2027-ի մարտից 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համար
2027 թվականի մարտից Հայաստանի կառավարությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը:
100%-անոց սուբսիդիան կգործի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար Հանրապետության ցանկացած բնակավայրում, բացի Երևանից, բնակարան կամ տուն ձեռք բերելու նպատակով:
Ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց անդամները ՀՀ քաղաքացիներ են, իսկ գումարային եկամուտը չի գերազանցում տարեկան 10 մլն դրամը: Այս տվյալները կստուգվեն հարկային հայտարարագրերի հիման վրա։ Բացի այդ, ընտանիքը չպետք է ունենա ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ անշարժ գույք (50 տոկոս և ավելի)։
Աջակցության չափը կախված կլինի երեխաների թվից։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կտրամադրվի 4 մլն դրամ։ Գյուղում տուն գնելու դեպքում ընդհանուր գումարին կավելացվի ևս 4 մլն դրամ։
Օրինակ, եթե 6 երեխա ունեցող ընտանիքը քաղաքում բնակարան գնի, նա կստանա 24 մլն դրամ, իսկ գյուղում՝ 28 մլն դրամ։ Եթե գնված բնակարանի արժեքը (ներառյալ կառուցված առանձնատունը) պակաս լինի, քան սահմանված գումարը, ապա 2 միլիոն դրամի սահմաններում հնարավոր կլինի ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա:
Ղարագյոզյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ 6 և ավելի երեխա ունեցող 643 ընտանիք կա. նրանցից 390 – ը՝ 6 երեխա ունեցող, 143 – ը՝ 7 երեխա ունեցող, 76-ը՝ 8 երեխա ունեցող, 36 – ը՝ 9 երեխա ունեցող, 10-ը՝ 5 երեխա ունեցող, երկու ընտանիք՝ 11 երեխա ունեցող մեկը՝ 12 երեխա ունեցող:
Նախարարության նախնական գնահատականներով` եթե նրանք բոլորը ցանկանան օգտվել ծրագրից, ապա դրա ֆինանսավորման համար պետությանը տարեկան մոտ 32 մլրդ դրամ կպահանջվի։
Իր հերթին նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ Հայաստանում կա նաև 5 երեխա ունեցող ավելի քան 3 հազար ընտանիք: Հնարավոր է՝ ապագայում նրանց համար նախատեսվի ավելի փոքր ծավալով բնակարանային աջակցություն։

