«Ո՛չ 2008 թ., ո՛չ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ, քանի որ հոդվածը չկար և հիմա էլ չկա». Արամ Օրբելյան

Վաղը կլրանա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցը, բայց անգամ 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերից հետո բացահայտումներ դեռ չկան:

«Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ներկայացրեց «Սահմանադրական կարգի տապալման գործի անհեռանկարությունը»:

Ըստ Օրբելյանի՝ այսօր դատարանում քննվող գործի հիմքում դրված են 2008 թվականին տեղի ունեցած 2 իրադարձություն: Խոսքը փետրվարի 23-ի հանդիպման և մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ հրամանագրի մասին է: Իսկ գործում առկա «զորքերը օգտագործել» ձևակերպումը, փաստաբանի խոսքով, ինքնին որևէ գործողության չէ:

«Պետք է ասել՝ «հրամայել է տեղակայել այստեղ»: Չկա նման ձևակերպում: 2 բան է ընդամենը՝ փետրվարի 23-ի ժողով և մարտի 1-ի նախագահի իրավասության շրջանակներում ընդունված արտակարգ դրության մասին հրամանագիր: Հետևաբար՝ եթե ինչ-որ մեկը սկսում է այլ բանի մասին խոսել, ուրեմն՝ ինքն ակնհայտորեն արգումենտ չունի և փորձում է ինչ-որ այլ բաներով հուզականության վրա ազդել: Մարտի 1-ի գործը 10-ը զոհերի մասին չէ: Զոհերի մասին գործը չի քննվում: Սա առանձին է քննվում, զոհերն այս գործի հետ կապ չունեն, վիրավորներն այս գործի հետ կապ չունեն և այս գործը որևէ կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ»,- ասաց Արամ Օրբեյլյանը:

Փաստաբանը նաև ներկայացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, գործով մեղադրող  դատախազ Կարեն Բեքարյանի խոսքերից հատվածներ, որում նրանք ևս անում էին նույն պնդումը, որ այս գործի շրջանակներում զոհերի կամ վիրավորների հարց չի քննվում:

Գործի անհեռանկարության մասին, ըստ Օրբելյանի, վկայում է նաև այն հանգամանքը, որ ՔՕ 300.1-րդ հոդվածը, որով այսօր մեղադրանք է առաջադրված գործով անցնող 4 մեղադրյալի, ՔՕ-ում ավելացվել է 2009թ. մարտի 18-ին, այսինքն՝ երբ 2008թ. մարտյան իրադարձություններից անցել էր ավելի քան մեկ տարի:

Փաստաբանի խոսքով՝ արարքի համար քրեական գործ կարելի է հարուցել, եթե այն հանցագործություն է համարվում և՛ կատարելու պահին, այսինքն՝ 2008թ. մարտի 1-ին, և՛ երբ գործը քննվում է, այսինքն՝ այսօր: Բայց ակնհայտ է, որ 2008թ. մարտի 1-ին այն չէր կարող հանցագործություն համարվել, քանի որ չկար այն հանցագործություն որակող հոդված Քրեական օրենսգրքում:

Օրբելյանը մեջբերեց նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի զեկույցից մի հատված՝ ցույց տալու համար, որ հոդվածի ոչ հստակ լինելու մասին եղել է նաև արձագանք միջազգային կառույցներից:

«Քրեական դրույթներից մի քանիսը բավականաչափ հստակ չեն և կոնկրետ չեն նշում, որ գործողությունները քրեորեն պատժելի են: Ներկա ձևակերպումները դատախազի հայեցողությանը մեծ տեղ են թողնում: ՔՕ-ում պետական իշխանությունը զավթելու սահմանումը շատ լայն մեկնաբանություն կարող է ունենալ և հստակ ուղենիշներ չի պարունակում»,- ասված էր եղել զեկույցում:

Օրբելյանի բնորոշմամբ, երբ կարդում ենք ՔՕ 300.1 հոդվածը, պարզ չէ, թե ինչի՞ մասին է խոսքը:

Սահմանադրական կարգի տապալման գործի անհեռանկարության մասին, ըստ փաստաբանի, վկայում է նաև օրենքի հետադարձ ուժի հարցը: Նրա բնորոշմամբ՝ մարդն իր գործողությունները կատարելուց պիտի կարողանա հասկանալ՝ օրինակա՞ն է գործողությունը, թե՞ ապօրինի:

«Չես կարող վաղը գալ, ասել՝ «երեկ ինչ-որ արել ես, լավը չէր, որոշել եմ քեզ պատժեմ»»,- նկատեց փաստաբանը:

Գործի անհեռանկարության մասին հաջորդ դիտարկումը, որ փաստաբանը հնչեցրեց, նախագահի անձեռնմխելիության հարցն է, որը սահմանված է Սահմանադրության 140-րդ հոդվածում: Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

«Կներեք, բայց արտակարգ դրության հրամանագիր ստորագրելն աշխարհի ոչ մի երկրի ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ իր լիազորություններից բխող գործողություն չէ: Դա այն կլասիկ դեպքն է, ինչի համար տրվում է անձեռնմխելիությունը, որ նախագահը, երբ պիտի ստորագրի հրամանագիրը, չասի՝ «պատվիրեք 3 իրավաբանական ընկերություն, թող կարծիք տան, մի հատ էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն կարծիք տա, որ համոզվեմ, որ վաղն ինձ չեն դատելու»: Եթե եկել է կտրական գործողություն անելու պահը, կար կարիքը, նախագահն՝ առանց մի կաթիլ մտածելու պետք է այդ գործողություններն անի՝ առանց վախենալու, որ ինչ-որ մեկը կարող է պատասխանատվության ենթարկի, քրեական գործ սկսի»,- ասաց Արամ Օրբելյանը:

Ըստ փաստաբանի՝ սահմանադրական կարգի տապալման գործի անհեռանկարության մասին վերջին դիտարկումը դատավարական կոպտագույն խախտումներն են:  Մեջբերելով ՄԻԵԴ նախադեպերը, Օրբելյանը նշեց, որ եթե տեղի են ունենում կոպտագույն խախտումներ, գործը չի կարող շարունակվել:

Օրբելյանի բնորոշմամբ՝ այդպիսի կոպտագույն խախտումներ են անմեղության կանխավարկածի խախտումը, դատարանների վրա ճնշումները, գաղտնալսումները, հրապարակային ելույթներում դատավորներին ուղղակի մեղադրանքները, սոցցանցերում ու մամուլում ճնշումները, փաստաբանների նկատմամբ ճնշումները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս