
Կոբախիձեն պատմական է որակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չսահմանելու Վրաստանի որոշումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատմական է համարել 2022 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու երկրի իշխանությունների որոշումը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
«Մենք հիշում ենք (նախկին վարչապետ) Իրակլի Ղարիբաշվիլիի՝ երեք տարվա վաղեմության հայտարարությունը: Ես կասեի, որ դա պատմական որոշում և հայտարարություն էր, որը հնչեցրեց պարոն Իրակլի Ղարիբաշվիլին: Այն ժամանակ ուղղակի փորձ էր արվում, որ Վրաստանում լինի էսկալացում, որ Վրաստանը ներքաշվի Ուկրաինայում սկսված ռազմական հակամարտության մեջ, և մեր որոշումները վճռորոշ դեր խաղացին այն բանում, որ Վրաստանում չստեղծվի երկրորդ ճակատ», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Վրաստանի վարչապետը նաև սկզբունքային է անվանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու որոշումը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները նշանակում էին էսկալացում, որը ցանկանում էին չարակամները, ինչպես նաև Վրաստանի «տնտեսության քայքայում»։
2022 թվականի փետրվարի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին, լինելով Վրաստանի վարչապետ, հայտարարել էր, որ չի նախատեսում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Նույն տարվա մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ էր կանչել երկրի դեսպանին՝ պատժամիջոցների հարցում վրացական իշխանությունների դիրքորոշման պատճառով։
Վրաստանի կառավարության սույն որոշումը քննադատել է նաև ընդդիմությունը՝ հանրապետության իշխանություններին մեղադրելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մեջ։ Իշխող կուսակցության ղեկավարությունը հաճախ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին և որոշ եվրոպացի քաղաքական գործիչների Վրաստանի տարածքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձի մեջ։