Բաժիններ՝

Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդը չէ. Նիկոլ Փաշինյանը սխալ է. Fip.am

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: Գրում է Fip.am-ը:

Փաշինյանն այս հայտարարությունն արել է, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խնդրել էր Փաշինյանին մեկնաբանել

փետրվարի 6-ին իր արած այն հայտարարությունը, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ ժողովրդի կամաարտահայտմանը խոչընդոտ հանդիսացող մարդիկ ուժեղ հակահարվածի կարժանանան:

Դրան ի պատասխան՝ վարչապետը ուշադրություն է հրավիրել մի քանի հանգամանքների վրա. «Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ որ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստատեսություն […]: Եվ Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: Էդ ինչի՞ մասին են խոսում: Էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում»,— ասել է վարչապետը:

Վարչապետի պնդումը, սակայն, թե Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ, չի համապատասխանում իրականությանը։

Նախորդ տարի հրապարակվել էին «Լրագրողներ առանց սահմանների» և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները՝ մամուլի ազատության վերաբերյալ։

«Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ»

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը 2019 թվականի ապրիլին հրապարակել էր «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա (2019 World Press Freedom Index) զեկույցը:

180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 61-րդ հորիզոնականը:

«Ազատություն և մեդիա-2019»

Freedom House-ը 2019 թվականի հունիսի 5-ին հրապարակել էր «Ազատություն և մեդիա-2019» զեկույցը:

Այս զեկույցում ցուցանիշների սանդղակ չի կազմվում: Երկրներին տրվում են 0-4 միավորներ՝ տարվա ընթացքում գրանցած արդյունքների հիման վրա: 2019-ին Հայաստանը ստացել էր 2 միավոր:

Զեկույցում հեղինակները նշել էին. «Վերջին երկու տարում ժողովրդավարության ամենաոգևորիչ օրինակները՝ Հայաստանը, Եթովպիան, Մալազիան, Էկվադորը ու Գամբիան, զուգահեռ նվաճումներ են ունեցել նաև մամուլի ազատության հարցում: Նշված 5-ից միայն Հայաստանին չի հաջողվել մամուլի ազատության միավորների հարցում առաջընթաց գրանցել նույն ժամանակահատվածում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում»։

Համացանցի ազատության զեկույց

Հատկանշական է, որ ամեն տարի Freedom House-ը հրապարակում է նաև համացանցի ազատության զեկույց (Freedom on the Net 2019 ):

Ըստ այդ զեկույցի՝ երկրները բաժանվում են երեք խմբի՝ ազատ, մասամբ ազատ, ոչ ազատ համացանց ունեցողներ: Ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները:

Համաձայն 2019 թվականի զեկույցի՝ համացանցն ազատ էր 15 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, որին տրվել էր 76 միավոր:

Նույնքան միավոր էր ստացել նաև Ֆրանսիան: Արդյունքում՝ այդ երկու երկրները 15 երկրների շարքում զբաղեցրել էին 8-րդ հորիզոնականը:

Ենթադրաբար՝ հենց այս զեկույցն է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսել է Ֆրանսիայի հետ: Սակայն խոսքը ոչ թե մամուլի ազատության, այլ համացանցի ազատության մասին է, և այդ հասկացությունները նույնը չեն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսել է Ֆրանսիայի հետ, սխալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս