Երևանում տեղադրված Ստալինի 50 մետրանոց արձանն ու քանդակի հետ կապված առեղծվածները
1953 թվականի մարտի 5-ին մահացավ Իոսիֆ Ստալինը։ Մարդիկ կարդում էին այս լուրը և չէին հասկանում, թե ի՞նչ արձագանք պիտի տան։ Ոմանք անկեղծորեն լաց էին լինում, ոմանք՝ ժամանակի պարտադրանքից դրդված։ Մարդիկ չէին հավատում, որ ցածրահասակ, բայց հզոր առաջնորդն այլևս չկա։ Այդ թվականից հետո փոխվեց պատմության ընթացքը, սակայն ԽՍՀՄ-ում գաղափարը նույնը մնաց՝ պահպանել կայսրությունն ամեն գնով։ Ստալինի կենդանության օրոք ԽՍՀՄ-ում տեղադրվում էին նրա արձանները, պատերին փակցվում էին նրա նկարներն ու լոզունգները։
Ամենուր մեծ առաջնորդն էր։ Սակայն Ստալինի մահից 3 տարի անց՝ 1956 թվականին, տեղի ունեցավ Կոմկուսի պատմական 20-րդ համագումարը, որի ժամանակ Նիկիտա Խրուշչովը վերջ դրեց Ստալինի պաշտամունքին: Այդ որոշմանը հաջորդեցին Ստալինի արձանների ապամոնտաժումներն ամբողջ ԽՍՀՄ-ում։ Բնականաբար, այս ամենի ընթացքից չէր շեղվելու նաև Խորհրդային Հայաստանը։ Հայաստանում ևս սկսեցին քանդել ու անհայտ ուղղությամբ կորցնել Ստալինի արձանները։ Հետաքրքրական է, որ ԽՍՀՄ-ի մի շարք երկրներ այդ ժամանակ չէին մտածում, որ տասնամյակներ անց, հնարավոր է՝ ինչ-որ երկիր իր տարածքում տեղադրի Ստալինի արձանը։ Մասնավորապես 2013 թվականին Ստալինի ծննդավայր Գորիում վերատեղադրվեց Իոսիֆ Ստալինի արձանը, որն ապամոնտաժվել էր 2010 թվականին՝ Միխայիլ Սահակաշվիլիի կարգադրությամբ։ Հիմա գանք ամենասկզբից։
Երկրորդ աշխարհամարտից հետո Ստալինի փառքը սկսեց ավելի արագ տարածվել։ Չէ՞ որ նրա պետությունը հաղթել էր։ 1945-50-ականներին մեծ թափով սկսեցին ԽՍՀՄ բոլոր երկրներում տեղադրվել Ստալինի արձանները։ Հայաստանում այդ կարևոր գործի գլուխ կանգնեցին քանդակագործ Սերգեյ Մերկուրովն ու ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Սերգեյ Մերկուրովը մինչև այս աշխատանքն արդեն 2 անգամ «առնչվել էր» խորհրդային պետության նախկին առաջնորդի հետ։
Նա նախ՝ 1924 թվականին, հաջողությամբ հանել էր Լենինի մահվան դիմակը, ապա՝ 1940 թվականին, քանդակել էր Լենինի արձանը, որ տեղադրված էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Այս անգամ ևս Մերկուրովը պատվով կատարեց իր աշխատանքը։ Հայրենական Մեծ պատերազմի ավարտին արդեն իսկ Ստալինի արձանի գաղափարը կար, և այն վերջնականապես ի կատար ածվեց 1950 թվականին։ Մերկուրովն այն քանդակեց մի քանի ամսում։ Հետաքրքրական է, որ Խորհրդային Հայաստանի 20-ամյակին տեղադրվեց Լենինի արձանը, իսկ 30-ամյակին՝ Ստալինինը։ Արձանն ուներ 17 մետր բարձրություն, իսկ պատվանդանի հետ միասին՝ այն ուներ 50 մետր բարձրություն։ Պատվանդանը կառուցվեց սև տուֆից, իսկ աստիճանները՝ բազալտից։
Արձանի տեղադրման վայրը նույնպես պատահական չէր, քանի որ ներկայիս Մաշտոցի պողոտան ժամանակին կոչվում էր Ստալինի պողոտա։ Արձանը տեղադրվել է պողոտայի վերջում՝ բլրի վրա։ Քաղաքի գրեթե բոլոր ծայրամասերից, ինչպես նաև մոտակա գյուղերից երևում էր Ստալինի արձանը։ Այդ շրջանի տեղեկությունների համաձայն՝ այն համարվում էր ամբողջ ԽՍՀՄ-ում Ստալինի ամենաբարձր ու ամենագեղեցիկը արձանը։ Մարդիկ ԽՍՀՄ տարբեր երկրներից գալիս էին Հայաստան՝ այդ արձանը տեսնելու համար։ Այդպես էր նաև Մերկուրովի կերտած Լենինի արձանի պարագայում։ Այն ևս համարվում էր ԽՍՀՄ-ում ամենագեղեցիկներից մեկը, որը գրավում էր մեծ պետության շատ քաղաքացիների։ Սկզբնական շրջանում կար գաղափար, որպեսզի Ստալինի արձանի պատվանդանի ներսում, որն իրենից ներկայացնում էր եռահարկ կառույց, բացվի Ստալինին ու Հայրենական պատերազմին նվիրված թանգարան, սակայն այն կյանքի կոչվեց հետագայում և մասամբ։
Միայն 1970 թվականին այնտեղ բացվեց թանգարան, սակայն այն նվիրված էր միայն Հայրենական մեծ պատերազմին։ Կան հրաշքով պահպանված մի շարք լուսանկարներ, որոնցից մի քանիսը պահվում են արխիվներում, իսկ մեկն էլ կարողացանք գտնել Երևանում ապրող բնակիչներից մեկի ընտանեկան ալբոմից, որում երևում է արձանն իր ամբողջ գեղեցկությամբ։
Սակայն վրա հասավ 1962 թվականը, և ապամոնտաժվեց Ստալինի արձանը։ Ապամոնտաժման մասին կան մի շարք պատմություններ, լեգենդներ ու միֆեր։ Արձանն էլ իր հերթին՝ ունի մի քանի միֆեր։ Նրանցից առաջինը, որը չունի ոչ մի փաստացի հիմնավորում, այն մասին է, որ արձանի տեղադրումից անմիջապես հետո Ստալինը գիշերը եկել է Հայաստան, արձանը տեսել, հիացել ու գնացել։ Իսկ երկրորդ միֆը կապված է արձանի ապամոնտաժման հետ։ Սա ևս չունի ոչ մի փաստացի հիմք, այլ հիմնված է բացառապես բանավոր խոսակցության վրա։ Ասում են, որ ապամոնտաժման ժամանակ 17 մետրանոց արձանը պատվանդանից սխալ են ցած իջեցրել, և արդյունքում՝ մեկ ռուս զինվոր է մահացել, սակայն այս փաստի հետ կապված՝ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից տեղեկացրեցին, որ սա ևս իրականություն չէ, քանի որ ապամոնտաժմանը մասնակցած մարդկանցից մեկը, ով հետագայում դարձել է զինվորական, թանգարանի աշխատակիցներին ասել է, որ նման բան տեղի չի ունեցել։
Ապամոնտաժումից հետո 5 տարի պատվանդանը մնաց դատարկ, որից հետո այնտեղ տեղադրվեց «Մայր Հայաստան» հուշարձանը, որն էլ մինչ օրս համարվում է մեր մայրաքաղաքի սիմվոլներից մեկը։
Պետք է նշել, որ պատմության քառուղիներում շատ ժամանակ մենք սեփական արվեստն ու մշակույթը զոհեցինք՝ քաղաքական ատելությունից դրդված։ Ու դա է պատճառը, որ մինչ օրս Պատկերասրահի բակում անտերության է մատնված Մերկուրովի հանճարեղ քանդակը՝ Լենինը, որի կերտման համար տաղանդավոր քանդակագործը ներդրել էր իր ամբողջ հանճարը։ Միգուցե կգա մի ժամանակ, որ նկուղներից, թատրոնների բեմերից դուրս կհանվեն հրաշալի արվեստի գործերը, որոնք կապ ունեին կարմիր ժամանակաշրջանի՝ ԽՍՀՄ-ի հետ։
Զ․ Շուշեցի