«Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք օրենքը կիրառեք այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ կիրառվեց Սերժ Սարգսյանի օրոք». փաստաբան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։ Դատարանը սկզբում մեկ ժամ ժամանակ տվեց եզրափակիչ ելույթների համար, սակայն ստիպված եղավ այն երկարաձգել մոտ երկու ժամով: Ամփոփիչ ելույթներում կողմերն անդրադարձան արդեն ներկայացված փաստերին: Պաշտպանական կողմը միջնորդությունները հիմնավորելու համար օրինակ բերվեց հայտնի 7-ի գործը, որով ներգրավված ամբաստանյալներին  մեղադրանք էր առաջադրվել այն ժամանակ գործող քրեական օրենսգրքի  300 հոդվածով իշխանությունը յուրացնելու հատկանիշներով:

«Այն ժամանակ հենց այստեղ նստած վեց դատախազները համարեցին, որ 2009 թ.-ին ուժի մեջ մտած փոփոխություններից հետո ընդունված 300.1 հոդվածը, ըստ էության, նոր հանցակազմ է սահմանում և չի կարող տարածվել 2008 թ. իրադարձությունների վրա:  Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլք  չեն ենթարկվել քրեական պատասխանատվության և, հավանաբար, միայն այդ պատճառով մինչև հիմա բանտում նստած չեն: Մենք ասում ենք՝ նույն ձևով օրենքը կիրառեք այսօրվա ամբաստանյալների նկատմամբ: Խնդրում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ կիրառվեց Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

https://www.youtube.com/watch?v=8_wP1vylPIo&feature=emb_logo

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն ի պատասխան պաշտպանական կողմի պնդումների՝ հայտնեց, որ ինքն այդ կերպ չի մեկնաբանում օրենքը, և իր համար պարզ չէ, թե դատախազները  նախկինում ինչո՞ւ են այդպես մեկնաբանել ու հրաժարվել 7-ի գործով առաջադրված մեղադրանքից.

«Այն ժամանակ մեղադրանքից հրաժարվելու հիմքում դրված մոտեցումը՝ օրենքի նորմի կիրառման մասով, ինձ համար ընդունելի չէ: Համեմատական անցկացնում են այս և այն գործերի մեջ՝ հիմնվելով փաստերի նույնության վրա: Այս պարագայում  փաստերի նույնությունը չի կարող միանշանակ ընդունվել, քանի որ այս գործի շրջանակներում մենք չենք կարող քննարկման առարկա դարձնել մյուս գործերի փաստական հանգամանքները և փաստել՝ դրանք նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն: Մարտի 1-ի և 2-ի դեպքերով անցնող բազմաթիվ անձանց վերաբերյալ կան Եվրոպական դատարանի որոշումներ, որոնցով նրանց իրավունքների խախտումներ են արձանագրված, օրինակ՝  ազատ հավաքների անցկացման իրավունքների խախտումներ են արձանագրված:  Այս պայմաններում արձանագրել, որ  փաստական հանգամանքները երկու դեպքում էլ նույնն են, չի կարելի»:

Դատախազի խոսքով՝ բանավեճն այն հարցի շուրջ է, թե նախկինում Սահմանադրական կարգի տապալումը որպես հանցավոր արարք թվարկված եղե՞լ է, թե՞ ոչ.

«Նախկինում Քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված է եղել պետական իշխանությունը յուրացնելը, այդ հոդվածում որպես հանցավոր արարք՝ թվարկված է  եղել նաև Սահմանադրական կարգը տապալելը: Հիմա սահմանադրական կարգը տապալելը նոր հոդվածի ներքո է՝ 300-ի փոխարեն՝ 300.1: Մենք պնդում ենք, որ Սահմանադրական կարգի տապալումը որպես հանցավոր արարք՝ ձևակերպված եղել  է»,- ասաց գործով մեղադրող կողմը:

Պաշտպանական կողմը պնդում է, որ չի կարող միևնույն օրենքի մեկնաբանությունը տարբեր դատախազների կողմից տարբեր լինել, և երկուսն էլ լինեն օրինական, այդ պարագայում կամ անօրինական է եղել 7-ի գործով դատախազների մեկնաբանությունը և, արդյունքում՝ նաև որոշումը, կամ այս գործով դատախազների մեկնաբանությունը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի սկզբանե չէր պատրաստվում ելույթ ունենալ, սակայն հարկ համարեց անդրադառնալ դատական նիստի ընթացքում հնչած մտքերին: Նա նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելու իր  հրամանագիրը տարածվել է միայն Երևանի վրա, և հարցրեց՝ հնարավո՞ր է հազարից ավելի համայնք ունեցող երկրում միայն մեկ համայնքում եղած սահմանափակումները դիտել իբրև իրավական նորմի գործողության դադարեցում:

«Կարծում եմ՝ պատասխանը պարզ է»,- ասաց Քոչարյանը։

Նախկին նախագահը նաև նշեց, որ 2008-ին Ոստիկանությունն իր անմիջական վերահսկողության ներքո չէր, ինչը պնդում էր տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

«Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին։ Այն ժամանակ գործող Սահմանադրությամբ նախագահը այդպիսի լիազորություններ չուներ։ Ոստիկանությունն ամբողջությամբ ենթարկվում էր Կառավարությանը։ Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար՝ կապված հասարակական կարգի և այլնի հետ։ Դա ամբողջությամբ կառավարության լիազորությունների մեջ էր»։

Միջնորդությունների քննարկումից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին։

Դատական նիստն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս