ԲՀԿ-ն առաջարկում է ոսկյա զարդերը հարգադրոշմելու իրավունքը տալ պետությանը, որ մասնավորը թվերը չկարողանա կեղծել. իշխանությունը դեմ է նախագծին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է ստեղծել պետական մի ընկերություն, որը կզբաղվի ոսկյա և թանկարժեք իրերի, զարդերի հարգադրոշմամբ, ընկերությանը զինել ժամանակակից տեխնիկայով և այն գումարները, որոնք այդ նպատակի համար ուղղվում են գործող 8 մասնավոր ընկերություններին, ուղղել պետական բյուջե։
Ըստ նախագիծը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ այժմ ոսկյա և թանկարժեք իրերի հարգորոշմամբ զբաղվում է ավելի քան 8 մասնավոր ընկերություն, որոնց կողմից տրված դրոշմները շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ Մելքումյանի՝ 146 մարդ ստացել է հավատարմագիր և զբաղվում է այդ աշխատանքով, սակայն հարգադրոշմների՝ իրականության չհամապատասխանելու խնդիրը շարունկում է մնալ արդիական և այդ դրոշմների իրակական թվերին չհամապատասխանելու մասին անգամ Էկոնոմիկայի նախարարությունը վիճակագրություն չունի, ուստի առաջարկվում է իրականացնել պետականացման գործընթաց՝ թեկուզ ժամանակավոր և այդ գործը տալ պետությանը, ոլորտում կարգ ու կանոն մտցնել, որպեսզի քաղաքացին վստահի թանկարժեք և ոսկյա իրերի վրա դրված դրոշմներին։
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, որի անդամները թեև ընդունում էին, որ իրականում կա խնդիր և շնորհակալ են Միքայել Մելքումյանին՝ խնդիրը բարձրաձայնելու համար, սակայն առաջարկվող կարգավորման հետ համաձայն չեն։
«Ես նույնպես կարծում եմ, որ այս ոլորտում խնդիր կա, ընդունում ենք, որ օրինակ 525 հագադրոշմով զարդերը չեն համապատասխանում իրականությանը շատ հաճախ, բայց մենք խնդրի լուծման համար առաջարկում ենք այլ լուծում և ոչ թե ոլորտը պետականացնել, ինչպես առաջարկում է Մեքումյանը, որովհետև պետականացումը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց Պապոյանը՝ չներկայացնելով, սակայն, թե որն է խնդրի կարգավորման իրենց տարբերակը։
ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը նիստերի օրակարգ չընդգրվեց։
Մանրամասները՝ տեսանյությում։