Արդյո՞ք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է համաչափության սկզբունքը. Սահմանդրական իրավունքի մասնագետ
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շարունակելով սահմանադրական իրավունքի տարրական դասընթացը․․․
ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ
Արդյո՞ք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է այս սկզբունքը։
Համաչափության սկզբունքը ֆունդամենտալ իրավական սկզբունք է։ Այն բխում է իրավական պետության սկզբունքից, այսինքն՝ դրա դրսևորման մի ձև է։ Այս սկզբունքը սահմանափակում է հանրային իշխանության իրականացումը և այդ իմաստով հանդես է գալիս իբրև այսպես կոչված ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ (այո, երկու անգամ) սկզբունքներից մեկը (որոշակիության, հիմնական իրավունքի էության անխախտելիության, առանձին դեպք կարգավորող օրենքի արգելքի սկզբունքների կողքին)։
Համաչափության սկզբունքի ծագման մասին մանրամասն գրել եմ։ Այն, ինչպես որ իրավական պետության սկզբունքը, մաքուր գերմանական «արտադրանք» է։
Համաչափության սկզբունքը պահանջում է, որ անձին ծանրաբեռնող իշխանական ակտը հետապնդի միայն ԼԵԳԻՏԻՄ ՆՊԱՏԱԿ և ՊԻՏԱՆԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ու ՉԱՓԱՎՈՐ լինի այդ նպատակին հասնելու համար։
Հանրային իշխանության հետապնդած նպատակը լեգիտիմ է, եթե այն ծառայում է ընդհանուր շահին, հանրության բարօրությանը։
Լեգիտիմ նպատակին հասնելու համար ընտրված ՄԻՋՈՑԸ պիտանի է, եթե դրանով կարելի է հասնել դրված նպատակին։
Ընտրված միջոցն անհրաժեշտ է, եթե չկան լեգիտիմ նպատակին հասնելու ԱՎԵԼԻ ՄԵՂՄ միջոցներ, այսինքն՝ միջոցներ, որոնք անձին ավելի քիչ են ծանրաբեռնում (այդ պատճառով համաչափության սկզբունքը հաճախ անվանում են նաև ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻԻ ԱՐԳԵԼՔԻ սկզբունք)։
Ընտրված միջոցը չափավոր է, եթե այն ողջամիտ հավասարակշռության մեջ է գտնվում դրված նպատակի հետ, այսինքն՝ եթե այն չի առաջացնում այնպիսի բացասական հետևանքներ, որոնք ակնհայտորեն անհամամասն են ցանկալի արդյունքին (պրոֆ․ Ռոման Հերցոգի խոսքերով՝ «Չի կարելի թնդանոթներով կրակել ճնճղուկների վրա, անգամ եթե դա նրանց քշելու միակ միջոցն է»)։
Համաչափության սկզբունքի մասին այս ամենն իմանալուց հետո յուրաքանչյուր ոք շատ հանգիստ կարող է ստուգել, թե արդյոք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է այս սկզբունքը։
Միակ բարդ հարցը, որ այստեղ ծագում է, այն է, թե արդյոք համաչափության սկզբունքը գործում է նաև հանրաքվեների համար։
Որ ժողովուրդն ինքը հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելիս իրականացնում է հանրային իշխանություն, ինքնին հասկանալի է։ Բայց այստեղ արդեն չափազանց կարևոր է չշփոթել սահմանադրին (pouvoir constituant) սահմանադրություն փոփոխող օրենսդրի (pouvoir constitué) հետ։ Ժողովուրդը սահմանադիր (pouvoir constituant) է միայն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ կամ ԼՐԻՎ ՆՈՐ Սահմանադրություն ընդունելիս։ Արդեն գոյություն ունեցող Սահմանադրությունը փոփոխելիս ժողովուրդն այլևս սահմանադիր չէ, այլ սոսկ սահմանադրություն փոփոխող օրենսդիր (pouvoir constitué), և կաշկանդված է Սահմանադրության անփոփոխելի դրույթներով (սրա մասին արդեն մանրամասն գրել եմ)։ Ու քանի որ համաչափության սկզբունքը, ինչպես արդեն գիտենք, իրավական պետության սկզբունքի դրսևորումներից մեկն է, որն ամրագրված է գործող ՀՀ Սահմ․ 1-ին հոդվածում, որն իր հերթին անփոփոխելի է Սահմ․ 203-րդ հոդվածի ուժով, ուստի հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելիս ժողովրդի իշխանությունը ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է համաչափության սկզբունքով։ Համաչափության սկզբունքը խախտող ցանկացած փոփոխություն անվավեր է։
(Կարծում եմ՝ արդեն բոլորը հասկացան, որ սխալ է, երբ հիմա խոսում են սահմանադրի մասին։ Իրականում պետք է խոսել միայն սահմանադրություն փոփոխող օրենսդրի մասին, որը ենթակա է սահմանադրին։ Ինչպես նաև սխալ է պնդել, թե ժողովրդի իշխանությունն անսահմանափակ է։ Ժողովուրդը հանդես չի գալիս միշտ նույն դերում, ուստի պետք է հստակ տարանջատել ժողովրդին՝ իբրև pouvoir constituant, և նույն ժողովրդին՝ իբրև pouvoir constitué։ Երբ ժողովուրդը հանդես է գալիս իբրև pouvoir constitué, նրա իշխանությունը սահմանափակված է, ինչպես որ հիմա է)։
Ու քանի որ մենք արդեն գիտենք, որ Սահմանադրությունը փոփոխելիս ժողովուրդը հանդես չի գալիս իբրև սահմանադիր, այլ միայն իբրև սահմանադրություն փոփոխող օրենսդիր, ու հենց այդ պատճառով կաշկանդված է համաչափության սկզբունքով, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխությունը պարտադիր պետք է համապատասխաանի այս սկզբունքի պահանջներին։ Յուրաքանչյուր ոք արդեն կարող է շատ հանգիստ ստուգել դա։ Այսպես․
Առաջարկվող փոփոխությունը (ՍԴ յոթ դատավորների լիազորությունները դադարեցնելը) պիտի հետապնդի լեգիտիմ նպատակ։ Իշխող քաղաքական ուժի պնդմամբ՝ փոփոխության նպատակը գործող Սահմանադրության դրույթների հնարավորինս շուտ կենսագործումն է, այսինքն՝ որ ՍԴ դատավորները պաշտոնավարեն 12 տարուց ոչ ավել և իրենց միջից ընտրեն նախագահ 6 տարի ժամկետով։ Ինքնին հասկանալի է, որ սահմանադրական նորմերի կենսագործումը լեգիտիմ նպատակ է։
Այս լեգիտիմ նպատակին հասնելու համար ընտրված միջոցը՝ ՍԴ յոթ դատավորների լիազորությունների դադարեցումը, պիտի պիտանի լինի, այսինքն՝ նպաստի այդ նպատակին հասնելուն։ Պիտանիությունը նույնպես առկա է, որովհետև նոր դատավորները կարող են նշանակվել միայն 12 տարով և իրենց միջից պիտի ընտրեն նախագահ։
Ընտրված միջոցը պիտի նաև լինի անհրաժեշտ, այսինքն՝ չպետք է գոյություն ունենա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց, այն է՝ այնպիսի միջոց, որը ՍԴ յոթ դատավորներին ավելի քիչ կծանրաբեռնի։ Ու այստեղ է, որ մենք ՇԱՏ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄ ունենք։ Իհարկե կա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց։ Նույն նպատակին մենք կհասնենք, եթե ՍԴ այն դատավորների դեպքում, որոնք 12 տարուց ավել են պաշտոնավարելու, պաշտոնավարման ժամկետը նվազեցնենք մինչև 12 տարի ու նաև սահմանենք, որ ՍԴ գործող նախագահի նախագահական լիազորություններն էլ նվազում են մինչև 6 տարի։ Ու վերջ։ ՍԴ-ում կան դատավորներ, որոնց պաշտոնավարմանը մնացել է 2-3 տարի։ Այս մարդիկ ոչնչով չեն խանգարում գործող Սահմանադրության նոր դրույթների կենսագործմանը։ Նրանց ազատելով՝ մենք ոչ մի կերպ չենք հասնում դրված նպատակին, որովհետև նրանք որևէ կերպ չեն խանգարում այդ նպատակին հասնելու հարցում։
Այսպիսով, առաջարկվող փոփոխության ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ նույնպես (ու ոչ թե միայն հանրաքվե նշանակելու ընթացակարգը) հակասահմանադրական է։
Ավելին, ես կարծում եմ, որ եթե ընտրվեր հարցի լուծման այս համաչափ տարբերակը (դատավորների լիազորությունների ժամկետի նվազեցում մինչև 12 տարի և նախագահի լիազորությունների ժամկետի նվազեցում մինչև 6 տարի), ապա որևէ խնդիր չէր լինի նաև նախապես այս փոփոխության սահմանադրականությունը ստուգելու հարցով ՍԴ դիմելը, որովհետև նման համաչափ ու արդար լուծումը հակասահմանադրական ճանաչելը ՍԴ-ի համար շատ դժվար կլիներ, ու ՍԴ-ի նման որոշումը ոչ ոքի չէր համոզի։ Ավելին, այն դատավորները, որոնց մնացել է պաշտոնավարելու 12 տարուց էլ պակաս ժամանակ, ոչ մի շահ չունեին ճանաչելու այսպիսի լուծումը Սահմանադրությանը հակասող, որովհետև այդ փոփոխությունը նրանց իրավունքներն ընդհանրապես չէր շոշափի։
Ավելին, նրանք շահագրգռված կլինեին նման փոփոխության ընդունմամբ, որովհետև դա նրանց համար կստեղծեր իրենց պաշտոնավարմանը մնացած վերջին 2-3 տարում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորություն։ Ու այդ դատավորները, իմ իմանալով, ՍԴ-ում մեծամասնություն են։ Ու արդյունքում կունենայինք հենց ՍԴ-ի որոշմամբ սահմանադրական ճանաչված լուծում։
Ինչո՞ւ չէր կարելի ընտրել հարցի հենց այսպիսի լուծում»:
Շարունակելով սահմանադրական իրավունքի տարրական դասընթացը․․․ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԱրդյո՞ք հանրաքվեով ՍԴ դատավորներին…
Gepostet von Gor Hovhannisyan am Freitag, 28. Februar 2020