«Սուտ մատնության հոդվածը մահակ է, որը փորձ է արվում ճոճել լրատվամիջոցների գլխին». Ռոբերտ Հայրապետյան
Անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է իր անձնական տվյալները, մամուլի դեմ ուղղված արշավներին ու դրանց դիմակայելուն ուղղված քննարկման ժամանակ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ օրաթերթն ուղղակի հրապարակայնացրել է փաստը, որում չկա զրպարտող, պիտակավորող որևէ երևույթ:
«Այն փաստը, որ նախարարը ունի դատվածություն, և դրա վերաբերյալ իրազեկվածությունը հասարակության մեջ պետք է դիտարկել հանրության գերակա իրավունքի համատեքստում, սա միանշանակ, է, և Սուրեն Պապիկյանի հորդորն իրավապահներին ուղղակի անհասկանալի է»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Նա նաև նշեց, որ իշխանությունները փորձում են սուտ մատնության հոդվածի կիրառությունը լայնացնել՝ կարճելով լրատվամիջոցների դեմ ռեպրեսիաներ կիրառելու ճանապարհը: Անդրադառնալով AntiFake.am-կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության համար ՀՔԾ-ի կողմից մեղադրանքի առաջադրմանը՝ հենց սրա վրա ուշադրություն հրավիրեց իրավաբանը:
«Սուտ մատնության հոդվածը մահակ է, որը փորձ է արվում ճոճել լրատվամիջոցների գլխին: Օրինակ՝ երբ ապաքրեականացվեց զրպարտության և վիրավորանքի հոդվածը, նպատակը հենց լրատվամիջոցների կամ լրագրողների նկատմամբ իշխանության ձեռքին եղած խաղաթղթերը սահմանափակելն էր»,- ասաց նա՝ նշելով, որ, երբ սուտ մատնության հոդվածը փոփոխվի, կվերանան վիրավորանքի և զրպարտության գործերով լրատվամիջոցներին ներկայացվող բոլոր հայցերը:
Բանախոսը նշեց, որ մենք հստակ նախադեպ ունենք, թե որ դեպքում լրատվամիջոցի հրապարակումը պետք է դիտարկել վիրավորանք, որ դեպքում՝ զրպարտություն: «Ակներև է, որ գործող իշխանությունը կամ չի տիրապետում այդ նախադեպին, կամ, ըստ էության, մեկնաբանում է կամայականորեն, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ զրպարտություն կամ վիրավորանք են ընդունում բացառապես իրենց համար անցանկալի թեմաները: Խնամքով թաքցրած տեղեկատվության հրապարակումը գործող իշխանության շատ ներկայացուցիչներ դիտարկում են վիրավորանքի և զրպարտության պրիզմայով»,- ասաց Հայրապետյանը:
«Անգամ վարչապետի մակարդակով մենք տեսնում ենք, որ ունենք հստակ տարբերակված, խտրական վերաբերմունք տարբեր լրատվամիջոցների նկատմամբ, որն ինքնին հակաիրավական ու հակաօրինական է»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը: