Սա մեզ համար անակնկալ էր. «Փայտարվեստի թանգարանի» աշխատակիցները՝ Կառավարության որոշման մասին
Այսօր՝ փետրվարի 13-ին, կայացավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում, ըստ e-gov.am կայքում հրապարակված օրակարգի, ընդգրկված էր 35 հարց, զեկուցվեցին 6-ը, իսկ մեկը հանված էր օրակարգից։ Չզեկուցվողներից էր «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու որոշումը:
Այդպիսով, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանալու է «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները նրան են անցնում փոխանցման ակտին համապատասխան: Իսկ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ որոշման մասին տեղեկացել են համացանցից:
«Մեզ ծանուցվել է այն մասին, որ հնարավոր են մշակութային օջախների վերակազմավորումներ: Բայց սա մեզ համար անակնկալ էր: Անորոշ վիճակ է, ոչինչ չգիտենք»,- ասաց թանգարանի ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը:
Նրա փոխանցմամբ՝ թանգարանում կա 12 աշխատող, ովքեր մնալու են առանց աշխատանքի:
««Փայտարվեստի թանգարանը» հիմնադրվել է 1977 թվականին: Ցուցանմուշները ձեռք են բերվել հետազոտական աշխատանքների շնորհիվ: Եթե «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում» կա տնօրեն, հաշվապահ, բնական է՝ մերոնք չեն լինի, բացարձակ ոչինչ պարզ չէ»,- նշեց Մելանյա Միրզոյանը:
Նշենք, որ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են` ժողովրդական ստեղծագործության և ավանդական ժողովրդական արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը և հանրահռչակումը, ժողովրդական ստեղծագործություններին մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը, թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը, թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, գիտահետազոտական աշխատանք, հրատարակչական գործունեություն, հուշանվերների պատրաստում և իրացում իրականացնելը, ժողովրդական վարպետների ստեղծագործությունների առևտրային ցուցահանդեսներ կազմակերպելը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: