Որոշվել է, որ «Օրսիսը» պիտի հաղթի «Բերետտային»՝ հանուն սեփական բիզնեսի
168.am-ի տեղեկություններով, Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ «ORSIS ARMS» ընկերությունում, և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում, զենքերի մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում կարողանում են «ֆռռացնել» բոլորին՝ մինչև անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, Պաշտպանության նախարարին, փոխնախարարին, քանի որ կան մասնագիտական նրբություններ: Սա վերաբերում է նաև «Օրսիսի» ապրանքատեսակներին և շատ այլ մրցույթների:
Մասնավորապես, «Օրսիսը» հերթական խմբաքանակն է ցանկացել մատակարարել ՊՆ-ին, պայմանագիրը պետք է արդեն կնքվեր անցած տարի, իսկ մրցակից թիմը՝ «Ասպար Արմսը», ներկայացրել է մրցույթին իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա»: Երբ որոշել են այս երկու ընկերությունների ապրանքները փորձարկել՝ որոշելու, թե որն է ավելի լավը, արդյունքում «Բերետտային» հաղթել է «Օրսիսը», ինչը լուրջ փորձագետները, անշուշտ, աբսուրդ են համարում: Բայց դա, ըստ մեր աղբյուրների, զարմանալի չէ, քանի որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը, ինչի արդյունքում իրենց ընտանեկան կամ մերձավորների անուններով գրանցված բիզնեսների հետ չառնչվող ընկերությունները դուրս են մնում մրցույթից, թեպետ ավելի բարձր պահանջներ բավարարող ապրանքներ են ներկայացնում:
Հ.Գ. Ավելի ուշ Արթուր Գալստյանն արձագանքելով մեր հրապարակմանը, նշեց, որ իրենց դեմ պատվիրված արշավ է իրականացվում: Ինչ վերաբերում է «Օրսիս Արմս»-ում ունեցած բաժնեմասին, Գալստյանը ասաց. «Դա այլ հարց է, դրա հետ կապված քննության գաղտնիությունից ելնելով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև քննություն է գնում: Կարող է վնասել քննության ընթացքին, դրա համար չեմ ուզում ինչ-որ բան ասել»:
Անդրադառնալով տեղեկությանը, որ անցած տարի «Ասպար Արմսը» մրցույթին ներկայացրել է իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա», բայց փորձարկումների արդյունքում որոշել են նախապատվությունը տալ մյուս մասնակցի՝ «Օրսիսի» արտադրանքին, Արթուր Գալստյանը պնդեց. «Իրականությանը չի համապատասխանում, որ դա հատուկ է արվել: Ինչ-որ բան, որ կատարվում է, փորձարկում և այլն, ակտ է կազմվում: Փորձարկումների վերաբերյալ ես էլ տեղեկություն ունեմ, որովհետև այդ ընկերության խորհրդի անդամներն ինձ ընկերներ են, փորձարկումներին ղեկավարությունից եղել են, իրականում այդ զենքը՝ «Բերետտան» պարտվել է մրցույթում: Եթե մի զենք 2 անգամ ավելի կարճ տարածություն է կրակել, քան նշված է, ինչի՞ մասին է խոսքը: Նույնիսկ արտերկրից դիպուկահար են հրավիրել, էլի չի կարողացել»:
«Օրսիսի» հայաստանյան գրասենյակից ևս մեր հրապարակումից հետո կապ հաստատեցին մեզ հետ՝ նշելով, որ փորձարկումներն անցել են արդար, որ «Բերետտան» չի հաղթահարել, այսպես ասած, կրակային պահանջը, իսկ «Օրսիսի» արտադրանքից հնարավոր է եղել բավարարել կրակային պահանջը՝ տարածության առումով՝ 1500 մետր:
168.am-ի հրապարակմանն ի պատասխան պարզաբանումներ տվեց նաև ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում աշխատող Վիլեն Գալստյանը: Նա նախ հերքեց իր և իր ընտանիքի առնչությունը «Օրսիս Արմսի» հետ:
«Ես և իմ ընտանիքը նյութում նշված ընկերության բաժնետեր չենք: Առհասարակ, ես և իմ ընտանիքի անդամները ոչ մի բիզնեսների հետ առնչություն չունենք»,-վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ անցած տարի «Ասպար Արմսը» մրցույթին ներկայացրել է իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա», բայց փորձարկումների արդյունքում նախապատվությունը տրվել է «Օրսիսի» արտադրանքին, Վիլեն Գալստյանն ասաց, որ հիշում է՝ եղել է ինչ-որ արձանագրություն, որ «Բերետտան» չի հաղթահարել պահանջվելիք կրակային տարածությունը, իսկ փորձարկումների կազմակերպիչն ինքը չի եղել: «Մասնակցել են փորձառու մասնագետներ»,-նշեց նա: Մեր հակադարձմանը, որ փորձարկումների ժամանակ չեն ապահովվել մրցակցային հավասար պայմաններ, որ «Բերետտան» տվել են անփորձ մարդկանց ձեռքը, ՊՆ աշխատակիցը պնդեց. «Նույն մարդիկ են փորձարկել»:
Վիլեն Գալստյանն ակնարկեց, որ ինքն այնքան բարձր դիրք չունի, որ այդ ամենը, ինչի մասին խոսվում է, կազմակերպի: Մեր հարցին՝ ամեն դեպքում, տևական ժամանակ է տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում, իրավապահ մարմիններից կանչե՞լ են Ձեզ հարցաքննության, Գալստյանը պատասխանեց. «Հարցուփորձ անում են այդ ուղղությամբ: Ինձ թվում է, որ նախաքննությունն ամեն ինչ կպարզի»: