«Խնդիր է դրվում բռնապետական ռեժիմ հաստատելու». Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» քննարկման ընթացքում ասաց, որ Սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացում ինքը չորս ենթանպատակ է տեսնում, որոնց մասին ոչ ոք չի խոսում: Թևանյանն առանձնացնում է՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական շերտեր:
«Հոգեբանական առումով Փաշինյանի մոտ խնդիր կա. ինքը հայտարարում էր, որ Հայաստանում չկա դատավոր, որ իրեն կարող է ասել՝ «չէ», պարզվեց, որ կան այդպիսիք, մասնավորապես՝ ՍԴ-ում, և իր ամենակարողության միֆն է պայթում ՍԴ պատերին հանդիպելիս: Իր համար շատ կարևոր է գրոհել և գրավել Սահմանադրական դատարանը, որ ցույց տա, թե ինքը ուժեղ է և կարող է ցանկացած որոշում պարտադրել»,- ասաց Թևանյանը:
Իրավական առումով սահմանադրական հանրաքվեի գործընթացը ևս խնդիրներ է հարուցում, պնդում է «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը: Թևանյանը պնդում է՝ այս հանրաքվեով տապալվում է սահմանադրական կարգը:
«Ակնհայտ է, որ գործ ունենք իրավական խնդրի հետ, որն ամրագրված է ՍԴ երկրորդ հոդվածով: Ես ակնհայտորեն նկատում եմ մեկ կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման փորձ, սահմանադրական կարգի տապալման փորձ: Ճակատագրի հեգնանքն այն է, որ այս իշխանությունն է մեղադրանք ներկայացրել իր օպոնենտներին՝ սահմանադրական կարգի տապալման առումով: Սա ակնհայտ պրոցես է՝ դատարանների շրջափակման առումով, ՍԴ-ի վրա հաձակման առումով»,- ասաց նա:
Անդրանիկ Թևանյանը վստահեցնում է՝ խնդիր է դրվել իշխանություններին լոյալ ՍԴ ստեղծելու:
«Խնդիր է դրվում բռնապետական ռեժիմ հաստատելու և իշխանության տարանջատման սկզբունքը վերացնելու: Գործադիրն ու օրենսդիրը գրավված են, հիմա խնդիր է դրվում դատական համակարգը ենթարկեցնելու, մահմեդական, աֆրիկյան, ասիական երկրներին հարիր քաղաքական համակարգ ձևավորելու»,- պնդում է Թևանյանը:
Չորրորդ՝ տնտեսական ենթանպատակը, ըստ Թևանյանի, այս ոլորտում իշխանության նախաձեռնած օրենքների՝ ՍԴ-ով անաղմուկ անցկացնելն է.
«Ինչպես հայտնի է՝ յուրաքանչյուր անձ, Սահմանադրության համաձայն, կարող է դիմել ՍԴ, եթե սպառված են մնացած բոլոր ատյանները, հնարավորություն կա վիճարկելու այն օրենսդրական ակտը, այն փաստաթուղթը, որի համաձայն՝ խախտվել են քաղաքացու իրավունքները: Եթե մենք ուշադրույթուն ենք դարձնում, թե ինչպիսի օրինագծեր է ներկայացնում գործող իշխանությունը, մենք կտենենք, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել կապիտալի վերաբաշխում, սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնելու և փաստացի նեոբոլշևիկյան քաղաքականություն է իրականացնելու՝ առանց գաղափարախոսության: Խոսքս առանց դատական մեղադրանքի գույքի բռնագանձման, բանկային գաղտնիքի վերացման օրենսդրական նախաձեռնությունների մասին է, ՍԴ-ն կարող է դրան խանգարել: ՍԴ-ն կարող է խանգարել նաև այն միջազգային պարտավորությունների կատարմանը, որոնք կարող են ազդել իշխանությունների վարքի վրա: Դրանք կարող են ստիպել, որ ՍԴ-ն «բուդկայի պես» սեփականաշնորհեն»:
Եզրակափակելով խոսքը՝ Անդրանիկ Թևանյանը հարց ուղղեց այն մարդկանց, որոնք որոշել են մասնակցել հանրաքվեին և «Այո» քվեարկել:
«Հարգելի հպարտ և նորմալ քաղաքացիներ, համաձա՞յն եք, որ ձեր անձնական «ես»-ը և առհասարակ պետությունը դրվի մեկ մարդու քմահաճույքի տակ: Համաձա՞յն եք, որ Հայաստանում հաստատվի բռնատիրական կարգ, պատկերավոր ասած, համաձա՞յն եք, որ չորս ոտքով քայլելն ավելի լավ է, քան՝ երկուսով: Պետք է մերժել այս մոտեցումը և թույլ չտալ մեկ մարդու դիկտատուրա»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: