«Պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել, սա զավեշտ է և հեգնանք տնտեսական իրողությունների նկատմամբ». Բագրատ Ասատրյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը 2019-ից՝ որպես տնտեսական տարի, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ՝ եղել են բարձր արդյունքներ՝ և՛ ծրագրային առումով, և՛ ըստ տարբեր կառույցների գնահատականների:
«7.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը լավ ցուցանիշ է: Հավանաբար այդպիսի տնտեսական աճ էլ ունենանք՝ 7.8 կամ մոտ 8 տոկոս: Եվ սա ունեցել ենք ցածր գնաճի պայմաններրում՝ մոտավորապես 1.5 տոկոս: Սա ևս բավականին լավ ցուցանիշ է: Լավ երևույթ է մակրոտնտեսական կայունությունը, բնակչության եկամուտների աճը, 2019-ի մասով կունենանք նաև աղքատության մակարդակի զգալի անկում, ցուցանիշները դեռ 6 ամիս հետո կունենանք»,- ասաց տնտեսագետը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ վստահեցնելով, որ հակված չէ ամեն ինչ միայն լավ գույներով ներկայացնելուն:
Ըստ այդմ՝ ԿԲ նախկին նախագահն անդրադարձավ նաև 2019-ի ոչ այնքան գոհացնող ցուցանիշներին, խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժողովրդագրությանը. վիճակը բավականին բարդ է, և այն բարդանում է նրանով, որ մտնում ենք ժողովրդագրական պայմանական փոսի մեջ, քանի որ առաջիկա 3-4 տարիներին վերարտադրողական փուլի մեջ է մտնելու այն սերունդը, որը ծնվել է 2001-2002 թվականներին, իսկ մեր նորագույն պատմության մեջ ամենաքիչ ծնունդներ այդ ժամանակ ենք ունեցել՝ 30.000-32.000 ծնունդ: Ինչ վերաբերում է մահացության աճին, ապա ակտիվ մահացության տարիք է մտնում հետպատերազմյան «բեյբի բումի» սերունդը՝ 65-70 տարեկան են դառնում:
«ՀՀ-ում ունեինք վատթարացող վիճակ. 2017-2018 թվականներին ՀՀ որոշ մարզերում գործ ունեինք դեպոպուլյացիայի հետ, երբ մահերի թիվն ավելի բարձր է, քան ծնունդները: Դեպոպուլյացիան հատուկ էր Լոռու մարզին: Այս մարզը, առհասարակ, ժողովրդագրական առումով խայտառակ վիճակում էր. ամեն երկրորդ ամուսնություն ավարտվում էր ամուսնալուծությամբ: Բայց անցած տարվա ընթացքում դրական տեղաշարժեր այստեղ եղան, իհարկե, Լոռու մարզում ամեն ինչ չշտկվեց, սակայն բացասական թվի կրճատման միտում կա արդեն»,- նշեց Բագրատ Ասատրյանը:
Վերադառնալով տնտեսությանը և խոսելով հաշվետու տարում տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված ցուցանիշներից, ԿԲ նախկին նախագահը փաստեց, որ հերթական անգամ արդյունաբերության մեջ որոշիչ է հանքարդյունաբերությունը:
«Տարվա կտրվածքով հանքարդյունաբերության աճը 23.9 տոկոս է, մինչդեռ մշակող արդյունաբերության դեպքում 7.6 տոկոս է, այսինքն՝ ավելի ցածր, քան տնտեսական աճի տեմպերը: Հանքարդյունաբերությունն ընդամենն այն է, թե ինչքան են ընդերքից հանել, ոչ մի ավել բան չկա, կարող է մի երկու կոպեկ ավել բյուջե մտնի: Սրանից բացի, ուրիշ ոչ մի բան Հայաստանը և մեր տնտեսությունը չի ստանում»,- շեշտեց տնտեսագետը՝ շարունակելով, որ շինարարության ոլորտում աճի տեմպերը պիտի ավելի բարձր լինեն, քան տնտեսական աճը. տարվա կտրվածքով շինարարության ոլորտում աճի տեմպը 4.6 տոկոս է՝ 7.8-8 տոկոս տնտեսական աճի պարագայում: Ավելին, էներգետիկայի ոլորտում անկում ունենք. ՀՀ-ում չկա էներգախնայողություն:
Անդրադառնալով գնաճին, ԿԲ նախկին նախագահն արձանագրեց՝ ունենք գնաճի ծրագրայինից ցածր մակարդակ:
«Գնաճը, իհարկե, չարիք է, բայց նոր ցածր գնաճն է չարիք: Կամ առնվազն բարիք չէ, ուստի իշխանությունները պիտի մտածեն այն մասին, որ ծրագրայինին մոտ ցուցանիշներ ունենանք, այդ դեպքում կունենայինք նաև ավելի մեծ տնտեսական աճ»,- պարզաբանեց Ասատրյանը:
Ինչ վերաբերում է բյուջեի ցուցանիշներին, ԿԲ նախկին նախագահն արձանագրեց՝ պետական բյուջեն պրոֆիցիտով է եղել, ինչը զավեշտ է և հեգնանք տնտեսական իրողությունների նկատմամբ: