«Շտապիր սիրել» մելոդրամայի աստղը ներկայացրել է Fifteen երգի հոլովակը
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Մենդի Մուրը YouTube-ում հրապարակել է Fifteen երգի հոլովակը։
Կիթառների, թմբուկների եւ ջութակի նվագակցությամբ Ադամ Շենքմանի «Շտապիր սիրել» (2002 թ.) մելոդրամայի աստղը խորհրդածում է իր վաղ երաժշտական կարիերայի մասին, որը նա սկսել է 15 տարեկան հասակում (այստեղից էլ երգի անվանումը):
«Նոր երաժշտությունն ստեղծելիս ես խորը կապվածություն զգացի այդ «երիտասարդ աղջկա» (նկատի ունեմ ինձ) հետ: Դա է պատճառը, որ ես այսօր էլ կարող եմ ստեղծագործել»,-պատմել է դերասանուհին: Fifteen կոմպոզիցիան տեղ է գտել Մենդի Մուրի “Silver landings” ալբոմում: Սկավառակի ռելիզը պլանավորված է այս տարվա մարտի 6-ին:
Երգչուհու այս ժողովածուն վերջին տասը տարվա ընթացքում առաջինը կդառնա 2009 թվականին “Amanda leigh”-ի թողարկվելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: