«Նոր կազմով ՍԴ ունենալը կնշանակի՝ ՍԴ չունենալ». Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  սահմանադրական հանրաքվեին չի մասնակցելու, ոչ էլ այս կամ այն տեսակետի քարոզով է զբաղվելու, սակայն ողջունում է «Ոչ»-ի ճամբարի ձևավորման իրավաբանների նախաձեռնությունը:

«Այս պրոցեսը հանցագործություն է պետության դեմ, մենք կորցնում ենք  պետականություն և դրա համար չեմ ուզում մասնակից լինել: Բայց հասկանում եմ, թե ինչու են ձևավորում «Ոչ»-ի ճամբար:  Մարդիկ կարող են պահի ազդեցության տակ որոշումներ կայացնել, որի հետևանքները շատ ավելի ուշ է զգացնել տալու:  Սա նման է ամեն առավոտ մեկ կիլոգրամ կոնֆետ ուտելուն, մի պահ հաճելի է, բայց հետևանքները կարճ ժամանակ անց զգացնել են տալիս:  Նմանատիպ իրավիճակ է նաև այստեղ և մարդկանց պետք է դա բացատրել: Պետք է փորձել հանրությանը հասցնել, թե ինչով է վտանգավոր այս հանրաքվեն»,- ասաց Հարությունյանը:

«Այո»-ի հնարավոր հաղթանակից հետո բացասական արդյունքները միանգամից նկատելի չեն լինի, վստահեցնում է Դավիթ Հարությունյանը, դա երկարաժամկետ գործընթաց է լինելու:

«Որոշ բացասական բաներ տեղի կունենան, օրինակ՝ մի քանի ամսով կկազմալուծվի ՍԴ-ի աշխատանքը, բայց միշտ չէ, որ հանրությունը գիտի, թե ինչ է անում Սահմանադրական դատարանը, որ իրենց դա մտահոգի: Նոր կազմով ՍԴ ունենալը կնշանակի՝ ՍԴ չունենալ, եթե նրանք միշտ միակարծիք են լինելու գործադիր իշխանության հետ, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ ուղղությամբ է գնում գործընթացը, ապա մենք չենք ունենա ՍԴ, կամ դա կլինի ֆիկտիվ օղակ»,- ասաց Հարությունյանը:

Արդարադատության նախկին նախարարին անհանգստացնում է այն, որ ՈՉ-ի ընդդիմադիր ուժերը չկարողացան հավաքել պատգամավորների 1/5-ին և դիմել ՍԴ կարծիք ստանալու համար՝ այս գործընթացները հակասո՞ւմ են Մայր օրենքին, թե՞ ոչ:

«Փորձում են բերել տարբեր օրինակներ, որ ՍԴ-ն չի կարող անաչառ լինել, բայց դրա պատասխաններն իրավունքը վաղուց տվել է: Մարդը եթե նման փաստարկներ է առաջ քաշում, ուրեմն չի ուզում տեսնել ակներև այն փաստարկները, որոնք արդեն ընդունված են միջազգային կարևորագույն հաստատությունների կողմից»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Նրան տեղեկություններ են հասել, որ համայնքապետերի ու քաղաքապետերի հետ աշխատանք է տարվում, թե ով  ինչ պետք է անի.

«Կարծում եմ, որ ժողովուրդն ի վերջո կսկսի գիտակցել, թե ինչ քայլի է գնում, և այս հանրաքվեի արդյունքը կլինի՝ ոչ, այսինքն՝ ոչ թե «Ոչ»-ը կհաղթի, այլ այս փոփոխությունները տեղի չեն ունենա մեր Սահմանադրության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս