«Համակարգը դիմադրում է անորոշության վախից». Սերոբ Խաչատրյան

«Երբ փոփոխությունների հնարավորություն է տրվում, մոտեցումը պետք է ամբողջական լինի»,- այս մասին այսօր հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» նախագծին՝ հավելելով, որ, թեև այն հանրակրթության մասին է, սակայն փոփոխությունների մեծ մասն ուղիղ դպրոցին չեն վերաբերում:

Ա. Բլեյանը միայն սեփական կարծիքը չներկայացնելու համար խնդրել էր, որ օրենքի փոփոխության մասին իրենց կարծիքը հայտնեն նաև իր գործընկերները:

«Ամենամեծ փոփոխությունը հոդված 30-ինն է, որը վերաբերում է հանրակրթության բնագավառում պետական լիազորված մարմնի իրավասություններին, որոնք մի ժամանակ Կառավարությանն էին, հիմա՝ ԿԳՄՍՆ-ինը: Կամ՝ տեսչական մարմնի հետ կապված փոփոխությունները. դրանք վաղուց պետք է արվեին, լավ է, որ հիմա արվում են, բայց ուղիղ կապ չունեն դպրոցի հետ: Փոփոխությունները դպրոցների համար բարելավում չեն ապահովում, սա իմ ձևակերպումը չէ, խոսք չկա դպրոցի, ուսուցչի, սովորողի ինքնուրույնության մեծացման, հնարավորությունների ընդլայնման, ղեկավարման ապակենտրոնացման, ուսուցչի կարգավիճակի հստակեցման մասին»,- իր աշխատակիցների եզրակացություններից մեջբերեց Բլեյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ ռազմավարության հիման վրա են կատարվում այս փոփոխությունները:

«2019-ի մայիսին Կառավարությունն ընդունել է 2019-2023թթ. միջոցառումների պլան, և ըստ այդ պլանի՝ անցած տարվա ամռանը և աշնանը պետք է ունենայինք կրթության ռազմավարություն, ուսուցիչներին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, մինչև հունվարի 20-ը վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվեին միջնակարգ կրթության չափորոշիչներ, որոնցից ոչ մեկը կատարված չէ: Գաղափարական, ռազմավարական հիմքը, որը ճիշտ ձևով պլանավորել էր ԿԳՄՍՆ-ն, չի արել, հիմա այս օրենքի փոփոխությունները նախկին, հին ձևերով՝ կոսմետիկ բաներ պետք է փոխեն ընդամենը»,- ասաց  Խաչատրյանը:

Անդրադառնալով դրական կողմերին՝ փորձագետը նշեց, որ փոփոխություններով ավելի մասնակցային է դառնում տնօրենի ընտրության գործընթացը, դրան կկարողանան մասնակցել դպրոցի տարբեր խորհուրդների ներկայացուցիչներ՝ մանկավարժական, աշակերտական, մեթոդմիավորումներ, հարցը մնում է, թե դա ինչպես կկիրառվի: Փոփոխություններով նախատեսվող «հեռավար» ուսուցման մասին Սերոբ Խաչատրյանն ասաց, որ դա կարող է խնդրահարույց լինել.

«Փաստորեն, օրենքով հնարավորություն է տրվում դպրոցներին, որ, եթե չունեն մասնագետ, ապա ուսուցումը կարող են կազմակերպել հեռավար ձևով: Լուրջ մտահոգություններ ունեմ, որ այս դեպքում դպրոցները կարող է լուրջ ջանք չդնեն՝ ինչ-որ մեկին գտնելու, իսկ բուն կրթության գործընթացում ուսուցչի ֆիզիկական ներկայությունը շատ կարևոր է, քանի որ դպրոցական կրթության մեջ կարևորը դաստիարակության էլեմենտն է»:

Սերոբ Խաչատրյանը հիշում է, որ մի քանի տարի առաջ առաջատար դպրոցների մասնագետները փորձել են հեռավար ուսուցում անցկացնել մարզերի այն դպրոցների համար, որոնք մասնագետներ չունեն, սակայն փորձը հաջողությամբ չի պսակվել՝ կապված ինտերնետ հասանելիության, տեխնիկական հնարավորությունների և լսարանի կենտրոնացման խնդրի հետ:

Աշոտ Բլեյանը, սակայն, հակառակ մտահոգությունն ունի. Նա պնդում է՝ հեռավար ուսուցման ավելի լայն կիրառում է պետք թույլ տալ, որ աշակերտը կարողանա  ընտրել կրթության այդ ձևը՝ անգամ այն դեպքում, երբ իր դպրոցն ունի անհրաժեշտ մասնագետը, սակայն նրա տված գիտելիքներն իրեն չեն բավարարում:

Արձագանքելով հնչած մտահոգություններին՝ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց.

«Հեռավար ուսուցման լայն կիրառումը ռիսկային է, քանի որ այդ դեպքում կարող է դպրոցները դատարկվեն, և աշակերտների հիմնական մասը նստեն տանը, հետագայում էլ՝ ավագ դպրոցում, կրկնուսույցի մոտ պարապեն և դպրոց չգան: Մենք բացառիկ դեպքեր և ժամանակավոր վիճակ ենք դրել հեռավար ուսուցման համար: Եթե երկու կամ երեք անգամ մրցույթ է հայտարարվում, և մասնագետը չի գտնվում, դպրոցը կարող է դիմել հեռավար ուսուցման համար: Բայց այդ ընթացքում օրենքի սահմաններում հնարավոր բոլոր օղակներով պետք է գտնել ֆիզիկական անձ, որը կգնա և կդասավանդի: Ինչ վերաբերում է ուսուցչի որակին, ապա պետք է ձգտենք ունենալ լավ ուսուցիչներ, որ երեխան գնա դպրոց, հաղորդակցվի իր հասակակիցների հետ»:

Աշոտ Բլեյանի խոսքով՝ դպրոցների դատարկվելու վտանգը ոչ թե պետք է մտահոգություն, այլ ահազանգ լինի, որպեսզի դրանք փոխվեն ու ավելի հետաքրքիր դառնան աշակերտի համար:

Սոֆյա Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ նախագծի ընդունումից հետո չեն լինելու նախարարության կողմից սահմանված «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և նման այլ անվանակարգեր, քանի որ դրանք սահմանափակում են:

«Մենք դպրոցներում ունենք համընդհանուր ներառականություն, և տարիներ շարունակ դպրոցներում աշխատել են հոգեբաններ, սոցաշխատողներ, գրադարանավարներ և այլք: Այս մարդիկ որևէ ուշադրության չեն արժանանում, և կա նաև մասնագիտական արժանապատվության խնդիր, որ, օրինակ, հոգեբանին տան «Լավագույն ուսուցիչ» կոչում: Այստեղ փոփոխություն է եղել, և ուղղակի դրված է «Տարվա լավագույններ» խորագիր»,- ասաց Հովսեփյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է՝ օրենքի փոփոխությամբ որևէ լուծման չեն հասնելու, քանի որ առավել համակարգային մոտեցում է պետք:

«Այնպես չէ, որ այդ օրենքի թանաքը պոկվում, գնում-նստում է ուսուցիչների սրտի ու գլխի մեջ, և իրենք դրա հիման վրա այլ կերպ են աշխատում: Մեզ պետք է, որ նախարարությունն ունենա քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդկանց թիմ, որոնք գնան ուսուցիչների, դասախոսների, տնօրենների, ռեկտորների հետ աշխատելու ամենօրյա ճանապարհով: Վերջերս հաճախ է խոսվում, որ համակարգը դիմադրում է: Մարդիկ հաճախ դիմադրում են անորոշության վախից, եթե հստակ, պարզ ներկայացվի, թե ինչ ենք ուզում անել, ովքեր են դա անելու, դիմադրությունն էլ կթուլանա»,- ասաց կրթության փորձագետը՝ նկատելով, որ առանց գաղափարախոսության՝ հնարավոր չէ ունենալ կրթական ծրագիր:

Տեսանյութեր

Լրահոս