ՄԻԵԴ-ը պետությանը կարող է պարտավորեցնել վերականգնել դատավորին իր աշխատանքին. Գրիգոր Մուրադյան

Սահմանադրական դատարանի դատավորները, անգամ առաջիկա  հանրաքվեում «Այո»-ի հաղթանակից հետո, հնարավորություն ունեն վերադառնալու իրենց պաշտոններին: ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, եթե ՍԴ դատավորներն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմեն ՄԻԵԴ և արձանագրվի իրավունքի խախտում, ապա բացի ֆինանսական փոխհատուցումից, Եվրոպական դատարանը պետությանը կարող է պարտավորեցնել վերականգնել դատավորին իր աշխատանքին:

«Այդպիսի հնարավորություն նույնպես կա: Այնպես չէ, որ բոլոր դեպքերում ՄԻԵԴ-ը կարող է վերականգնելու որոշում կայացնել, բայց հավանականություն կա: Իհարկե, չեմ ուզում ՄԻԵԴ-ի փոխարեն կարծիք հայտնել, բայց հաշվի առնելով խախտումների էությունը, դրանց կոպիտ բնույթը, առանձնակի ցինիզմը, հնարավոր է, որ այդպիսի որոշում կայացվի: Ուստի Հայաստանի իշխանությունները, ովքեր էլ որ լինեն այդ ժամանակ իշխանության, պետք է  ՍԴ դատավորներին վերականգնեն իրենց պաշտոններում: Եթե չլինի այդպիսի պահանջ, ուրեմն կվճարվի փոխհատուցում՝ կորսված եկամտի և, իհարկե, բարոյական վնասի համար»,- ասաց Մուրադյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հարցը հանրաքվեի չհասնի, և ՍԴ դատավորները հրաժարական ներկայացնեն մինչև ապրիլի 5-ը, Գրիգոր Մուրադյանը պատասխանեց, որ բոլորի անունից չի կարող խոսել, քանի որ դա կարող է դիտարկվել՝ որպես ճնշում նրանց կարծիքի վրա:

«ՍԴ նախագահի մասով իսպառ բացառում եմ, որ հրաժարական կտա: Բացառում եմ նաև այն դատավորների հրաժարականը, որոնք հայտարարել  են, որ դա անհնարին է, օրինակ՝  Ալվինա Գյուլումյանը ու Արևիկ  Պետրոսյանը: Մնացածի մասով իրենք պետք է որոշեն, թե ինչ ճանապարհ են ընտրում»,- ասաց ՍԴ նախագահի խորհրդականը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ, Գրիգոր Մուրադյանն ասաց, որ ՍԴ ներսում նման տեղեկություն չկա, բայց.

«Եթե չեմ սխալվում, ԱԺ աշխատակազմը հաստատել է նման հանդիպումների փաստը: Ի՞նչ են իրենք քննարկում՝ ես չգիտեմ, բայց եթե քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է այնտեղ անելու, պետք է իրենց ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է հետո իրենց համար դառնալու»:

ՍԴ-ի առջև ծառացած խնդրի լուծման այլ տարբերակներ էլ կան, պնդում է Գրիգոր Մուրադյանը, սակայն մանրամասնել հրաժարվում է: ՍԴ գործող կազմին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեղադրում են լեգիտիմ չլինելու համար, իսկ ինչպիսի՞ն է լինելու նոր ՍԴ-ն:

«Իրականում մենք գործ ունենք  իշխանության յուրացման հանցակազմի հետ, գուցե զուգորդված սահմանադրական կարգի տապալման փորձով, նոր կազմավորված ՍԴ-ն որևէ լեգիտիմություն չի ունենալու, նրա բոլոր որոշումները չեն լինելու լեգիտիմ, և սա ուղիղ սպառնալիք է մեր պետական անվտանգությանը»,- ասաց  Գրիգոր Մուրադյանը:

ՍԴ նախագահի խորհրդականը նաև հավելեց, որ հանրաքվեի անցկացումից հետո դրա արդյունքներն ԱԺ խմբակցությունները կարող են վիճարկել ՍԴ-ում:

Տեսանյութեր

Լրահոս