Սումգայիթի գործողությունները պետք է որակվեն՝ որպես ցեղասպանական գործողություններ. ԱԺ-ն վաղուց պետք է ընդուներ այդպիսի փաստաթուղթ. Լարիսա Ալավերդյան

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար:

«Երբ Սովետական Միության Գերագույն խորհրդում ասացին, որ կատարվածը պետք է ցեղասպանություն որակվի, Գորբաչովը շատ կոշտ կերպով կանխեց՝ ասելով, որ «դրանք  ուղղակի խուլիգանական գործողություններ էին՝ մի խումբ տականքների կողմից»: Սումգայթիցիներից մենք հանդիպել ենք երկու հոգու, ովքեր աշխատում էին Ադրբեջանի երկաթյա խողովակների պատրաստման գործարաններից մեկում, պատմում էին, որ իրենք փետրվարի 20-ից հետո պատրաստում էին երկաթյա ձողեր, կացիններ, մուրճեր, որոնք հետո  օգտագործվել են այդ ցեղասպանական   գործողության ժամանակ»,-  «Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի 32-րդ տարելիցին՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ ջարդերի ժամանակ հայերին ոչ թե գաղտնի, այլ, հակառակը՝ ցուցադրական են սպանել:

«Հանցագործություններում ներգրավված էին 7-8 տարեկան երեխաներ: Հիմա նրանք մոտ 40-50 տարեկան են և ամեն ինչ շատ լավ հիշում են: Դա հանցագործություն էր Ադրբեջանի կողմից, և փաստաթղթերն ապացուցում են դա: 1991 թվականից սկսած հնչեցրել ենք՝ ժամանակն է, որ նորանկախ Հայաստանը, գոնե հետևելով Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդին, ընդունի այնպիսի որոշում, որով այդ  գործողություններին տրվում է համաչափ որակավորում, ոչ թե ամեն տարի կրկնենք, որ դա եղել է կոտորած, ողբերգություն: Դա եղել է հանցագործություն՝ Ադրբեջանի կողմից: Բոլոր գործողությունները պետք է որակվեն՝ որպես ցեղասպանական գործողություններ: ՀՀ ԱԺ-ն վաղուց պետք է ընդուներ այդպիսի փաստաթուղթ: Պնդում եմ, որ բոլոր ընտանիքների անդամները, որոնք ունեն այդտեղ սպանված մարդիկ,  հատուկ սոցիալական  հոգածության ներքո պետք է վերցվեն: Այնինչ, ստացվում է, որ նորանկախ Հայաստանը համարում է, որ ուղղակի խուլիգանական գործողության հետևանքով են զոհեր եղել»,- ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում ապացուցվել է, որ տեղյակ են եղել  այդ մասին, անգամ մայիսին Սումգայիթի «Կոմունիստ» թերթը պարզ գրել է, որ պետք է պատժվի այն գործարանի տնօրենը, որտեղ պատրաստվել են  այդ գործիքները:

«Ադրբեջանական շատ աղբյուրներ ապացուցում են, որ փետրվարի 26-ին օպերատիվ տվյալ է ուղարկվել Մոսկվա այն մասին, որ տեղի են ունենում մասսայական ջարդեր, և պետական որևէ մարմին՝ լինի Բաքվից կամ Սումգայիթից, չի արձագանքել, իսկ իրավապահ մարմինները  կանգնած նայել են, ոչինչ չեն ձեռնարկել, որոշ տեղեր էլ մասնակցել են»,- նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս