Մարտի 1-ի երեկն ու վաղը

Մարտի 1-ի ողբերգության շահարկումները

Կիրակի օրը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ամենաողբերգական ու միաժամանակ ամենաամոթալի էջերից մեկի հերթական տարելիցն է: Լրանում է 2008 թ. մարտյան ողբերգության 12-րդ տարին:

Արդեն 12 տարի հայ հասարակությունը սպասում է այդ զարհուրելի ողբերգության իրական սադրիչների ու մարդասպանների բացահայտմանը, բայց ապարդյուն: Նույնիսկ շուրջ 2 տարի առաջ նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ գործի վերաբացումը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու հարուցված քրեական գործը լույս չսփռեցին այդ հանգամանքների վրա, մինչդեռ Մարտի 1 ասելիս՝ մենք առաջին հերթին հասկանում ենք՝ 10 զոհերի մահվան հանգամանքների լիարժեք բացահայտում և մեղավորների պատիժ:

Վերջին երկու տարվա ընթացքում՝ արդեն նոր իշխանությունների օրոք, Մարտի 1-ի գործը դարձավ տարատեսակ շահարկումների հարմար առարկա, բազմաթիվ անհաջողություններ քողարկելու, նախկին շատ պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր հարուցելու, նրանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու հարմար գործիք, բայց այդ գործիքակազմից և ոչ մեկը չտվեց գեթ մեկ զոհի սպանության հանգամանքի մանրամասները, այն կատարողի ու հրաման տվողի անունը:

Վերջին երկու տարվա ընթացքում գումարային պատկառելի փոխհատուցումներ տրվեցին Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներին ու բազմաթիվ տուժողների, որոնք, ի դեպ, երևի թե դեռ ցուցմունք պիտի տան դատարանում:

Վերջին երկու տարվա ընթացքում կրկին ակտիվացան Մարտի 1-ի քաղաքական շահառուները՝ ՀԱԿ-ն ու գործող իշխանության շատ ներկայացուցիչներ, սակայն վերը նշված հարցերի վրա, այնուամենայնիվ, լույս չսփռվեց:

2019թ. Մարտի 1-ը

Նոր իշխանությունները իրենց իշխանության առաջին մարտի 1-ին «նախապատրաստվել էին» հավուր պատշաճի: Անգամ աշխատանքային խումբ էր ստեղծվել՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ մարտի 1-ի երթին մասնակցության ձևաչափը հստակեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր 2019 թվականի մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթով շարժվել Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Նա հայտնել է նաև,  որ այդ օրը հարգանքի տուրք կմատուցվի 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի և ընդհանրապես քաղաքական բռնության ենթարկված բոլոր զոհերի հիշատակին: Երթը պետք է սկսվեր մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակից:

Ինչպես և ակնկալվում էր, Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց, որ մասնակցելու է երթին, սակայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ամեն դեպքում, չմասնակցեց այդ արարողությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի տեղեկացմամբ՝ ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության պատճառով:

«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ նախատեսելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ»,- ասված էր ՀԱԿ հայտարարության մեջ:

Հուշարձանը դեռ տեղադրված չէ:

Նախկին բոլոր «լավագույն» ավանդույթների գերակատարմամբ՝ իշխանությունները սկսեցին մարտի 1-ի երթի համար մարդկանց հավաքագրման աննախադեպ մի գործընթաց:

Փետրվարի 27-ին Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երևան շարժվող քայլերթը:  Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հանրահավաքին միանալու նախաձեռնությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում մարտի 1-ի երթին մասնակցել ցանկացող քաղաքացիներին հայտարարեց մեքենաներով Վանաձորից մայրաքաղաք տեղափոխելու նախաձեռնության մասին․

«Հարգելի լոռեցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մարտի 1-ին Երևանում կմեկնարկի քաղաքացիական մեծ երթ՝ նվիրված 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների 11-րդ տարելիցին:

Երթն ընդդեմ քաղաքական բռնության, ընտրակեղծիքների և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու իշխանության հաղթանակի է:
Սա ևս մեկ առիթ է միակամություն դրսևորելու ու 11 տարի առաջ այդ օրը զոհվածների հիշատակը հարգելու համար: Քաղաքացիական երթը մեկնարկելու է 18:30-ին Երևանի Ազատության հրապարակից: Այն լոռեցիները, որոնք ցանկանում են միանալ երթին կամ աջակցել Երևան մեկնել ցանկացողներին՝ նրանց իրենց մեքենաները տրամադրելով Երևան տեղափոխվելու համար, մարտի 1-ին 16:00-ին հրավիրում ենք հավաքվելու Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում: Լոռու մարզի այլ համայնքներից երթին մասնակցել ցանկացողները կարող են մեզ միանալ Վանաձոր-Երևան մայրուղու տարբեր հատվածներում»:

Ըստ ՏԻՄ մասնագետների՝ մարզի պաշտոնական կայքում նման քաղաքական միջոցառման մասին հայտարարության տեղադրումը Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Այդպիսով, իշխող քաղաքական ուժը պետական միջոցներն օգտագործում է իր քաղաքական խնդիրները լուծելու համար։ Մարդիկ՝ աշխատանքը չկորցնելու վախով պայմանավորված, անկախ իրենց կամքից և ցանկությունից, մասնակցելու էին իշխանությունների ինչ-ինչ նպատակներով կազմակերպված միջոցառմանը, որովհետև հրահանգ էր իջել վարչապետից՝ հնարավորինս շատ մարդկանց ներկայություն ապահովել։

Երբ նախկին իշխանությունները որևէ միջոցառման կազմակերպված ձևով և հրահանգավորված ապահովում էին մարդկանց քանակությունը՝ նախկին ընդդիմություն հանդիսացող՝ այսօրվա իշխանությունները սուր քննադատությունների էին ենթարկում։

Այդ ժամանակ նրանք ոչ միայն նույն ձեռագիրն էին կիրառում, ավելին, պաշտոնական կայքերով և սոցցանցերով մարզպետների մակարդակով հայտարարություններ էին տարածում։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 1-ին նախատեսված երթին իր լուրջ մասնակցությունն էր ունենալու Սամվել Ալեքսանյանը:

Թերթի տեղեկություններով՝ Ալեքսանյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին «հորդորել» էր ակտիվ մասնակցություն ունենալ երթին. ըստ լուրերի, նախնական հաշվարկով կմասնակցի մոտ 250-300 մարդ:

Անգամ բուհերից էին ահազանգեր հասնում, որ ուսանողներին հորդորում են մասնակցել այդ երթին:

Ամեն դեպքում, երթի օրը պարզ դարձավ, որ ցանկալի մարդաքանակ, այնուամենայնիվ, չէր ապահովվել։ Պարզվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին իրենց ուսուցիչների հետ աշակերտներ էին ներգրավվել՝ ինչպես մարզերից, այնպես էլ՝ երևանյան դպրոցներից։ Նրանց բերել էին ավտոբուսներով։ Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի բոլոր հատվածներում կարելի էր նկատել դպրոցականների ու ուսուցիչների խմբերի, ովքեր հավաքվել էին սահմանված ժամին երթին մասնակցելու համար։

Ինչևէ, երթը կայացավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ պաթետիկ ուղերձով ու գնաց… սրճարան, կնոջ՝ Աննա Հակոբյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Իսկ ժողովուրդը մնաց շվարած, ու ինչպես երթը լուսաբանող մեր լրագրողն էր պատմում, մարդիկ իրար հարցնում էին՝ ի՞նչ պետք է անեն հիմա, չգիտեին՝ ցրվե՞ն, թե՞ սպասեն վարչապետին. Միգուցե գա՞… Չեկավ…

Այս տարի էլ երթ կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ էլ հայտարարեց, որ այս տարի ևս մարտի 1-ին երթ կլինի:

«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետը:

Այս պահի դրությամբ կարծես թե ամեն ինչ ընթանում է նույն սցենարով՝ կլինի երթ, ՀԱԿ-ը կմասնակցի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ թերևս, ոչ, ու հետո բոլորը կգնան իրենց գործին կամ, երևի, ժամանցի վայրեր, ինչպես նախորդ տարի:

Միայն թե այդպես էլ դեռ պարզ չի դառնում՝ ո՞վ կամ ովքե՞ր սպանեցին 10 ցուցարարներին: Իսկ գուցե պետք չէ՞, որ պարզվի:

Տեսանյութեր

Լրահոս