Իշխանությունները լծված են Մարտի 1-ի երթի մասնակիցների քանակություն ապահովելու գործին
«Մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրան հետևեցին տարբեր մարզպետների, ՏԻՄ ղեկավարների հայտարարություններն ու ակտիվ աշխատանքը՝ հայտարարված երթին քաղաքացիների մասնակցությունն ապահովելու առումով։ Նույնիսկ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ որոշ գործարարներ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, իր բիզնես-ընկերությունների ղեկավարներին հրահանգել է ապահովել աշխատակիցների մասնակցությունն այդ երթին։
Փետրվարի 27-ին Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երևան շարժվող քայլերթը: Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Հանրահավաքին միանալու նախաձեռնությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում մարտի 1-ին երթին մասնակցել ցանկացող քաղաքացիներին հայտարարեց մեքենաներով Վանաձորից մայրաքաղաք տեղափոխելու նախաձեռնության մասին․
«Հարգելի լոռեցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մարտի 1-ին Երևանում կմեկնարկի քաղաքացիական մեծ երթ՝ նվիրված 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների 11-րդ տարելիցին:
Երթն ընդդեմ քաղաքական բռնության, ընտրակեղծիքների և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու իշխանության հաղթանակի է:
Սա ևս մեկ առիթ է միակամություն դրսևորելու ու 11 տարի առաջ այդ օրը զոհվածների հիշատակը հարգելու համար: Քաղաքացիական երթը մեկնարկելու է 18:30-ին Երևանի Ազատության հրապարակից: Այն լոռեցիները, որոնք ցանկանում են միանալ երթին կամ աջակցել Երևան մեկնել ցանկացողներին՝ նրանց իրենց մեքենաները տրամադրելով Երևան տեղափոխվելու համար, մարտի 1-ին 16:00-ին հրավիրում ենք հավաքվելու Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում: Լոռու մարզի այլ համայնքներից երթին մասնակցել ցանկացողները կարող են մեզ միանալ Վանաձոր-Երևան մայրուղու տարբեր հատվածներում»,- գրել էր նա:
Ըստ ՏԻՄ մասնագետների՝ մարզի պաշտոնական կայքում նման քաղաքական միջոցառման մասին հայտարարության տեղադրումը Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Այդպիսով, իշխող քաղաքական ուժը պետական միջոցներն օգտագործում է իր քաղաքական խնդիրները լուծելու համար։ Մարդիկ՝ աշխատանքը չկորցնելու վախով պայմանավորված, անկախ իրենց կամքից և ցանկությունից, մասնակցելու են իշխանությունների ինչ-ինչ նպատակներով կազմակերպված միջոցառմանը, որովհետև հրահանգ է իջել վարչապետից՝ հնարավորինս շատ մարդկանց ներկայություն ապահովել։
Երբ նախկին իշխանությունները որևէ միջոցառման կազմակերպված ձևով և հրահանգավորված ապահովում էին մարդկանց քանակությունը՝ նախկին ընդդիմություն հանդիսացող և այսօրվա իշխանությունները սուր քննադատությունների էին ենթարկում։
Այսօր նրանք ոչ միայն նույն ձեռագիրն են կիրառում, ավելին, պաշտոնական կայքերով և սոցցանցերով մարզպետների մակարդակով հայտարարություններ են տարածում։
Օրվա հոգսերի մեջ կքված քաղաքացին, և գարնանացանի խնդիրներով ապրող գյուղացին այդ օրը պետք է բան ու գործ թողնի և մասնակցի իշխանությունների կողմից ինչ-ինչ հետին նպատակներով կազմակերպվող քաղաքական ակցիային։