«Երբ օրենքն ընտրողաբար է գործում, երբ սահմանադրությունն այլևս չի գործում, երբ բանականությունը կապիտուլյացիայի է ենթարկվում, երբ, երբ, երբ…». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),

– երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),

– երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,

– երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,

– երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,

– երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար պատասխանատվության,

– երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն “ջարդում” են ու մնում անպատիժ,

– երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քարոզիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,

– երբ “հեղափոխությունը” չի վերջանում ու անընդմեջ ցնցումներ են,

– երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,

– երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս է ընթանում,

– երբ օրենքն ընտրողաբար է գործում,

– երբ սահմանադրությունն այլևս չի գործում,

– երբ բանականությունը կապիտուլյացիայի է ենթարկվում,

– երբ, երբ, երբ ….

Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևա՞նք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելո՞ւ, օրինականությունը կգործի՞, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն»:

Տեսանյութեր

Լրահոս