հուսով ենք, կհաստատվի»,- շեշտեց միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

Նշենք, որ հարկադիր վերադարձածների ժամանակավոր կացարանի խնդրի լուծումն այսօր իրենց վրա են վերցրել հասարակական կազմակերպությունները: Առաջիկայում կփորձենք այցելել ժամանակավոր որևէ կացարան, լսել հարկադիր կամ ինքնակամ վերադարձածներին և նրանց հուզող հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս