50 միլիարդն ու ժողովրդի հարստությունը վերադարձնողները
Այս շաբաթ հետաքրքիր լուր եկավ Հաագայից, որտեղ դատարանը մի քանի տարի տևած հայցի քննությունն ավարտեց հօգուտ «Յուկոս» ռուսաստանյան նավթային ընկերության բաժնետերերի: Հաագայի արբիտրաժային դատարանը որոշեց, որ Ռուսաստանը «Յուկոս» ընկերության բաժնետերերին պարտք է ընդհանուր առմամբ 50 միլիարդ դոլար:
Ինչո՞ւ է այս դատավճիռը հետաքրքիր Հայաստանի համար: Դե, գոնե այն պատճառով, որ ապացուցում է, որ նույնիսկ Ռուսաստանի նման գերտերությունը կարող է պարտվել մասնավոր ընկերության բաժնետերերին:
Եթե Ռուսաստանի նման ահռելի տնտեսության համար 50 միլիարդ դոլարը թեև ծանր, բայց կործանարար չէ, ինչպես նաև «Յուկոսի» նման մեկ ընկերության պատմությունը գուցե և անշրջելի բացասական ազդեցություն չունենա տնտեսության վրա, Հայաստանի պարագայում նման մի նախադեպը, թեկուզ ավելի փոքր գումարի պարագայում, կարող է ընդմիշտ փակել Հայաստանի ներդրումային հեռանկարները, էլ չասած՝ բաժնետերերին վճարվելիք գումարների մասին, որը Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, պարզապես չունի ու բառացիորեն պետք է կտրի զինվորի հացից, եթե նման բան տեղի ունենա: Խոսքն Ամուլսարի խնդրի մասին է:
Հենց երեկ «Լիդիան» ընկերությունը մամուլի հաղորդագրություն տարածեց ստացված ջրառի թույլտվության մասին՝ միաժամանակ հիշեցնելով, որ ճանապարհները փակ են, ու կոչ անելով իշխանություններին վերականգնել օրենքը:
Հաղորդագրության մեջ ուշագրավ հատված կար, մոտավորապես այն մասին, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը հարվածում է «Լիդիանի» հազարավոր բաժնետերերի շահերին, որոնք ներդրում են արել՝ հույս ունենալով, որ իրենց իրավունքները պաշտպանվելու են:
Եթե ուշադրություն դարձնեք, ապա «Յուկոսի» հայցը նույնպես ոչ թե «Յուկոս» ընկերության, այլ հենց բաժնետերերի հայցն է՝ ընդդեմ Ռուսաստանի: Գրեթե երկու տարի Հայաստանում, ով ասես, չխոսեց «Լիդիանի» ու արբիտրաժի հեռանկարներից: Սկզբում ճանապարհը փակողներին աջակցողներն ասում էին, թե դատարանում կապացուցեն, որ Ամուլսարը բնապահպանական խնդիր է, և արբիտրաժը Հայաստանի դեմ որոշում չի կայացնի: Հետո կարծես ակնհայտ դարձավ, որ որևէ դատարանում դժվար կլինի ապացուցել, որ Ամուլսարը բնապահպանական խնդիր ուներ, իսկ Հայաստանում գործող մնացած հանքերը՝ ոչ, և ակտիվիստները սկսեցին խոսել այն մասին, որ «Լիդիանը» տեխնիկական պատճառներով չի կարող արբիտրաժ դիմել և կամ չի դիմի, և կամ մենք կապացուցենք կոռուպցիան, կամ կասենք, որ ժողովուրդը չի ուզում, և այլն:
Երբ նման վերլուծություններ են անում հեղափոխական ռոմանտիզմով տոգորված ճանապարհ փակող երիտասարդները, դա միգուցե հասկանալի է: Բայց երբ նման տնայնագործական վերլուծությունների հիման վրա «արխային» ռեժիմով է աշխատում պետությունը, դա առնվազն շատ վտանգավոր է երկրի համար: Որովհետև տնայնագործ վերլուծաբանները կարող են ասել՝ ինչ խելքներին փչի, ներառյալ, որ մենք դատարանում կապացուցենք, որ դեռ մի բան էլ «Լիդիանն» է մեզ պարտք…
Բայց մի քանի տարի հետո Հայաստանի հնարավոր պարտության համար այդ մարդիկ պատասխան չեն տալու: Նրանցից շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ «Լիդիանը» շուկայում հարյուր-հազարավոր բաժնետոմսեր է վաճառել, և Հայաստանի կողմից «քցված» այդ հարյուր-հազարավոր բաժնետերերը կարող են որպես բաժնետեր՝ գործընթաց սկսել, ու, ինչպես ցույց է տալիս «Յուկոսի» գործը, հաղթելու մեծ շանսեր ունեն:
Եվ, ի դեպ, այս համեմատության մեջ մի հետաքրքիր նյուանս կա: Ռուսաստանում «Յուկոսի» դեմ գործը և սնանկացման գործընթացը գոնե ֆորմալ տեսանկյունից օրենքի շրջանակներում իրականացվող երկարամյա դատական պրոցես էր: Ու, չնայած դրան, միջազգային արբիտրաժը համարեց, որ բաժնետերերի օրինական շահերը ոտնահարվել են: Այն քաոտիկ ու զավեշտալի գործընթացը, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի է ունենում Հայաստանում Ամուլսարի շուրջ, նույնիսկ ֆորմալ տեսանկյունից՝ օրենքի հետ ոչ մի աղերս չունի, ու «Լիդիանի» բաժնետերերի դիրքերն այդ առումով միգուցե «Յուկոսի» բաժնետերերի դիրքերից էլ ամուր են:
Կանխելով «հանքակերների» շահերը պաշտպանելու մեղադրանքները, մի պարզ իրողություն արձանագրենք. այն բոլոր վերլուծաբանները, ովքեր խնդրի բարդության մասին զգուշացրել են ճանապարհների փակման ու իշխանության անգործության առաջին իսկ շաբաթներից, իրականում Հայաստանի Հանրապետության շահերի մասին ավելի շատ են մտածում, քան նրանք, ովքեր կեղծ «ուռա-հայրենասիրության» դրոշի ներքո բոլորին համոզում են, որ շատ հեշտ կարելի է և պետք է «վերադարձնել ժողովրդի հարստությունը»:
Պատմությունը ցույց է տալիս, որ «ժողովրդի հարստությունը վերադարձնողները», որպես կանոն, այն քամուն են տվել՝ իրավիճակը սթափ գնահատողներին մեղադրելով «ծախված» լինելու մեջ: