Կորոնավիրուսի տնտեսական սպասումները

Մեր մամուլում ու սոցցանցերում կորոնավիրուսը հիմնական թեմա դարձավ այն պահից, երբ արձանագրվեց մեր հարևան Իրանում: Հիմա բոլորն են խոսում այս վարակի մասին: Նույնիսկ տնտեսությամբ հետաքրքրվողները: Արժույթի միջազգային հիմնադրամը 2020-ի համար համաշխարհային տնտեսության 3.3 տոկոսանոց աճ էր կանխատեսել:

Հիմա պնդում են, որ աճի տեմպը կդանդաղի: Մոլորակի գործարանի համբավ ունեցող Չինաստանում ընթացող գործընթացների տնտեսական հետևանքները հիմա բոլորին են հետաքրքրում: 2019թ. համաճարակի պատճառով ՀՆԱ-ի աճը Չինաստանում կազմեց 6.1 տոկոս: Սա վատագույն ցուցանիշն էր վերջին 30 տարում: Կորոնավիրուսը 2003թ. ատիպիկ պնևմոնիա կոչված համաճարակի հետ համեմատողները հիշեցնում են, որ 2003-ին չինական ՀՆԱ աճը կազմեց 10 տոկոս: 2003-ի համաճարակն ընդամենը 0.1 տոկոսի չափով բացասական ազդեցություն ունեցավ այդ երկրի տնտեսության աճի վրա: Հիմա բոլորովին այլ պատկեր է: Պաշտոնական Չինաստանն իրավիճակն անցած տարվա դեկտեմբերին անվանում էր «համեմատաբար վերահսկելի»: Մինչդեռ այս տարվա հունվարին համաճարակի բացասական ազդեցությունը բնութագրվեց՝ որպես «զգալի»:

Պաշտոնական Չինաստանի զուսպ խոսքն ու եռանդուն գործելակերպը բոլորին է հայտնի: Ուստի տնտեսագետները «զգալի» բնութագրումից հետո միանգամից խստացրեցին իրենց վերլուծությունները: Այսօր խոսվում է, որ 2020-ի առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսական վնասը կկազմի մոտ 143.1 մլրդ դոլար: Համաշխարհային Բանկի տվյալներով՝ 13.608 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար դա մեծ թիվ է: Այլ հաշվարկների արդյունքում Չինաստանը միայն առաջին եռամսյակում կկորցնի իր ՀՆԱ-ի 1 տոկոսը: Դրան զուգահեռ՝ նշվում է, որ համաճարակի դեմ պայքարում Չինաստանն արդեն մեկուկես տասնյակ մլրդ դոլարը գերազանցող գումար է ծախսել: Ամենալուրջ հարվածը հասցվել է տնտեսության հետևյալ ոլորտներին` հասարակական սննդի կազմակերպում, զբոսաշրջություն և մանրածախ առևտուր: Օքսֆորդի տնտեսական վերլուծությունների կենտրոնի համաձայն, եթե համաճարակը մնա այսօրվա ծավալներում և չընդլայնվի, տարեվերջին Չինաստանի կորուստները կկազմեն մոտ 400 մլրդ դոլար:

Տնտեսական նման հսկայի բացասական ազդակները, բնականաբար, կարձանագրի համաշխարհային տնտեսությունը: Ամենաշատ տուժող երկրների ցանկում Չինաստանի տնտեսական հետևյալ գործընկերներն են` Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա, ԱՄՆ և Գերմանիա: Զուտ այս թվարկումից նկատելի է, որ տնտեսական ցնցումները համաշխարհային մասշտաբ ունեն: Հետևաբար՝ այն էական բացասական ազդեցություն կունենա մեր երկու խոշոր հարևանների՝ Իրանի և Թուրքիայի տնտեսության վրա: Իրանի պարագային այսօր տնտեսական կորուստները չէ, որ առաջին թեման են:

Այս երկրում համաճարակն արդեն գրանցվել է, 15 զոհ արդեն կա: G 20-ի անդամ Թուրքիան արդեն փորձում է իր սահմանները փակելով՝ խուսափել համաճարակից: Թուրքիան նույնիսկ Նախիջևանի հետ սահմանն է փակել (քայլ, որ միանշանակ չի ընդունվում Ադրբեջանում): Թուրքիայում արդեն հաշվում են տնտեսական վնասները: Չին-թուրքական տնտեսական ամուր կապեր չկան: Սակայն վերջին տարիներին Թուրքիայի զբոսաշրջության զարգացումը հիմնականում կապվում էր չինացի զբոսաշրջիկների քանակի աճի հետ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարծիքով՝ համաճարակի սպասում-վախը խիստ բացասական ազդեցություն է թողնելու ոլորտի վրա ամբողջ աշխարհում: Հայ-չինական տնտեսական հարաբերությունների ֆիզիկական ծավալն այսպիսին է՝ 2019թ. արտահանել ենք մոտ 193.4 մլն դոլարի ապրանք: Ներմուծումների ծավալը մոտ 751 մլն դոլար է: Սակայն մեր պարագային էլ կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցությունը, ենթադրվում է, որ ամենամեծ չափով կարձանագրեն նույն ոլորտները: Նույն ոլորտները, ինչ Չինաստանի պարագային: Առաջին հերթին` հասարակական սննդի, զբոսաշրջության և, բնականաբար, մանրածախ առևտրի:

Այս ոլորտները համաշխարհային համաճարակի թիրախն են: Օրինակ, իտալական տուրիստական գրասենյակներն արդեն հայտարարել են, որ 40 տոկոսով նվազել է հյուրանոցային համարների ամրագրումների քանակը: Սա՝ այն դեպքում, որ երկիրը մի քանի օր է՝ հայտնվել է համաճարակի թիրախում: Մեր հարևան Իրանի քաղաքացիները Հայաստան ժամանողների քանակով երկրորդն են: Երկրորդն են Ռուսաստանի քաղաքացիների թվաքանակից հետո: Պաշտոնապես 2019թ. մեր երկիր այցելել է 114.811 իրանցի: Հայաստանից մեկնող իրանցիների թվաքանակը 114.85 է: Սահմանային հատումների վիճակագրությունը բավական հավաստի է: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ դրա վարումը բարդ մեթոդաբանություն չի պահանջում:

Հետևաբար՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության 726 քաղաքացի: Կորոնավիրուսի ևս մեկ բացասական հետևանք կարելի է համարել այն, որ իսլամական-ազգային տոների առաջիկա օրերին զբոսաշրջիկներ չեն լինի: Ահա այսպիսի սպասումներ COVID 19 անունը ստացած վարակից 2020-ին:

Տեսանյութեր

Լրահոս