«Երբ խաղում ես քեզ պարտադրած խաղի կանոններով, դու տանուլ ես տալիս. Պատերազմը հաղթածը պիտի խաղի կանոններ պարտադրի». Բելլա Լալայան

168.am-ի հարցազրույցը Արցախի նախագահի թեկնածու Բելլա Լալայանի հետ:

Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել՝ որպես Արցախի նախագահի թեկնածու: Արցախին արդյո՞ք կին նախագահ է անհրաժեշտ:

– Որոշմանս հիմքում նախ այդ կարծրատիպերը կոտրելու նպատակն էր, քանի որ Արցախում, քաղաքական դաշտում, կանանց միշտ երկրորդական դերեր են տալիս: Երկրորդ՝ ես մտածում եմ, որ Արցախին հենց այս պահին պետք է կին ղեկավար: Սա գուցե առաջին հայացքից մի քիչ անհեթեթ հնչի, բայց կինը բնազդով իր ունեցածն ատամներով է պահում: Ես մտածում եմ, որ Արցախին պետք են հոգատար ձեռքեր և ունեցածն ատամներով պահելու կնոջ բնազդ: Երրորդ՝ առաջադրվելուս նպատակներից մեկը նաև այն էր, որ օրինակ լինեմ  կիրթ պայքար վարելու, առանց մրցակիցների դեմ կեղտոտ ու գռեհիկ արշավի:

Ես գուցե այն եզակի մարդկանցից եմ, որն իր հնարավորությունները ռեալ է գնահատում. այն աշխատանքը կամ պարտականությունը ես չեմ ստանձնի, եթե կասկածեմ իմ հնարավորությունների վրա, որքան էլ դա գայթակղիչ լինի: Ես միանշանակ համոզված եմ, որ կարող եմ երկիր ղեկավարել: Գուցե սրա հիմքում ընկած է իմ 15 տարվա լրագրողական ակտիվ աշխատանքը, բոլոր ոլորտների խնդիրներին, մեր հանրության, մարդկանց դժգոհությունների պատճառներին տիրապետելը, ինչպես նաև՝ պետությունն ապահով դարձնելու գրավականներին:

Իմ մրցակիցների համեմատ՝ քարոզարշավ անցկացնելու իմ հնարավորությունները, կարողությունները, իհարկե, շատ համեստ են, բայց դա ինձ չի ընկճում, որովհետև եթե թեկնածուների մեջ մարդիկ կան, որոնք շատ պիտի աշխատեն, որ հայտնի դառնան, ես վաղուց բաց եմ հանրության առջև, իմ գործունեությունը ծավալել եմ շատ բաց, անունս հնչել է տարբեր առիթներով և հարցերով, որովհետև իմ տեսակետը միշտ տարբեր է եղել, ես այն երբեք չեմ համաձայնեցրել ոչ մեկի տեսակետի հետ՝ իշխանության կամ ընդդիմադիր ականջին հաճո՞ է, թե՞ տհաճ, իրերը միշտ կոչել եմ իրենց անուններով: Եվ գուցե հենց սրա համար է, որ այսօր գործազուրկ եմ: Ես հոգնել եմ «գլուխս պատին խփելուց»՝ ինչ-որ մի բան ուղղելու համար, դրա համար աշխատանքս թողեցի, մինչև վերջին պահը մտադիր չէի առաջադրվել, քանի որ հույս էի փայփայում, որ կառաջադրվի մի թեկնածու, որը շատ հայրենասեր է:

Գուցե «հայրենասիրություն» բառն արդեն շատ ծեծված է, բայց մենք ենք մեր գործունեությամբ նպաստել դրա արժեզրկմանը, մեր հանրությունը: Ես կարծում եմ, որ թե Արցախին, և թե Հայաստանին պետք է չափազանց հայրենասեր, անձնուրաց նվիրյալ մարդ, որը կմոռանա իր անձը և կծառայի հայրենիքին: Դա առաքելություն է, իսկ այդ հարցում ինձ ոչինչ չի խանգարում: Կարծում եմ՝ հայրենասիրությանս վրա ոչ ոք չի կասկածում:

– Դուք լրագրողական գործունեության ընթացքում շատ եք լուսաբանել պաշտպանական ոլորտի, բանակի խնդիրները, այսինքն՝ ուրիշի պատմածով չէ, որ ծանոթ եք դրանց, ըստ այդմ՝ որպես Արցախի նախագահի թեկնածու՝ Արցախի անվտանգության, պաշտպանության ոլորտների և բանակի զարգացման հետ կապված, ի՞նչ ծրագրեր, առաջարկներ ունեք:

Բանակն իմ թույլ կողմն է, իմ սիրած թեման է, որի հետ կապված հարցերը քննարկելիս սիրտս թրթռացել է միշտ: Ես իմ լրագրողական գործունեության առաջին իսկ տարիներին մեկնել եմ սահման, եղել եմ զինվորի կողքին: Եվ սա ոչ թե նրա համար, որ արտակարգ արարք եմ համարել: Ոչ, սա ես պարտականություն եմ համարել, որ զինվորը տեսնի՝ եթե կինը գնում է սահման, ուրեմն այնտեղ իր համար անվտանգ է: Հետո միշտ ցանկացել եմ սահմանին կանգնած զինվորի համար փոխարինել իր մորը, քրոջը, որոնք այդ պահին հեռու են իրենից: Մենք բավականին մեծ անելիքներ ունենք այդ ոլորտում. պատերազմող երկրում ամենաապահով խավը պիտի լինի սպան, սպայի միտքը երբեք չպետք է զբաղված լինի իր ընտանիքի հոգսերով, նրա ուսադիրն ու համազգեստը պիտի միայն ասոցիացվի ակնածանքի, հարգանքի հետ:

Այսօրվա դրությամբ հակառակն է. մենք տեսնում ենք, որ մեծ թափով մի գործընթաց է սկսվել մեր երիտասարդների համար օրինակ հանդիսացող հերոսների դեմ: Մենք այնքան ենք հեռացել ամեն ինչից, որ արդեն «հերոս» բառն էլ է իմաստազրկվել: Բացի սրանից, ես գտնում եմ, որ Արցախում պիտի գործի ռազմական ամբիոն, քանի որ աբսուրդ է ինձ համար պատերազմող երկիրը՝ առանց ռազմական ամբիոնի, որտեղ պիտի պատրաստենք բարձրագույն կրթությամբ և բարձր «որակի» սպաներ: Մի պահ է եղել, որ բանակը համալրել են առանց համապատասխան կրթության մարդիկ, դա այդ պահին անհրաժեշտ է եղել, բայց ժամանակի ընթացքում պիտի հաղթահարեինք դա ամբողջությամբ: Իհարկե, սպառազինությունը, տեխնոլոգիաները, ինժեներական կառույցները կարևոր են, բայց ամեն ինչը սպայից է գալիս: Իսկ սրա համար համապատասխան պետական քաղաքականություն պիտի տարվի, որի հիմքում պիտի գաղափարախոսություն լինի:

Մեր թշնամին մանկապարտեզից սովորեցնում է՝ հայն իրենց թշնամին է, մենք առ այսօր «հակառակորդ» բառն ենք օգտագործում: Նրանք մեր հակառակորդը չեն, մեր թշնամին են, տեղեկատվական պատերազմի դաշտում չպետք է զիջենք Ադրբեջանին: Մանկապարտեզից, դպրոցից պիտի ցույց տալ, որ մեր անվտանգությունը կախված է բանակից: Բանակի հզորությունը, սպան, զինվորը, նրանց մարտական ոգին ամեն ինչի գլխավերևում են: Դպրոցներում պիտի վերանայել նախնական զինվորական պատրաստության դասերն անցկացնելու մեթոդներն ու ժամաքանակը, այսօրվա դրությամբ այն կարծես երկրորդական՝ ֆիզկուլտուրայի նման մի առարկա լինի: Այդպես չպետք է լինի:

– Վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակը, իրար հաջորդած ոչ մարտական մահվան դեպքերն օրակարգային թեմա են դարձել, անգամ պաշտոնանկություններ եղան: Ըստ Ձեզ՝ այստեղ ի՞նչ խորքային պատճառներ կան:

Շատ ցավոտ հարց եք բարձրացնում: Մի շարք խնդիրների հանրագումարում մենք հայտնվել ենք այս վիճակում. նախ՝ հերոսների պատվազրկումը, բանակը, սահմանը, մարտական ծառայությունը նսեմացնելը: Այս բոլոր երևույթների հանդեպ տարվում է ոչ հարգալից քաղաքականություն: Այսինքն՝ երիտասարդ սերնդի ուղեղները լվանում են, և փոխարենը՝ պատանու համար նվիրական երազանք, հպարտություն լինի զինվորական համազգեստ կրելը և բանակում ծառայելը, խուսափում են շատերը: Երկրորդ՝ համոզված եմ, որ խնդիրներից մեկն այն է, որ սպան չունի այն հեղինակությունը բանակում, որը պիտի ունենար: Դուք կարո՞ղ եք միջազգային օրինակով ցույց տալ, օրինակ, երբ սպան վախենա զինվորին նկատողություն անել: Ո՞նց կարող է սպան հսկել իրավիճակը, եթե իր խոսքն ազդեցիկ չէ: Երբ սպային բերենք և հասցնենք այն մակարդակին, որին ինքն արժանի է, և որով ցույց տանք զինվորին, որ սպան հեղինակություն է, օրինակ, որին պիտի ձգտես նմանվել, հարգել, այն ժամանակ կտեսնենք, որ այդ խնդիրները հարթվում են:

– Սա նշանակում է՝ պիտի ունենալ բոլոր տեղերում որակյալ սպաներ:

Ես ասացի, որ պետք է ունենանք ռազմական ամբիոն և պատրաստենք որակյալ սպաներ: Պատերազմող երկրում սպա դառնալը պիտի պատվաբեր լինի, զինվորական համազգեստ կրելը պիտի պատիվ համարվի, մենք այսօր «պատվազրկում» ենք համազգեստը, քանի որ տեսնում ենք, որ այն հագնում են   բանվորները, հովիվները,  դրսում, դա հագած՝ խողովակ են փոխում: Սա պիտի արգելել: Ամեն ինչ այսպիսի մանրուքներից է սկսվում: Չի կարող սպայի, զինվորականի համազգեստը հագնել շինարարության մեջ աշխատող բանվորը: Մենք հիմա մեր սխալ քաղաքականության հետևանքներն ենք քաղում:

Մենք մեր բոլոր հերոսներին կեղտոտ պայքարների մեջ ներառեցինք, բոլորի անունները շոշափեցինք տարբեր թեմաներով: Ասացեք խնդրեմ՝ ո՞վ է մեր սերնդի համար փարոս, հերոս լինելու, ում պիտի նայեն և ասեն՝ ուզում եմ այդպիսի գեներալ լինել: Մենք դրանով վնասում ենք մեզ, իսկ մեր թշնամին հակառակն է անում: Քանի մենք մեր ուժը ջլատում ենք, մեր թշնամին հակառակ գործողությունն է անում: Մենք մեր հերոսներին, որոնք աննկարագրելի ծանր պայմաններում հաղթանակ են տարել, հեղինակազրկում ենք, քարկոծում ենք, իսկ թշնամին քնած սպային գլխատողին հերոսացնում և օրինակ է դարձնում իր սերնդի համար: Մենք սրա հետևանքները դեռ երկար ենք զգալու. մինչև այսքանն ուղղենք, երկար ժամանակ է պահանջվելու: Եթե ես նախագահ դառնամ, առաջնային խնդիրներից մեկը լինելու է բանակի և սպայի հեղինակությունը, արժանապատվությունը վերականգնելը, որ ամեն երիտասարդ մտքով լինի բանակում, երազի, թե երբ է լրանալու 18 տարին, որ գնա ծառայի:

Բանակը պիտի համալրել կիրթ, ուսյալ, պատրաստված սպաներով: Այս համատեքստում ուզում եմ մի խնդիր էլ շոշափել՝ բանակի դռները լայն չպետք է բացել բոլորի առջև, պետք է փոխել բանակ-հասարակություն կապի ձևերը, քանի որ տեղեկությունների արտահոսք է տեղի ունենում, որի սպառողը դառնում է թշնամին, նա առանց ջանք գործադրելու՝ մեզնից բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ստանում է: Մի քիչ շեղվեմ բանակային թեմայից և ասեմ, թե ինչ խնդիր եմ լուծելու, եթե դառնամ Արցախի նախագահ: Խոսքը վերաբերում է մեր ազգի երկու հատվածների տարանջատվածությանը, բաժանարար գծերին: Այս հարցը լուծելու համար պիտի քրեականացնել ազգի երկու հատվածների միջև ատելություն, թշնամանք սերմանելու արարքները, ինչպես նաև՝ բանակը միտումնավոր վարկաբեկելու փորձերը, որովհետև բանակը դա մեր կյանքի գրավականն է: Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այն մերժողներին քրեորեն պատժեն, բայց մենք մեր ներսում ազգի մի հատվածի, իրար հանդեպ թշնամանք ենք սերմանում, որը կործանարար հետևանքների է տանելու:

– Վերադառնալով վերևում ասված մտքին՝ հերոսների հետ կապված, ուզում եմ մի լրացում անել՝ չե՞ք կարծում, որ կա մի սահման, որը չպիտի անցնի երբեմն նաև հերոսը, օրինակ, եթե օրինախախտում է թույլ տվել, չպետք է թաքնվի պատերազմի մասնակցի կամ հերոսի անվան տակ: Այլ հարց է, որ հենց ամենասկզբից պատերազմի մասնակիցների, հերոսների արարքներին ըստ հարմարության, զուտ քաղաքական գնահատական ենք տվել, մինչդեռ կարող էինք տալ իրավական գնահատական՝ չնսեմացնելով հերոսի կերպարը:

Իհարկե, միանշանակ համաձայն եմ ձեզ հետ: Ոչ մի կերպ Արցախում կռված լինելը չպետք է «թաքստոց» հանդիսանա, եթե, ինչպես ասացիք, կա օրինախախտում, և չկա քաղաքական գործոն: Մենք սպասել ենք, որ խնդիրները կուտակվեն, համբերել ենք, ներել ենք, դրա համար այսօր այս վիճակն է. միանգամից լավն ու վատը, հերոսն ու դավաճանը խառնվել են: Սա մի ժամանակաշրջան է, որը պիտի խոհեմ հաղթահարենք, ոչ թե ամեն ինչ քանդենք, հավասարեցնենք: Ինչպես Խորհրդային Միությունից անջատվելով՝ ամեն ինչն ենք քանդել, նույնը հիմա ենք անում, մենք պիտի ամեն ժամանակից լավը վերցնենք:

Իսկ սխալ հերոսներին, որին դուք նկատի ունեք, երբ տարիներ առաջ ոչ ոք նրանց բան չէր ասում, ես քննադատել եմ: Իհարկե, սրա համար լուրջ խնդիրների առաջ եմ կանգնել, բայց իմ խոսքերից հետ չեմ կանգնել: Այն հերոսները, որոնք ստոր արարքներ են ցույց տվել, դրանց մասին վաղուց եմ բարձրաձայնել: Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ այս ամենը չպետք է այսպես լինի, կարգավորման ձևը սխալ է: Այսօր քաղաքական և կամայական գնահատականներ են տրվում հերոսներին, նրանց արածներին: Եվ հետո ամեն ինչ շատ հարաբերական է, իդեալական մարդ չկա: Ավելին, խոսում ենք անարդարություններից, բայց նույնը մենք ենք թույլ տալիս:

Այսինքն՝ ովքեր այսօր անարդարության դեմ են պայքարում, նույն անարդարությունն իրենք են անում, դա շարունակվում է: Այդ դեպքում՝ ինչի՞ դեմ ենք պայքարում: Ստացվում է, որ անձնական հակակրա՞նք ունենք մի քանի հերոսի հանդեպ, մեր նպատակը նրանց հեղինակազրկե՞լն էր: Կրկնում եմ՝ պիտի շատ խոհեմ լինենք, երկիրը ներսից կազմաքանդելու առումով մեծ դեր ունի սոցիալական ցանցը, ուստի պիտի որոշակի սահմանափակումներ լինեն: Սրա միջոցով լվանում են մարդկանց ուղեղները, սեփական երկրի հանդեպ թշնամանք սերմանում: Ես ուզում եմ ունենալ մի հասարակություն, որի համար պետությունը սեփական ընտանիքի նման մի բան է: Ընտանիքի ներսում կարող եմ իմ ծնողին «նկատողություն» անել, բայց ոչ երբեք՝ նվաստացնելու համար, այլ ասել, որ դու՝ որպես ծնող, սխալ ես եղել այսինչ հարցում: Իսկ հիմա մենք ամբողջ աշխարհի առաջ ինքներս մեզ, մեր «ընտանիքը» խայտառակում ենք:

– Արցախի ընտրական հարթություն տեղափոխվենք. նախագահի բազմաթիվ թեկնածուներից 3-4-ն են համարվում գլխավոր «խաղացող»՝ խոշոր հողատեր, սեփականատեր կամ տնտեսագետ, զինվորական, քաղաքական գործիչ, միջազգային հանրությանը հասկանալի բանակցող: Արցախի ժողովրդին այսօր ի՞նչ նախագահ է անհրաժեշտ:

Ես այսպես կասեմ՝ եթե այսօր նվազագույն աշխատավարձը ցածր է սպառողական զամբյուղից, ուրեմն չեմ կարող ասել, որ նրանց մեջ լավ տնտեսագետ կա, եթե առայսօր Արցախի դեմ քաղաքական հայտարարություններ են հնչում, եթե ստեղծված չէ մի իրավիճակ, որ ամեն մարդ իր համար օրենք սահմանած լինի, որ Արցախի հարցն այլ լուծում չունի, քան իր սահմաններում իր կարգավիճակը հաստատելը, ուրեմն այդ թեկնածուների մեջ չունենք քաղաքական գործիչներ: 30 տարին բավարար է եղել, որ շտկենք իրավիճակը: Այնուհանդերձ, մի քանի հոգի ունեն հնարավորություններ, որոնք ասես կանխորոշված լինեն: Բայց Աստծո գործերն անքննելի են, ես չգիտեմ՝ ինչ է լինելու, ով արժանի կդառնա այդ բեռը վերցնելու: Եվ եթե տվյալ անձը կարողանա այդ բեռը հաղթահարել, ես միայն ուրախ կլինեմ: Չպետք է մոռանանք, որ պատերազմող երկիր ենք, և եթե հանկարծ բարի կամքով մի սանտիմետր անգամ զիջենք թուրքին, ես կամաչեմ ասել, որ հայ եմ, կամաչեմ ներկայանալ որևիցե տեղ՝ որպես արցախցի հայ: Հույս ունեմ, որ թեկնածուներն այս գաղափարին են, որովհետև կան մարդիկ, որ, ըստ որոշ տեղեկությունների՝ արևմտամետ են, իսկ մենք գիտենք, թե Արևմուտքն ինչ քաղաքականություն և տեսակետներ ունի Արցախի խնդրի վերաբերյալ:

Դրա համար սկզբից ասացի՝ Արցախին պետք է կին ղեկավար, որ մայրական բնազդով՝ ատամներով պահի ամեն ինչ: Մի կարևոր խնդիր, որը պիտի իրականացնեմ, դա 2 պետություն, մեկ հայրենիք տեսլականն է: Սա պիտի մտնի մարդկանց ուղեղի մեջ, յուրաքանչյուրի՝ որպես հայեցակարգ: Այսօր պառակտելու ձևերից մեկը նաև սա է՝ միանում եք, չեք միանում: Համարեք, որ դե յուրե միացած ենք, դա ձեզ ի՞նչ է տալու: Բայց մենք միացած ենք և ձևական կոչվում ենք 2 պետություն. նույն լեզուն է, նույն արտարժույթը, նույն օրինական, տնտեսական դաշտում ենք, եթե ՀՀ-ում մի օրենք է ընդունվում, այստեղ մեր օրենքները համապատասխանեցվում են դրան: Գուցե սխալ է, որ 2 պետություն է, բայց ի սկզբանե է սխալ գնացել ճանապարհը, որը, գիտենք, թե ումից է եղել, իսկ հիմա միացած ենք այնպես, ինչպես ասացի վերևում: Այդ զրույցները, թե ինչու չեք միանում, Արցախը մարզ է, պետություն չէ, այսօր արդեն ճիշտ չէ: Ո՞նց կարելի է Երևանի սրտում Արցախի նախագահին ամբիոնից մարզպետ համարել, կամ նրա հասցեին սպառնալիքները, որ՝ քարով կտամ… սա սադրանք է, օրինակ…

Մենք շատ անելիքներ ունենք, շատ վտանգավոր ժամանակ ենք ապրում: Չեմ ուզում ասել, որ մեր ազգի մեջ կան դավաճաններ, «թուրքեր»: Իմ դեմ ամեն տեսակ գրոհ եղավ, բայց ես ոչ մեկին թուրք չանվանեցի: Բայց մի բան հստակ է՝ Արցախի հարցով պիտի զբաղվի պատերազմով անցած, մարտական հերթապահություն իրականացրած, վառոդի հոտը զգացած մարդը, անկախ նրանից՝ դա կլինի Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Պողոս Պողոսյանը: Ով պատերազմով չի անցել, չի կարողանալու այս հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերել և բանակցություններում չի ունենալու այն կամքը, հպարտությունը, վճռականությունը, որը պետք է, այլ նրա համար դա լինելու է սովորական բանակցություն, որովհետև մաշկի վրա չի զգացել, թե ինչի արդյունքում ունենք Արցախ, այն սահմանները, որոնք այսօր ունենք, և ինչ կլինի, եթե Արցախը կորցնենք:

– Նախկինները պատերազմով անցած էին, մեր դիրքերը միշտ ամո՞ւր են եղել բանակցություններում:

Իրենք քաղաքական մանյովրների մեջ էին՝ այսպես ասենք, որ այսպես լինի, այնպես ասենք, որ այնպես լինի: Դիվանագիտությունը նաև այդ նրբությունն ունի: Ես երկար եմ մտածել, թե ինչու է Սերժ Սարգսյանը համաձայն եղել կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձին: Մյուս կողմից՝ համոզված եմ՝ նա գիտեր, որ Ալիևը չի համաձայնելու դրան, դրա համար դիվանագիտական խաղ է խաղացել: Իմ տեսակետը եթե հարցնեք՝ ոչ մի դիվանագիտական խաղ չպետք է խաղալ, այլ կտրուկ պիտի ասել՝ մենք ընդամենը ցանկացել ենք ինքնորոշվել, դուք դեմ եք եղել և պատերազմ եք սանձազերծել, մենք էլ հաղթել ենք այդ պատերազմում, ձեր խնդրանքով այսինչ սահմաններում կանգնեցրել ենք պատերազմը, և, եթե ուզում եք հարցը քննարկել, եկեք հետագան քննարկենք, մյուս տարածքների հարցը՝ Գետաշեն, Մարտակերտի շրջանի մի հատված, Շահումյան: Այսինքն՝ եկեք դրա մասին խոսենք, ոչ թե այն, ինչն արյունով ենք գնել ձեր կողմից մեր վզին փաթաթած պատերազմի արդյունքում: Երբ խաղում ես քեզ պարտադրած խաղի կանոններով, դու տանուլ ես տալիս: Եթե դու ես հաղթող եղել, դու պիտի խաղի կանոնները պարտադրես, ոչ թե՝ պարտվածը, որ ստիպված չլինենք Տիգրան Մեծից խոսել, խաղաղություն մուրալ: Ինչքան դու խաղաղություն խնդրես, այդքան վտանգում ես քո երկրի անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքը միայն ուժից է վախենում: Պիտի հզորացնել բանակը և հստակ արտահայտել մեր դիրքորոշումը՝ առանց դիվանագիտական խաղերի:

– Ենթադրենք, որ Դուք Արցախի նախագահն եք, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համագործակցությունը ՀՀ ներկա իշխանությունների հետ գաղափարական հակասությունների պարագայում:

Եթե ես նախագահ դառնամ, ինձ համար առաջնահերթ արժեքներ են լինելու բանակը, դրա հանդեպ որևէ ստոր արարք քրեորեն պատժվելու է, ազգային արժեքները, հայոց լեզուն: Այստեղ տարածված էր, որ իրենց երեխաներին տանում էին ռուսական դպրոց, հատկապես՝ պաշտոնյաները, իմ հայրը պաշտոնյա էր, բայց իր 4 երեխաներին հայկական դպրոց է տարել, չի թողել իրեն «պապա» ասել: Պատկերացրեք՝ ինքնավար մարզի ժամանակ իրեն «հայրիկ» ենք ասել, որովհետև ասել է՝ կամ հայրիկ ասեք, կամ՝ անունս, տանը չի թողել խոսակցականում ընդունված  ռուսերեն որևէ բառ օգտագործենք: Իմ հայրն ազգամոլ է եղել: Իմ այս խելագար հայրենասիրությունը ներարկված է: Մենք պայքարել ենք, որ վերադարձնենք մեր ավանդույթները, խաչակնքել չենք իմացել, որովհետև խորհրդային տարիներ էին: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանը, ՀՀ իշխանությունները կհարմարվեն այս տեսակետին, որ պետք է եվրոպական վատ արժեքներն աղբարկղը գցել, ստանձնել զուտ կամ խիստ ազգանպաստ քաղաքականություն, կերպար, մնացած հարցերը ստորադասել դրան: ՀՀ իշխանությունների հետ իմ հակասությունն անձնական չէ, ինձ համար նշանակություն չունի՝ այնտեղ Նիկոլն է, թե Դավիթը, թե մեկ ուրիշը: Ես իրեն որպես պատգամավոր եմ ճանաչել, այսօր տեսնում եմ, որ որպես վարչապետ՝ սխալ բաներ է անում ազգային անվտանգության տեսանկյունից, ազգային արժեհամակարգի դեմ: Ես սա չեմ ընդունում, վաղը եթե Նիկոլ Փաշինյանը փոխի իր այս քաղաքականությունը, ես իրեն առաջին գովացողներից եմ լինելու:

Տեսանյութեր

Լրահոս