Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս
Երբ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ հաջորդ օրը վերջինս ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին:
Ասուլիսը պետք է անցկացվեր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել, բարձրանալ 9-րդ հարկի սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։
Ցուցարարները, որոնց շարքերում գլխավոր դերակատարումը, ինչպես արդեն հետո պարզվեց, վերապահված էր, այսպես ասած՝ «սորոսական» ու ՔՊ-ական ակտիվին, «գրավեցին» ասուլիսի սրահը, շրջափակեցին սեղանը, լուսանկարվեցին, ու այդ հայտնի լուսանկարը շատ արագ տարածվեց լրատվամիջոցներով ու ֆեյսբուքյան գոնե թե հայկական տիրույթով:
Պարզվում է՝ հայտնի լուսանկարի «հերոսներն» այժմ լուրջ պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատում:
Այսպես՝ լուսանկարում ձախից առաջինը գործող իշխանությունների ակտիվ համակիր Արամ Մանուկյանն է, ով մինչև վերջերս Աջափնյակի փոխթաղապետն էր, և միայն վերջերս ազատվեց պաշտոնից:
Արամ Մանուկյանից քիչ վեր Ներսես Պողոսյանն է, ում Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ներսես Պողոսյանն այս պահին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:
Կալանավայրից դուրս գալուց հետո Ներսես Պողոսյանը, փաստորեն, թերևս, ակտիվ մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանն ու դրան հետևող գործողություններին, ինչի արդյունքում էլ այսօր պետական կարևոր պաշտոն է զբաղեցնում:
Նրանց կողքին Մարիամ Անանյանն է, ով այս պահին պաշտոնավարում է Կենտրոնի թաղապետարանում:
Լուսանկարում դեպի կենտրոն հատվածում Ամիգո Ղուկասյանն է՝ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակիցը: Ներկայումս աշխատում է Ազգային ժողովում:
Մարիամ Անանյանի ու Ամիգո Ղուկասյանի մեջտեղում նստած անձը Ֆեյսբուքում Դավ Ռուպռ կեղծանունով գրանցված Դավիթ անունով անձնավորությունն է, որի ֆեյսբուքյան էջը լռում է վերջինիս՝ այս պահի զբաղվածության մասին, սակայն, մեր տեղեկություններով՝ նա ևս աշխատում է ԱԺ-ում:
Ամիգո Ղուկասյանի կողքին ազատ լուսանկարիչ Վահե Գևորգյանն է, ով այժմ Երևանի ավագանու «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ է:
Վահե Գևորգյանի կողքին «պայքարում է» Սասուն Միրոյանը, ով այս պահին զբաղեցնում է Ջրային պետական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Շարքը եզրափակում է Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որի անունը վերջերս ԶԼՄ-ներում ամենատարածվածներից մեկն էր՝ որպես կրթական գործի վերահսկողության նկատմամբ շատ «կրեատիվ» մեթոդներ կիրառող երիտասարդ պաշտոնյա:
Ի դեպ, Ռազմիկ Մկրտչյանի կենսագրության մեջ 2010-2012թթ. բանակային ծառայությունից հետո 6 տարիների գործունեության մասին ոչինչ նշված չէ, իսկ 2018թ. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից մի հսկայական վարչական շրջան ղեկավարելուց:
Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի սրահը գործող իշխանությունների համար շատ կարևոր հենակետ էր, որը գրավողները պարգևատրվել են՝ բավականին պատկառելի պաշտոնների նշանակվելով: Այսինքն՝ տրամպլին՝ իշխանությանը մոտ գտնվելու և համապատասխան պաշտոններ ստանալու համար: