«Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին կարող է նաև որոշակի առավելություններ տալ». Տնտեսագետ
«Արժույթի միջազգային հիմնադրամի 2020-ի հունվարի կանխատեսումները պեսիմիստական են». լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը: Նրա վկայությամբ՝ բացասական դինամիկան քիչ է, բայց կա.
«Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսության մեջ 2020-ին կլինի 3.3% տնտեսական աճ, 2021-ին՝ 3.4%: ԱՄՆ-ում տնտեսական աճը ևս կնվազի՝ պայմանավորված Ամերիկայի և Չինաստանի հարաբերություններով, առևտրային պատերազմներով: Չինաստանում 2020-ին կանխատեսվում է՝ 6 %, 2021-ին՝ 5.8 % տնտեսական աճ»:
Տնտեսագետը կարծում է, որ կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասներով պայմանավորված՝ Չինաստանում կանխատեսվող տնտեսական ցուցանիշը կարող է նվազել, սակայն կա նաև հակառակ տեսակետը, որ չինացիները կարող են էժան ակտիվներ ձեռք բերել, քանի որ մի շարք եվրոպական ընկերություններ թողել են իրենց ակտիվները Չինաստանում կամ բորսայական համակարգում:
«Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին կարող է նաև որոշակի առավելություններ տալ, քանի որ մտածում են ոչ միայն կարճաժամկետ այդ խնդիրները կարգավորելու մասին, կարող են ձեռք բերել մի շարք ակտիվներ, ունենալ ավելի լավ տնտեսական դիրքեր համաշխարհային տնտեսության մեջ»,- ասաց Խաչատրյանը:
Իջնում են նաև նավթի գները: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2020-ի համար անկումը կարող է լինել 4.3 %, 2021-ին՝ 4.7 %: Տնտեսագետը նշեց, որ համաշխարհային տնտեսությունը կարող է ազդել այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տուրիզմը, սպառումը, փակ սահմանների պարագայում կարող է կրճատվել մատակարարումների շղթան, ինչն էլ կարող է հանգեցնել տնտեսության սառեցման: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այստեղ ցածր է գնահատվում Բելառուսի տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը:
«Հայաստանի տնտեսական աճը 2019-ին բավականին բարձր էր, եթե համեմատենք հարևան երկրների և կոնկրետ ԵԱՏՄ երկրների հետ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը 2020-ին 4.8-5 տոկոս կլինի: Ադրբեջանը ունի ավելի ցածր տնտեսական աճի տեմպեր: Բելառուսում ևս մտահոգիչ են զարգացումները, 1 % էլ չի հասնում տնտեսական աճի միտումները: Ռուսաստանի դիրքերը 2020-ին կարող են բարելավվել»:
Գնաճը, ըստ տնտեսագետի, զսպված իրավիճակում է, սակայն կարող է ակտիվանալ՝ կապված փակ սահմանների, ապրանքների տեղաշարժման հնարավոր խնդիրների հետ:
«Այս պայմաններում կարող ենք որոշակի գնաճ արձանագրել: Չնայած մենք ԵԱՏՄ շրջանակում ձեռք ենք բերել որոշակի հարաբերական առավելություն, միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքի դեռևս կարող ենք 650 անուն ապրանք ներմուծել: Այս դեպքում թանկացումների ալիքից կարող ենք խուսափել»,- ասաց Խաչատրյանը:
Հայաստանը 2019-ին տնտեսական աճ է գրանցել՝ քիչ պարտք վերցնելով. նշում է տնտեսագետը և պնդում, որ նախորդող տարիներին աճն ապահովվել է հենց պարտքով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2019-ին նվազել է 4.2%-ով: Տնտեսագետը սա պայմանավորում է նրանով, որ 2019-ը ամբողջ աշխարհում բնության համար բացասական տարի է եղել.
«Եղել են հրդեհներ՝ սկսած Սիբիրից՝ մինչև Ավստրալիա, դեպքերի թիվն աճ է արձանագրել նաև Հայաստանում: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ գյուղատնտեսության համար ոչ նպաստավոր տարի է եղել: Ջերմաստիճանի բարձրացումը և հաճախակի հրդեհները ստիպում են, որ գյուղատնտեսության գոտիականությունը վերանայվի, 150-200 մետր ավելի բարձր գոտիներում է պետք սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ»:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ 2020-ի համար մեր Կառավարությունն ավելի ցածր տնտեսական ակտիվություն է կանխատեսում, քան ունեինք այս տարի, Խաչատրյանը պատասխանեց, որ դժվար է բարձր տնտեսական ցուցանիշի վրա ավելի բարձր աճ գրանցել.
«Եթե կա անկում, ապա անկման վրա հաջորդ տարի աճ ապահովելը հեշտ է ստացվում: Բարձր տնտեսական աճի միտումը շարունակել դժվար է»:
Տնտեսագետի խոսքով՝ Իրանի հետ փակ սահմանը Հայաստանի վրա ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջային առումով, իսկ առևտրաշրջանառության մասով, եթե իրավիճակը չսրվի, լուրջ ազդեցություն չի ունենա: