Իսպանիայում դատապարտել են վարչապետի եղբորը
Դատարանը Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի եղբորը՝ Դավիդ Սանչեսին, դատապարտել է 9 տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկման՝ Բադախոսի գավառական խորհրդում աշխատանքի տեղավորման գործով։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Էստրեմադուրայի Գերագույն դատարանից։
Գործով դատական լսումներն անցկացվել են մայիսի 28-ից հունիսի 9-ը, ցուցմունք են տվել ավելի քան 40 վկա և 11 կասկածյալ։ Դատարանի տվյալներով՝ կառավարության ղեկավարի եղբայրը դատապարտվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված հանցագործության համար՝ «9 տարի ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկման պատժի»։ Դատարանի այս որոշումը կարող է բողոքարկվել։
2024 թվականին Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է իրականացրել Բադախոսի գավառական խորհրդի շենքում՝ նպատակ ունենալով գտնել փաստաթղթեր, որոնք առնչվում են բեմական արվեստների բաժնի պատասխանատու Դավիդ Սանչեսին։ Կառավարության ղեկավարի եղբոր նկատմամբ հետաքննությունը սկսվել է նույն տարվա հունիսին։
Նրա դեմ բողոքը ներկայացրել է «Մաքուր ձեռքեր» (Manos Limpias) արհմիությունը։ Ինչպես հայտնում էր «ABC» թերթը, դատավարության ընթացքում պետք է պարզվի, թե արդյոք Բադախոսի գավառական խորհուրդը ստեղծել է հատուկ հարմարեցված պաշտոն՝ վարչապետի եղբորը առավելություն տրամադրելու համար, և արդյոք հետագայում այդ աշխատանքի պայմանները փոփոխվել են՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու անձնական շահերը։
Դավիդ Սանչեսը Բադախոսի գավառական խորհրդում աշխատանքի էր անցել 2017 թվականին։ Նրա պարտականությունները կապված էին կոնսերվատորիաների գործունեության համակարգման, իսկ ավելի ուշ՝ բեմական արվեստների բաժնի հետ։ Ընդ որում, Պեդրո Սանչեսը Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է միայն 2018 թվականին։

