Բաժիններ՝

«Ատալանտա»-«Ռոմա». շատ կարևոր խաղ հռոմեացիների համար

Առաջին շրջանում «Ատալանտան» առանց խնդիրների հաղթեց «Ռոմային», բայց հիմա հռոմեացիներին Չեմպիոնների լիգայում խաղալու համար հաղթանակը շատ է անհրաժեշտ։

«Ատալանտա»

«Ատալանտայի» համար այս մրցաշրջանը զարգանում է շատ հաջող. Ժանպիերո Գասպերինիի թիմը խաղադրույք է կատարում առաջին քառյակում մրցաշարն ավարտելու վրա: Չնայած առաջին փուլում առկա որոշ դժվարություններին, այժմ «Ատալանտան»  չորրորդ տեղում է։ Բայց սա անկայուն հորիզոնական է, քանի որ  «Ռոման» ընդամենը  3 միավոր է զիջում մրցակցին։

20-րդ տուրում ՍՊԱԼ-ից կրած սենսացիոն պարտությունից հետո «Ատալանտան» միավորներ բաց թողեց ևս մեկ աութսայդերի հետ խաղում՝  22-րդ տուրում  2:2 հաշվով  ոչ-ոքի խաղալով «Ջենովայի» հետ: Վերջին տուրում Ֆլորենցիա կատարած այցը խոստանում էր շատ դժվար լինել, և այդպես էլ եղավ։ Բայց, այնուամենայնիվ, «Ատալանտան» կարողացավ հաղթանակ տանել։

Տանտերերը կազմի հետ կապված խնդիրներ չունեն։

«Ռոմա»

«Ռոման» նույնպես հավակնում է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց կայունության բացակայությունը դեռ չի թույլ տալիս Պաուլո Ֆոնսեկայի թիմին առաջին քառյակում հստակ դիրք ձեռք բերել: Հռոմեացիները մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ չորրորդ տեղում էին, բայց հեռավորության վրա գտնվող «Ատալանտան» շատ ավելի նպատակասլաց ֆուտբոլ է ցուցադրում և պահում «գայլերին» երեք միավոր հեռավորության վրա:

Վերջերս «Ռոմայի» խաղը լուրջ անկում ունեցավ. ամեն ինչ սկսվեց հռոմեական դերբիից, որտեղ «Լացիոյին» հաջողվեց ոչ-ոքի խաղալ՝ 1:1 և չթողնել հիմնական հակառակորդին իրենից առաջ։: Դրանից հետո Ֆոնսեկայի թիմը, հակառակ բոլոր կանխատեսումների, 2:4 հաշվով պարտվեց աութսայդեր «Սասուոլոյին», իսկ վերջին տուրում տանը 2։3 հաշվով պարտվեց «Բոլոնիային»՝ պորտուգալացի մարզչին մոտեցնելով աշխատանքից հեռացմանը։

Հանդիպմանը չեն մասնակցի Նիկոլո Ձանիոլոն և Դավիդե Զապակոստան։

 Վիճակագրություն

Առաջին տուրում «Ատալանտան» հաղթեց «Ռոմային»  2:0

Վերջին չորս հանդիպումներից ոչ մեկում «Ատալանտան» չի պարտվել «Ռոմային»՝  երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի

«Ատալանտան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է. 23 խաղում՝ 61 գոլ

Վերջին չորս խաղերում «Ռոման»  11 գոլ է բաց թողել

Այս մրցաշրջանում «Ատալանտան» իդեալական չի խաղում, բայց դեռևս կարողանում է պահել 4-րդ հորիզոնականը և մոտենալ իր նպատակին։  «Ռոման» խաղից խաղ ավելի է խորացնում ճգնաժամը, և պետք է հույս ունենա, որ վնասվածքից վերադարձած ֆուտբոլիստները, այդ թվում՝ նաև Մխիթարյանը, ով վերադարձի խաղում գոլ հեղինակեց, կօգնեն կայունացնել խաղը։

«Ռոմայի» պաշտպանությունում իսկական քաոս է, և դա է պատճառը, որ մրցակիցները շատ են գոլ խփում։ Սակայն «Ատալանտան» ևս չի փայլում պաշտպանական գծում, այնպես որ, պետք է սպասել գոլառատ հանդիպում։

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս