Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել «Յուկոսի» բաժնետերերին
Հաագայի վերքննիչ դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանին 50 մլրդ դոլար վճարել «Յուկոս» ընկերության նախկին բաժնետերերին: Սա հսկայական փոխհատուցում է միջազգային արբիտրաժային դատարանի պատմության ընթացքում: Արբիտրաժն արդեն պարտավորեցրել է վճարել գումարը, սակայն Հաագայի շրջանային դատարանը չեղարկեց որոշումը: Այս մասին տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:
Վճռաբեկ դատարանը չհամաձայնեց Հաագայի շրջանային դատարանի որոշման հետ, որը 2016 թվականի ապրիլ ամսին չեղարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը, քանի որ Ռուսաստանը չի վավերացրել Էներգետիկ խարտիայի պայմանագիրը: Դատարանը եզրակացության է հանգել, որ խարտիան չի խախտում ռուսական օրենքները:
«Դա նշանակում է, որ արբիտրաժային որոշումը կրկին ուժի մեջ է»,- ասված է դատարանի պաշտոնական կայքէջում: BBC-ի ռուսական ծառայության մեջբերմամբ, հայտարարության մեջ հակիրճ վերաշարադրված է «Յուկոս»-ի պատմությունը, որը սեփականաշնորհվել էր 1990-ական թթ., դառնալով Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարությամբ Ռուսաստանում գործող խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը: 2003-2006 թթ. իշխանություններն ընկերությանը ներկայացրել էին հարկային խնդրահարույց հարցեր, որից հետո Խոդորկովսկին ձերբակալվեց, «Յուկոսը» սնանկացավ և աճուրդի հանվեց:
«Որոշումը կայացվել է երեք ընկերությունների հայցադիմումների հիման վրա՝ Yukos Universal Limited, Hulley Enterprises Limited և Veteran Petroleum Limited. Առաջին երկու ընկերությունները GML Ltd.-ի՝ նախկին Group Menatep Ltd-ի, դուստր ձեռնարկություններն են, որի շահառուն Խոդորկովսկու նախկին գործընկերն է՝ Լեոնիդ Նևզլինը: Բոլոր այս երեք ընկերությունները «Յուկոսի» բաժնետերեր են եղել և կորցրել են գումարներ սնանկացումից հետո: ՌԴ Արդարադատության նախարարությունը համաձայն չէ կայացված որոշման հետ, որը, ինչպես նշված է հաղորդագրության տեքստում, հաշվի չի առել մի շարք փաստարկներ, որոնք Ռուսաստանի կողմից են ներկայացվել: Սակայն Խոդորկովսկին արբիտրաժային դատարանի որոշումից գոհ է:
«Կրեմլը պարտվեց Հաագան «Յուկոսի» բաժնետերերին: Ի դեպ, հաստատված է ոչ միայն գործընթացը, այլև էությունը՝ «Յուկոսի խլումը» հարկերի հարց չէր, այլ պայքար քաղաքական ընդդիմախոսների հետ»,- գրել է Խոդորկովսկին իր թվիթերյան էջում: Արբիտրաժի վճիռը կարող է բողոքարկվել Նիդեռլանդների Գերագույն դատարանում: Այս գործով Ռուսաստանի շահերը ներկայացնող Անդրեյ Կոնդակովն ընդգծել է, որ կասկածներ չկան, բողոքարկելու են վճիռը Գերագույն դատարանում, որի համար ունեն երեք ամիս ժամանակ և կփորձեն այդ ժամկետի շրջանակում հասցնել: Հարցին, թե կարո՞ղ են նախկին բաժնետերերը դիմել մի շարք երկրների դատարաններ ռուսական ակտիվների նկատմամբ ապահովական միջոցների կիրառման նպատակով, Կոնդակովը պատասխանել է, որ, ցավոք սրտի, կարող են:
Կրեմլը դեռ հրաժարվում է մեկնաբանել Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումը։ «Սա նոր տեղեկություն է, ես դեռևս չեմ տիրապետում դրան, ուստի չեմ կարող մեկնաբանել այն», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Բաժնետերերի շահերի պաշտպան Ջոնաթան Հիլն ասել է, որ ուշադիր ուսումնասիրելու են դատավճիռը, հետևելով, որպեսզի այն իրագործվի: